Չնայած երեկ “Ազգային ժողովրդական բեւեռ” կազմակերպութունը տեղեկացրել է, որ կապ չունի ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակման հետ, կազմակերպության աջակիցների բնակարաններում այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացրել։

Հիշեցնենք,  “Ազգային ժողովրդական բեւեռ”  կազմակերպությունը ձևավորվել է «Սասնա ծռեր» կուսակցության գործիչներից, իսկ Նոր Նորքի բաժնի վրա հարձակված 3 անձինք “Սասնա ծռերի” աջակիցներ են։ Նրանցից երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց, երրորդը վնասազերծվել էր հատուկ նշանակության ջոկատի կողմից։  Նա ձերբակալված է։

ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է վարույթ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել մարտի 24-ին, 17․00։ Հարձակվող անձանց մոտ հայտնաբերվել են նռնակներ։ Ոստիկանների շրջանում տուժող չկա։ Տուժել են միայն ահաբեկիչները։

Վիրավորներից մեկը, ով թոքի վիրահատություն է տարել, Արթուր Մովսիսյանն է։ Արթուրի որդին՝ Էրիկ Մովսիսյանը զոհվել է 44֊օրյա պատերազմի ժամանակ։

Երկրորդը “Սասնա ծռեր” կուսակցության անդամ Ստեփան Հովակիմյանն է, որը Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ է, զինվորական, 44-օրյա պատերազմի մասնակից։ Երրորդն է Վարդգես Գևորգյանն է, ԱԺԲ համակիրներից, նույնպես պատերազմի մասնակից։ Նա ևս վիրավորվել է և տեղափոխվել է բժշկական կենտրոն։  Այս պահին ձերբակալված է միայն Ստեփան Հովակիմյանը։ Մյուսները հիվանդանոցում են։

Ահաբեկիչները սովորաբար պահանջ են ունենում։ Ինչ են պահանջել ԱԺԲ աջակիցները, եթե նրանք ահաբեկիչ էին, ապա ինչու են պայթեցրել իրենք իրենց, ոչ թե ոստիկաններին, կամ շենքը, հասկանալի չէ։

ՆԳՆ տարածած հաղորդագրությունն ավելի է խճճում պատկերը։ Ըստ դրա, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ “Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ մասի մուտքի դռան դիմաց՝ իրական վտանգ ստեղծելով ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար։ Պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին պահած, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը”։

Որն է եղել “ահաբեկիչների” պահանջը, ինչո՞ւ են նրանք պայթեցրել իրենց՝ այս մասին ոչինչ չկա։  Ըստ շրջող տեղեկությունների, այս կերպ նրանք բողոքել են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներին բերման ենթարկելու առիթով, ինչը տեղի է ունեցել նույն օրը։

“Մարտական եղբայրություն” միաբանությունն իր ֆեյսբուքյան էջում մարտի 24-ին ահազանգել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի և Մասիս Շիրոյանի  հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։ Նաև հայտնել էին, որ վաղ առավոտյան ձերբակալվել է միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը։

“Մարտական եղբայրության” անդամները նախատեսել էին այցելել սահմանամերձ Ոսկեպար։ Սակայն, մարտի 23-ին կառույցից հայտնել էին, որ «գրասենյակ էին այցելել Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները», հորդորել ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից։

Ըստ այլ աղբյուրի, ԱԺԲ համակիրները նռնակներով գնացել էին ոստիկանության շենքի մոտ, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բայց ինչո՞ւ էին այդ պահանջը հնչեցնում Նոր Նորքի ոստիկանությունում։

Ըստ Արթուր Մովսիսյանի ընկեր, արտերկրում գտնվող Սամվել Ասլիկյանի, մարտի 24-ին, Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի մոտ տղաները ներկայացրել են հետևյալ պահանջները․ «Ոստիկաններ, հետ գնացեք, հեռու կանգնեք, մենք մեզ կտրաքացնենք։ Նիկոլին Փաշինյան, որ հանդիսանում է ՀՀ ղեկավարը, առաջին հերթին պետք է ժամ առաջ հեռացնել, որովհետև դավաճանել է իմ ազգին, իմ ժողովրդին, Հայաստանի անկախությանը և հայ ազգին հասցրել է կատաստրոֆիկ վիճակի… հողերը հերթով հանձնում է, մեր նման տղերքին էլ ձերբակալում են: Մենք պետք է կռվենք, ոչ թե թողնենք, որ թուրքի յաթաղանը ներս մտնի»:

Ստացվում է, սա ոչ թե ահաբեկչություն էր, այլ բողոք, ինքնաոչնչացման փո՞րձ։ Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, անկախ նպատակից, բողոքի արտահայտման նման ձևը դատապարտելի է․ “Ես էլ չունեմ հարցերի պատասխանները, բայց ունեմ հստակ դիրքորոշում, որ  նման վարքը դատապարտելի է և պետք է արժանանա օրինական գնահատականի։ Չի  կարելի զինված գնալ ոստիկանություն, անկախ նրանից, թե ինչ զենք է, զենքով հասարակական վայր, փորձել պայթեցնել ինչ որ  մի բան, թեկուզ սեփական անձին, ինքն իրեն պայթեցնել։ Սա դատապարտելի է”, — ասաց Վարդան Հարությունյանը Forrights.am-ին։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest