Ջրծաղիկով հիվանդ 8 տարեկան երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։
«Մահվան պատճառը պարզելու համար փորձաքննություն է նշանակված, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել», Forrights.am-ին պատասխանեցին Քննչական կոմիտեից։ Այս հոդվածով պատժատեսակների լայն սպեկտր է նախատեսված՝ տուգանից մինչև ազատազրկում հինգ տարի ժամկետով:
Փաստորեն, հոդվածը փոխվել է։ Դեպքից անմիջապես հետո ՔԿ-ն հայտնել էր, որ հարուցված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով՝ հանկարծամահության վերաբերյալ նախնական տվյալ ստացած լինելու հիմքով։
Հիշեցնենք, մարտի 8-ին շոկային լուր տարածվեց, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկից 8 տարեկան տղա է մահացել։ Նա Արարատից էր։ Եւ սա այն դեպքում, երբ հայտարարվում է, որ ջրծաղիկը կառավարելի հիվանդություն է, երբ երեխան մինչև մահանալը երկու հիվանդանոցներում է եղել։ Նա Արարատի բնակիչ էր։ Արարատից երեխային Երևան են բերել, բայց, չեն կարողացել փրկել։
Դեպքի մասին առաջինն ահազանգել էր «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը, նշելով, որ ըստ առողջապահության միջազգային ցուցանիշի, ջրծաղիկ վարակից մահացությունը արձանագրվում է 60000 դեպքից մեկում:
«Սա գալիս է փաստելու, որ մասնագիտական, կադրային քաղաքականությունը Հայաստանում մեղմ ասած կործանանար է: Դուք խառնել եք առաջնայինը երկրորդայինի հետ, ձեր ներկայացրած ծրագրերը ժամանակավրեպ են և միայն գլխացավանք են առաջացնում հանրության համար”, – նշել էր համակարգում երկար տարիների փորձ ունեցող մասնագետը։
Առողջապահության նախարարությունը նույն օրը երկար պատասխան նետեց մամուլ, արդարանալով, թե երեխայի մոտ բնորոշ ցանը նկատել են մարտի 7–ին, «Արարատ” ԲԿ են դիմել միայն մարտի 10–ին, որտեղ արձանագրել են ջրծաղիկի կասկած ու որտեղ նա տոքսիկ շոկ է ապրել։
«Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը հետագա հետազոտման և բուժման նպատակով։ Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։ 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել, և ժամը 00։20-ին արձանագրվել է կենսաբանական մահ։ Ի պատասխան մամուլի հրապարակումների` հայտնում ենք, որ երեխայի մահվան վերջնական պատճառը հնարավոր է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո»․ – նշված է ԱՆ տեքստում։
Այն բազմաթիվ հարցեր է առաջ բերում։ Ով է տեղափոխել հիվանդ երեխային, շտապօգնությունը, թ՞ե վերակենդանացման բրիգադը, թե հենց այնպես երեխային դրել են մեքենան, բերել են, հնարավո՞ր է, որ 9 տարեկան երեխան միանգամից տոքսիկ շոկ ապրի։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրենը հրաժարվեց Forrigհts.am –ի հարցերին պատասխանել, ասելով, որ քննություն է ընթանում։ Իսկ Ծաղիկ Վարդանյանը արձագանքեց․
«Չգիտեն, ինչ անեն, ասում են՝ պետք է փորձաքննություն արվի։ Մենք Ազգային ինֆեկցիոն կենտրոն ունենք, ի՞նչ են խառնել, բաժանել, գումարել, բազմապատկել, որ որոշել են տանել «Սուրբ Աստվածամայր»։ Շշտապօգնությունը կոորդինացնող հատուկ բարեփոխումներ եք անում, եւ ի՞նչ եղան ձեր բարեփոխումները, ոչ ոք չգիտի», — ասում է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը։
Սյուզան Սիմոնյան