Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արդեն երկրորդ անգամ վտանգի ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Հայաստանի համար։ Կառույցը կարմիր դրոշի ահազանգ է տարածել (RFA)՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու տարածքային պահանջները ՀՀ-ից, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա վերջին հարձակումները։
Կազմակերպությունը նշում է, որ ավելի վաղ բազմաթիվ RFA-ներ և SOS ահազանգեր են տարածվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության համար: «Այժմ, ինչպես և ակնկալվում էր մեր նախորդ հրապարակումներում, ցեղասպանության վտանգը տարածվել է նաև հանրապետության՝ բուն Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանը, կարծես, վարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն։ Այն այժմ ձգտում է վերահսկողություն հաստատել Տավուշի մարզի լրացուցիչ «ութ գյուղերի վրա, որոնք գտնվում են հայկական օկուպացիայի տակ» և հերքել է Հայաստանի պնդումները՝ որպես զուտ «քաղաքական մանիպուլյացիաներ»: Ադրբեջանի նպատակն է՝ ամբողջապես վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային, որը դիտարկում է Ադրբեջանը որպես ընդլայնվող թյուրքական ազգի մաս: Հավակնելով վերահսկել Հայաստանի ռազմավարական կետերը՝ Ադրբեջանը, կարծես, իր քաղաքականությունը մոդելավորում է Պաղեստինում իսրայելական բնակավայրերի ստեղծման օրինակի վրա: Հայաստանին սպառնացող վտանգը դարձել է հրատապ՝ պահանջելով միջազգային հանրության անհապաղ և համակարգված ուշադրությունը։ Հրատապ գործողությունները հրամայական են՝ թույլ չտալու համար տարածքային օկուպացիայի և ցեղասպանության հերթական դեպքը, որը նման է ընդամենը վեց ամիս առաջ Արցախում տեղի ունեցածին»,- նշվում է հրապարակման մեջ:
Հավելենք, որ վերջին անգամ ինստիտուտը նման SOS ահազանգեր էր տարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության համար:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: