Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:
NEWS.am-ի արտերկրի աղբյուրներից ստացված այս լուրը հաստատեցին նաև Ռուբեն Վարդանյանի գրասենյակից: «Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում: Առաջադրողները տպավորիչ և միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբեն Վարդանյանի՝ որպես մարդասերի և բարերարի կերպարը և նրա հետևողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի, ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի ընթացքում մարդասիրական, բարեգործական ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատև կայունության ու զարգացման գործիքների ներդրմանը:
Այդ համատեքստում մասնավորապես հիշատակվել է նրա գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ Ռուբեն Վարդանյանը մեծ ջանքեր է ներդրել ՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլև դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելավման հնարավորություններ ստեղծել:
Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակները և գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա հեղինակային խոշոր նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում: Վարդանյանին առաջադրման ներկայացված հարգարժան անձանց նամակում կարևոր է համարվում նաև այն, որ նա հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրոնի, այլև այլոց ժառանգության նկատմամբ. որպես դրա վառ օրինակ նշվում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթը»,- News.am-ին հայտնեցին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից:
Նշենք, որ Հայաստանում Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվել են մի շարք խոշոր նախագծեր: Դրանց թվում է, օրինակ, «Տաթևի վերածնունդ»-ը, որի շրջանակում կառուցվել է աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, վերականգնվել է Տաթևի վանական համալիրը, զարգացման հնարավորություններ են ստեղծվել հարակից համայնքների համար:
Խոշոր նախագծերից է նաև Հայաստանում UWC Դիլիջան քոլեջի հիմնումը, որը United World Colleges՝ «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի՝ աշխարհում գտնվող 18 քոլեջներից մեկն է։ Այն ցանցի առաջին քոլեջն է հետխորհրդային տարածքում:
Գրասենյակից հայտնեցին, որ Ռուբեն Վարդանյանը, իր գործընկերների հետ համատեղ, ընդհանուր առմամբ շուրջ 700 նախագիծ է իրականացրել Հայաստանում, Արցախում և հայկական աշխարհում` ներդրումներ անելով մարդասիրության, կրթության, պատմամշակութային ժառանգության պահպանության, զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Արցախի Հանրապետություն տեղափոխվելու մասին։ Որոշ ժամանակ անց՝ 2022թ. նոյեմբերի 4-ին նա ստանձնեց Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը:
2023թ. փետրվարի 23 -ին Ռուբեն Վարդանյանին ազատեցին պետնախարարի պաշտոնից, բայց նա շարունակեց մնալ Արցախում և իր հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով բարեգործական ու սոցիալական մի շարք ծրագրեր իրականացնել՝ ուղղված ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող բնակչության առողջապահական ու կենսական այլ կարիքների մեղմմանը: Այդ ընթացքում մասնավորապես ձեռք է բերվել էլեկտրամոբիլ՝ դիզվառելիքի և բենզինի իսպառ բացակայության պայմաններում հղի կանանց հիվանդանոց տեղափոխելու համար, բացվել է երկու սոցիալական-բարեգործական ճաշարան:
Նա շրջափակման մեջ գտնվող արցախցիների կողքին գտնվել է մինչև վերջ և, 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններից հետո, արցախցիների հետ միասին ստիպված է եղել լքել Ստեփանակերտը՝ շարժվելով դեպի Հայաստան: 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, Հայաստանի սահմանի մոտ, Հակարի կամրջի անցակետում Վարդանյանն ապօրինաբար կալանավորվել է Ադրբեջանի կողմից և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում:
Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից նրան առաջադրվել են ակնհայտ շինծու մեղադրանքներ: Նոբելյան Խաղաղության մրցանակի ներկայացված մարդասերն ու բարերարը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ահաբեկչության ֆինանսավորում, ապօրինի զինված խմբավորումների ստեղծում և սահմանի ապօրինի հատում: Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: