Նիկոլ Փաշինյանը առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Այս տարի միջոցառումը նախագահում է Կորեայի Հանրապետությունը: «Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով, որոնք ուղղված են ոչ միայն ընդդեմ մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, այլև ժողովրդավարությանը», ասել է Փաշինյանը:

Տրամաբանական շարունակությունը կլիներ Փաշինյանի դիմումը ժողովրդավարական աշխարհին՝ դատապարտել Հայաստանի դեմ պատերազմի հեղինակներին եւ հայտարարել ուժի կիրառման անթույատրելիության մասին։ Այդ սկզբունքը՝ ժողովրդավարական աշխարհի 10 միջազգային հիմնարար սկզբունքներից մեկն է․

Հիշեցնենք, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիմնական աղբյուրներն են ՄԱԿ-ի կանոնադրությունը, 1970 թվականի Միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագիրը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտը։

Միջազգային իրավունքի դոկտրինը սահմանում է տասը համընդհանուր սկզբունքներ.

  • Ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը.
  • Միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը.
  • Պետությունների ներքին իրավասության մեջ գտնվող հարցերին չմիջամտելու սկզբունքը.
  • Պետությունների՝ միմյանց հետ համագործակցելու պարտավորության սկզբունքը.
  • Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը.
  • Պետությունների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը.
  • Միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքը.
  • Պետական ​​սահմանների անձեռնմխելիության սկզբունքը.
  • Պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը.
  • Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման սկզբունքը։

Բայց Փաշինյանը վեր է այդ ամենից եւ ճանաչում է միայն մեկ սկզբունք․ մենք թույլ ենք, եթե չտանք, պատերազմ կլինի։ Ելնելով այդ սկզբունքից, նա նույնիսկ չի հիշատակում համընդհանուր միջազգային սկզբունքները եւ ոչ միայն չի վիճարկում Ալիեւի կողմից ուժի կիրառումը, այլեւ օրինականացնում է նրա հետագա ուժային ակտերը։

«Հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևանների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը», ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ բառացիորեն մի քանի օր առաջ Փաշինյանը Տավուշի շրջանում հայտարարել է, որ 4 գյուղ «ադրբեջանական են», եւ պատերազմ կլինի, եթե այդ գյուղերը չտանք։

Տավուշ գնալու հաջորդ օրը Փաշինյանը Երեւանում ընդունում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգին։ Դատելով պաշտոնական տեղեկությունից, Փաշինյանը նրա հետ հանդիպմանը եւս չի վիճարկել Ադրբեջանի կողմից բռնի ուժի կիրառումը 2020-2023 թ․, ռուսական զորքերի անօրինական ներկայությունը հայաթափված Արցախում։

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի՝ Ուկրայինայի դեմ ագրեսիայից հետո ստանձնել է ուժի չկիրառման երաշխավորի դերը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները օգնում են Ուկրաինային՝ նրա խնդրանքով եւ պահանջով, դիմադրել ռուսական բիրտ ուժին։ Հայաստանը նման խնդրանք եւ պահանջ չի ներկայացնում։

Յենս Ստոլտենբերգը Factor.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ «Պուտինը ցանկանում է աշխարհում այնպիսի կարգ ձևավորել, որտեղ Ռուսաստանը կվերահսկի իր հարևաններին, և մենք տեսել ենք այդ փորձը Վրաստանում, ուր աջակցել են անջատողականներին Աբխազիայում և Հարավային Օսեթիայում։ Տեսել ենք նաև Մոլդովայում այսպիսի փորձ, երբ Ռուսաստանն առանց Քիշնևի համաձայնության իր զորքերը պահում է այդ երկրին պատկանող Մերձդնեստրի տարածքում։ Եվ իհարկե, այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»։

Ստոլթենբերգը չի հիշատակել Հայաստանը, այն դնելով ռուսական էքսպանսիայի դեմ քաղաքակիրթ աշխարհի պայքարի փակագծերից դուրս։

«Այդ պատերազմը 2022 թվականից չի սկսվել, այդ պատերազմը սկսվել է 2014 թվականից, երբ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը և Արևելյան Դոնբասի տարածքներ վերցրել իր հսկողության տակ։ Իսկ հետո Ռուսաստանը թույլ է տվել միջազգային իրավունքի էլ ավելի կոպիտ խախտումներ։ Այսինքն՝ Ռուսաստանը ցանկանում է բիրտ ուժ գործադրել և շարունակում է գործադրել՝ փորձելով մուտք գործել երկրներ՝ նրանց ճանաչված սահմանները ապօրինաբար հատելով, ինչը տեսանք Ուկրաինայում», ասել է Ստոլթենբերգը։

Հայաստանի դեմ բիրտ ուժի կիրառումը նա չհիշատակեց, ավելին՝ Ստոլթենբերգին չհարցրեցին դրա մասին։

«Կասկած չկա, որ Ռուսաստանն օգտագործում է բիրտ ուժը՝ փորձելով հարևաններին վերահսկել։ Սա ողբերգություն է ուկրաինացիների համար, այդ պատճառով էլ նրանց օգնում ենք», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ուժի չկիրառման սկզբունքն առաջին անգամ ամրագրվել է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ «Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից կամ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին չհամապատասխանող որևէ այլ ձևից»: Այնուհետև այն հստակեցվել է ՄԱԿ-ի բանաձևերի տեսքով ընդունված փաստաթղթերում, այդ թվում՝ 1970 թվականի Միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրում։

Զինված ուժի կիրառումը ինքնապաշտպանության համար օրինական է միայն պետության վրա զինված հարձակում լինելու դեպքում։ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը բացահայտորեն բացառում է զինված ուժի կիրառումը մի պետության կողմից մյուսի դեմ, եթե վերջինս ձեռնարկում է տնտեսական կամ քաղաքական միջոցներ։

Եթե ​​ՄԱԿի Անվտանգության խորհուրդը հակամարտությունների կարգավորման համար առաջարկվող ոչ զինված միջոցները համարում է անբավարար, «այն իրավասու է ձեռնարկել այնպիսի գործողություններ օդային, ծովային կամ ցամաքային զորքերով, որոնք կարող են անհրաժեշտ լինել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար:

Նաիրա Հայրումյան

 

Pin It on Pinterest