Փետրվարի 15-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական նիստն էր։ Սպասվում էր, որ դատարանը հարցաքննելու է տուժող Գարուշ Սարգսյանին, բայց նա չներկայացավ։

Հրդեհի ժամանակ մահացած զինվորների ծնողներին բարկացրել է տուժողի չներկայանալը դատարան։ Նրանք գոհ չէին նախաքննության և դատաքննության ընթացքից, համոզված են՝ ամեն ինչ արվում է, դեպքը կոծկելու համար։

Դեպքից 1 տարի անց նրանք դեռ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել Ազատում։ Միակ պաշտոնական վարկածը, որը դեպքի հաջորդ օրը բարձրաձայնել էր վարչապետը՝ անզգուշության հետևանքով բռնկված հրդեհ, չի հաստատվում։

Նա ասել էր հետևյալը․ «Հինգ լիտրանոց տարրայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ: Բնականաբար, այրվել է ոչ միայն վառարանը, այլ նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»: Սակայն զորամասի դասակի հրամանատարը՝ ասել էր, որ տարածքում բենզին չի եղել, իսկ տրակտորիստն ասել էր լրագրողներին, որ զինվորները տաքանում են փայտով։

Փաշինյանի վարկածը նույնությամբ վերարտադրեց նախաքննական մարմինը՝ դեպքը տեղի է ունեցել հակահրդեհային կանոնների խախտման հետևանքով։Հիշեցնենք՝ դատախազության վարկածով հրդեհն է, որը բռնկվել է Ազատ գյուղի տներից մեկում՝ ինժեներասակրավորային վաշտի զորանոցի միջանցքում տեղադրված վառարանից։ Կապիտան Եղիշե Հակոբյանը, ըստ դրա,  վառարանի կրակն ավելի թեժացնելու համար դրսի տարածքից բերել է պլաստմասե 5 լիտրանոց տարայով բենզին ու լցրել է վառարանի մեջ։ Բոցից ինքն այրվել է, մեխանիկորեն ձեռքից նետել է տարան, ինչի հետեւանքով հրդեհը մեծ արագությամբ տարածվել է։ Դատարանում հնչող ցուցմունքները հակասում են նախաքննական ցուցմունքներին։

Ազատի զինվորական կացարանում մահացած ժամկետային զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը, ասում է, որ դեպքի օրվանից մինչ այսօր իրավապահները դեպքը խճճելուց բացի, ոչինչ չեն անում։

“Փաշինյանն առավոտ շուտ հայտարարություն արեց, որ հրդեհ է եղել, գործը գցեց այդ ուղղության վրա՝ որ 15 ուժեղ, խելացի, հզոր տղաները չկարողացան ինչ որ 3, կամ 5 լիտր բենզինից բտնկված կրակի միջից ուրս գային”, — ասում է նա։

Դեպքի օրը Գաբրիել Կիրակոսյանը բազմաթիվ հարցեր ուներ, որոնց պատասխաններն այսօր էլ չկան։ “Դեպքի օրը դասակի հրամանատարն ասաց, որ ինքը ներսում եղել է, բայց  այնտեղ բենզին չի եղել ու կրկնեց երկու անգամ, հետո ասեց՝ սխալ եմ հասկացել։ ԱԻՆ գնդապետը ամբողջ աշխարհով մեկ հայտարարություն արեց, որ տղաները եղել են  պաrկած դիրքում, և 17 օր հետո փոխեց իր ասածը, ասեց՝ սխալ է հասկացել։ էդ բոլորը սխա՞լ են հասկացել։ Մի քիչ շա՞տ չեն  սխալ հասկացողները։ Դատարանում շատ հակասական ցուցմունքներ կան, և ամեն  հակասության մեջ նրանք փորձում են բացատրություն գտնել”, — ասում է Գաբրիել Կիրակոսյանը։

Վերջին նիստերի ընթացքում դատարանում ցուցմունքներ է տվել 5 մեղադրյալներից մեկը՝ կապիտան Եղիշե Հակոբյանը։ Նա է, ըստ պաշտոնական վարկածի, փորձել բենզին լցնել կրակի վրա։ Հարցաքննվել են  զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը, վկա, զինծառայող Լևոն Խառատյանը: Նրանց  ցուցմունքները հակասել են նախաքննական ցուցմունքներին։

Խառատյանը դատարանի բոլոր հարցերին պատասխանել է, որ ոչինչ չի հիշում։ Նա հրդեհի ժամանակ վառվող կացարանից  դուրս եկած զինծառայողներից է։

«Ինչքան նիստի գնացինք, ու բոլոր նիստերին լսեցինք, որ նա չի հիշում։ Այն, ինչը հնարավոր չի մոռանալ, նա չէր չհիշում», — ասում է Գաբրիել Կիրակոսյանը Forrights.am-ին։

Նա դատարանում արտահայտել է իր դժգոհությունը, հարցնելով դատախազին, թե ինչու է վերջինս պատասխանների տարբերակներ առաջարկում հարցաքննվողներին։

«Դատախազը ուղորդող հարցեր էր տալիս։ Ասենք՝ հակասությունները, որոնք մենք էլ էինք նկատել, նախաքննական ցուցմունքների հետ, ու որոնց վերաբերյալ հարցեր պետք է տանք,  դատախազ Արշակ Մարտիրոսյանը, ընթացքում շտկում էր, ուղորդող հարցերի միջոցով։ Նա պետք է մեր շահերը ներկայացնի, որպես հանրային  մեղադրող, բայց իրականում մեզ ի վնաս էր աշխատում։ Ընթացքում տարբերակներ էր հուշում հարցաքննվողներին, որ հասկացվի, թե ինչու է հակասական ցուցմունքներ տալիս։ Տպավորություն է, թե բոլորը վերևից դրված են, որ այս գործը փակեն։ Դատավորը  չգիտի, որ ինքը կարող է այս գործը բացահայտել անկախ նրանից, թե ինչու է առավոր շուտ արթնացել ու հայտարարել Նիկոլ Փաշինյանը” , — բողոքում է Գաբրիել Կիրակոսյանը։

Զոհվածի ծնողը տպավորություն ունի, թե բոլորը, ովքեր դեպքից իրական տեղեկատվություն ունեն, կալանքի տակ չեն, ինչպես վաշտի հրամանատար Գոռը, որը կալանքի տակ չի։ «Ոնց որ իրենց ասած լինեն՝ տղա ջան, դու ինչ պետք է գրի, գնա, մինչև տեսնենք, ինչ է լինում, կփակենք, կգնա էս ամեն ինչը»։

-Դուք ունե՞ք տպավորություն, որ սպան թմրանյութ էր օգտագործել, այս մասին լուրեր են տարածվել հենց առաջին օրից՝ հարցրեցինք ծնողին։

— Հակասություններից մեկն  էլ հենց դա է, որ Եղիշե Հակոբյանի անալիզները սկզբում եկան դրական, մի քանի օրից հերքեցին, թե նորից պետք է արվի։ Իրենց ձեռքն է, կուզեն դրական կգրեն, կուզեն, բացասական կգրեն։ Բայց մենք չհասկացանք, եթե  նա չէր օգտագործել, ինչու սկզբում դրական եկան պատասխանները։

Եթե ամենաուժեղ կրակը եղել է ելքի մոտ, ինչպես նկարագրում է դատախազությունը, և բոլոր զինվորները գիտեն, որ դա միակ ելքն է տանից, ապա այսպես թե այնպես իրենք պետք է ինչ որ կերպ հասնեին դռանը։ Ինչու նրանցից ոչ մեկը դռան մոտ չէր։

— Այս հարցը մենք մի քանի անգամ տվել ենք։ Նախորդ դատի ժամանակ զինվորներից մեկը՝ Գարուշ անունով, այնպես էր ցուցմունք տալիս, կարծես, միայն ինքն է եղել այնտեղ՝ ես գնացի դռան մոտ, հետ եկա, մտա կռավաթի տակ, հետո դուրս եկա, հետո ճաղերը քաշեցի, դուրս եկա։ Բա մնացածը ի՞նչ էին անում։ ՄՆացածը պառկել, սպասում էին, որ մահանա՞ն։ Պատկերացնո՞ւմ եք, այդ նեղ սենյակում ինչ  վիճակ կլիներ։ Նա խուճապ չի տեսել, ասում է, որ ընկավ գետին, ոտքի ձայներ է լսել, բայց ո՞նց կարող է այդպես լինել։ 18-19 տարեկան տղաները այդ պահին, եթե տեսնում են, իրենց կյանքը վտանգված է, ոչ թե ոտքի ձայներ այդտեղ կլսվեին, այլ հոռոցներ, աղմուկ, չգիտեմ ինչեր կլինեին այդտեղ, ոչ թե ոտքի ձայն։ գող էր մտել, գողություն էր անում, դու էլ ոտքի ձայն  ե՞ս լսել։

 -Ինչո՞ւ իրար չեն արթնացրել։ 

Այդ հարցերի պատասխանները ոչ ոք չ գիտի։ Շատ այդպիսի հարցեր կան, անպատասխան։ Երբ հարց ենք տալիս, դատավորն ասում է՝ կոռեկտ արտահայտվեք։ Ի՞նչ կոռեկտ։ Մեր ընտանիքները քանդեցիք, էսօր պետությունը ի վիճակի չի բացահայտել, իսկ մեզանից պահանջում են կոռեկտություն։

Հիշեցնենք, դեպքից հետո դատախազության ներկայացուցչի ունեցած ելույթի հետևյալ հատվածը․ «Սպան գոռացել է, միջոցներ է ձեռնարկել զինվորներին հանելու համար, բայց մուտքն  արգելափակվել է, եւ նրանք դռնից դուրս գալու հնարավորություն այդ պահին չեն ունեցել։ Հետագայում միջամտել են դրսում գտնվող ժամկետային մի քանի զինծառայողներ, որոնք երկու ժամկետային զինծառայողների ճաղավանդակներով պատուհանից մի կերպ կարողացել են հանել։ Այնուհետեւ ծխի եւ մրի պայմաններում գործողություններ ձեռնարկել հնարավոր չի եղել, ահազանգվել է ԱԻՆ, հրշեջ ծառայություն, շտապօգնություն»։

 

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest