Մասիսի ոստիկանությունից այսօր զանգահարել են սոցալական ծանր պայմաններում ապրող հղի կնոջը, ներկայացել Վարդանյան եղբայրների բարեգործական գրասենյակից և խաբեությամբ տարել Մասիսի ոստիկանություն։ Այս մասին Forrights.am-ին ահազանգեց Վարդուհի Շահնազարյանը։

«Զանգահարեցին, ներկայացան բարեգործ Վարդանյան եղբայրների գրասենյակից, իմացան մեր տան տեղը, եկան, ասացին` տանում ենք Մասիս, որ օգնություն տանք։ Ամբողջ ընթացքում չասացին, որ ոստիկանությունն է, ինձ ու ամուսնուս տարբեր մեքենաներով տարան։ Հասանք տեղ, պարզվեց, որ մենք հետախուզման մեջ ենք, մեզ մեղադրում են գողության համար,- պատմեց Վարդուհին։

4-րդ երեխային սպասող Վարդուհին այժմ երեք անչափահաս երեխա ունի։ Ամուսինն առողջական խնդիրներ ունի, բնակվում են ժամանակավոր կացարանում, որտեղ չկա լույս, ջուր և գազ։

Ոստիկանությունում պարզվել է, որ Վարդուհու դեմ բողոք է ներկայացրել մի կին` պնդելով, որ երեք տարի առաջ իրենից վարձակալված բնակարանից գողացել է օրորոց, գորգեր և լվացքի մեքենա։ Վարդուհին այս տեղեկությունը հերքում է` նշելով, որ նշված գույքերի մի մասը չի եղել բնակարանում, և հետո էլ տուն չունի, այն ո՞ւր պետք է տաներ։

Վարդուհին հղի վիճակում ժամը 12-ից մինչև ուշ երեկո անցկացրել է ոստիկանության բաժիններում և Քննչական կոմիտեում։ Նրան նախ տարել են Մասիսի բաժին, հետո Մալաթիա Սեբաստիայի բաժին, հետո Մասիսի քննչական, այսպես մի քանի անգամ։ Այս ամբողջ ընթացքում Վարդուհու և ամուսնու հետ եղել են նաև երեք անչափահաս երեխաները։ Վարդուհին փոխանցեց, որ այդ ընթացքում ֆիզիկական և հոգեբանական ցավ է զգացել։

«Քննչականի միջանցքում նստած լացում եմ, փոխանակ հարցնեն ինչ ա եղել,  ասում են քննչականում նոր ծառայություն է բացվել, մանկապարտեզ է։ Շատ լպիրշ էին, հայհոյանքով իրար հետ էին խոսում, ծամոնը բերանները գցած, թզբեխով, երեխաներն էլ էին լսում այդ հայհոյանքները,-ասաց Վարդուհին։

Նա վիրավորական է համարում այն, որ իրեն խաբեությամբ են տարել իրավապահ կառույց և ասել, որ հետախուզման մեջ են։

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն այս առնչությամբ փոխանցեց, որ կուսումնասիրեն ահազանգն ու հանդես կգան պարզաբանմամբ։

Pin It on Pinterest