Աշխեն Մանասյանը էլ չի հիշում, թե 2020 թվականի նոյեմբերից սկսած քանի գյուղ ու տուն է փոխել՝ պատերազմի պատճառով։ Ադրբեջանի ռազմական գործողությունները խախտել են իր ու ընտանիքի հիմնարար իրավունքերը։ Աշխենն, ամուսինը և երկու անչափահաս երեխաները բնակվել են Մարաղայում։ 44-օրյա պատերազմի ժամանակ տեղափոխվել են Շուշի և այնտեղ ապրել մինչև նոյեմբերի 6-ը, երբ Շուշին օկուպացնելու մնացել էր երկու օր։
«Մտածեցինք, որ Շուշիի վրա չեն խփի։ Մարաղայից եկանք Շուշի, բայց սկսեցին Շուշին էլ գնդակոծել։ Առաջ մշակույթի տանը խփեցին, հետո՝ եկեղեցու, մեր տունը եկեղեցու դիմաց էր»,-ասում է նա։
Մանասյանները տեղափոխվել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու նկուղ, մինչ քաղաքից հարկադրաբար հեռանալը այնտեղ են գիշերել։ Հոկտեմբերի 8-ը ճակատագրական է եղել, երեխաներին այնտեղ թաքցնելուց կարճ ժամանակ անց թշնամին հրթիռակոծել է Ղազանչեցոցը։ «Երեխաներին թողեցի այնտեղ՝ քույրիկիս հետ, ես ամուսնուս հետ գնացի hաց գտնելու։ Մեկ հատ հաց գտանք, հացը վերցրեցինք, դուրս եկանք, տեսանք եկեղեցուն են խփել։ Եկանք տեսանք եկեղեցու գորգերը վառվում են, երեխաները չկան, խորքում թաքնված են»,-հիշում է Աշխեն Մանասյանը։
Չնայած, որ թշնամին պարբերաբար խոցում էր Շուշիի ենթակառուցվածքները, Մանասյանները մինչև նոյեմբերի 6-ն ապրել են քաղաքում։ «Այդ օրը վարչական ղեկավարն եկավ ու ասաց, որ թուրքերը Քարինտակով բարձրանում են Շուշի, դուրս եկեք։ Պատերազմի ամբողջ ընթացքում Շուշիում ենք եղել»։
Շուշիից ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Մեկ շաբաթ ապրել են անծանոթ մի կնոջ «դոմիկում», հետո ժամանակավոր կացարանում։ 2021 թվականի փետրվարին Արցախ վերադառնալու որոշում են կայացրել։ Բնակություն են հաստատել Գիշի գյուղում։ «Բլոկադայի ժամանակ տեղափոխվեցինք Ստեփանակերտ, գյուղ սնունդ չէր գալիս, մեքենա չէր գալիս։ Մտածեցի, որ Ստեփանակերտում երեխաների համար հաց կգտնեմ, բայց քաղաքում էլ հաց չէի կարողանում գտնել։ Հացի փռերում հերթեր էին, իրար էին ծեծում, ամբողջ գիշեր հերթ էի կանգնում, երեխաները սոված էին, դասի չէին գնում»,-դժվարին օրերը հիշում է Աշխենը։
Ստեփանակերտում Աշխենի ընտանիքն ապրել է Կրկժան թաղամասում։ Սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ թշնամին գնդակոծել է հարևանի տունը։ «Վախից գնացինք դպրոցի նկուղ, որ եթե մի բան լինի, ժողովրդի հետ լինեմ, մենակ չլինենք։ Այնտեղից գնացինք Լոտոս հյուրանոց։ Մի քանի օր մնացինք այնտեղ, տնօրենն եկավ ասաց, որ թշնամին մտնում է Ստեփանակերտի տարբեր տարածքներ, զգույշ եղեք»,-պատմում է Աշխեն Մանասյանն ու նկարագրում, թե ինքն ու իր ընտանիքն ինչ դաժան օրեր են անցկացրել, երբ զինված ադրբեջանցիները գալիս էին հյուրանոցի տարածք։
«Իրենք գալիս էին հյուրանոցի մոտ, մենք վախից գնում էինք Իվանյան՝ ռուսների մոտ։ Ռուսները գալիս հանում էին, մենք հետ էինք գալիս։ Մոտիկանում էին ժողովրդին, թողնում գնում էինք, օրվա մեջ երկու-երեք անգամ գալիս էին։ Երեխաները տեսնում էին, վախենում էին, մի քանի մետրի վրա կանգնում էին։ Հենց տեսնում էինք, վախենում էինք։ Միայն այտեղ չէին, նաև հիվանդանոցի տարածքում էլ էին։ Մի օր գնացինք, որ հիվանդանոցում հեռախոսը զայրադկի դնեինք, դուրս եկան դեմներս, հետ վերադարձանք»,-ասում է Աշխեն Մանասյանը։
Ադրբեջանցիներին Ստեփանակերտում զինված տեսնելու հոգեբանական ու ֆիզիկական ճնշումները մի կողմից, երեխաներին օրերով առանց հաց պահելու խնդիրը մյուս կողմից է բարդացրել իրավիճակը։ Աշխենի փոխանցմամբ՝ ռուսական կողմը մեծ դժվարությամբ էր ուտելիք տալիս, երբեմն չէր տալիս։
«Ռուսները ոչ մի բան չէին տալիս, երեք օր մնացինք իրենց մոտ, չորրորդ օրն արդեն անհնար էր, երեխաները սովին չէին դիմանում։ Տղամարդիկ ռուսներին ասացին, որ երեխաները սոված են, ի՞նչ է լինելու վերջը, պատասխանեցին՝ ադրբեջանցիները ձեր համար սնունդ են բերել, գնացեք, վերցրեք։ Գնացինքն, թուրքերը ամեն մեկին մի պարկ հաց էին տալիս, մարդիկ վախենում էին վերցնում, բայց ես վերցրեցի, երեխաները շատ էին սոված, երեք օր սոված էին մնացել, չորրորդ օրը վերցրեցինք։ Երկու ադրբեջանցի էին բաժանում, մեկը զինվորական էր, մյուսը՝ քաղաքացիական հագուստով էր։ Ոչ մի բան չխոսեցինք»,-ասում է Աշխենն ու նշում՝ մի քանի օր անց լքեցին նաև Ստեփանակերտը։
Ընտանիքը Հայաստան տեղափոխվելուց հետո ևս մի քանի կացարան է փոխել։ Հիմա Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղում են ապրում՝ կաթի վերամշակման արտադրամասին կից գտնվող մի կացարանում։ Աշխատանք չեն կարողանում գտնել։
«Սնունդ ստանում ենք, բայց չի հերիքում։ Չեմ ասում, որ պարտավորեն մեզ սնունդ տան, բայց ստացածն էլ չի հերիքում»,-ընտանիքն օգնության կարիք ունի։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։