Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արցախի էթնիկ զտման օրերին, երբ հազարավոր բռնի տեղահանվածներ ժամանում էին Հայաստան, տարբեր երկրների կողմից հայտարարություններ էին տարածվում բռնի տեղահանված արցախցիների հումանիտար կարիքները բավարարելու համար Հայաստանին միջազգային աջակցություն տրամադրելու մասին։
Տպավորություն էր ստեղծվում, որ բազմաթիվ երկրներ ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, այլ նաև ֆինանսական միջոցներով են աջակցում Հայաստանին։ Իսկ ինչպիսի՞ն է/էր միջազգային աջակցությունը Արցախից բռնի տեղահանվածներին։ Հայաստանին տրամադրված միջազգային աջակցության իրական թվերը պարզելու ուղղությամբ ուսումնասիրությունները հանգում են հետևյալ թվերին՝ 36,42 միլիոն եվրո և 27,38 միլիոն դոլար։
Սրանք թվեր են, որոնք ստացվել են մեդիա հրապարակումների հիման վրա։ Պետք է արձանագրել, որ այս գումարները ոչ թե տրամադրվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, այլ մեծ մասամբ հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ինչպիսիք են՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Հայկական կարմիր խաչը, ՄԱԿ֊ի տարբեր կառույցներ, «Մարդը կարիքի մեջ», Առաքելություն Հայաստան և այլն։
Հոկտեմբերի 14֊ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ միջազգային գործընկերները 35 միլիոն եվրո են խոստացել ԿԽՄԿ֊ի միջոցով, դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն։ Սակայն հատկացվել է թե ոչ, այդպես էլ պարզ չէ։ Առհասարակ, իմ գնահատմամբ, այս հարցում թափանցիկության լուրջ խնդիր կա։ Սակայն ասելիքս այլ է։
Հրապարակային հայտարարությունների համաձայն՝ տրամադրված միջազգային աջակցության թիվը չի անցնում 67 միլիոն դոլարից։ Հիմա համեմատենք տարածաշրջանում այլ կոնֆլիկտի և տեղահանության ժամանակ միջազգային հանրության արձագանքի հետ։
ԵԽԽՎ֊ի տվյալներով 2008 թվականի Ռուսաստան֊Վրաստան հակամարտության հետևանքով հակամարտության գոտուց 133 հազար մարդ է տեղահանվել և ապաստան գտել Վրաստանում, որից 100 հազարը նույն ամսում նորից վերադարձել են իրենց տները, այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքով տեղահանված են մնացել շուրջ 33 հազար անձինք։ Այդ անձնաց հումանիտար կարիքները հոգալու և վերաբնակեցման համար Եվրոպական միությունը Վրաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն։
Նույն նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վրաստանը ստացել է 1 միլիարդ դոլարի չափ միջազգային աջակցություն։ Այլ երկրների կողմից ևս Վրաստանին տրամադրվել են աջակցություններ։ Կարծում եմ՝ թվերը ինքնին խոսուն են, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանն այս անհամեմատ ավելի մեծ աղետի պայմաններում ստանում է անհամեմատ ավելի փոքր աջակցություն:
Իհարկե, հնարավոր է, որ Վրաստանին նման ծավալի օգնություն է տրամադրվել նաև այն պատճառով, որ Վրաստանի հակամարտությունը Արևմուտքի հավաքական հակառակորդի հետ էր։ Այնուամենայնիվ, ես այն կարծիքին եմ, որ անհամեմատ ավելի փոքր աջակցության պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի կողմից համապատասխան աշխատանք չի տարվում միջազգային պատշաճ օժանդակություն ստանալու ուղղությամբ։ Պարբերաբար լսում ենք, որ Հայաստանը բռնի տեղհանվածների համար անում է այնքան, որքան կարողանում է, և, իհարկե, տրամաբանական է, որ Հայաստանն էլ մեծ ռեսուրսներ չունի։
Այս պարագայում, ինչո՞ւ ակտիվ քայլեր չեն ձեռնարկվում միջազգային աջակցություն գեներացնելու համար։ Հ․Գ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ես անձամբ բարձրաձայնել եմ արցախցիների բնակարանային ապահովման և հումանիտար այլ կարիքների համար միջազգային դոնոր կոնֆերանս կազմակերպելու անհրաժեշտության մասին, սակայն, որքան հասկանում ենք, այդպիսի հստակ օրակարգ Կառավարությունը մինչ օրս չունի։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: