Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ: Սա անօրինական, միջազգային կանոններին հակասող գործընթաց է` մեր իրավունքների զանգվածային խախտումների և խաթարված անվտանգության հեռանկարով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նաև հավելել է․
Ադրբեջանն էլ այդքանով կանգ չի առնելու: Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, որը բերելու է համայնքների մեկուսացման, միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ դառնալու են անօգտագործելի ու վտանգված, իսկ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն լրացնելու բացը: Վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը:
Ռազմավարական օբյեկտներ (գազատարներ, ջրային ռեսուրսներ և այլն) հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո: Լինելու են նոր տեղահանվածներ, մարդիկ զրկվելու են ազատ ու անվտանգ տեղաշարժվելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից, անօգտագործելի են դառնալու արոտավայրեր, խոտհարքներ ու վարելահողեր, այգիներ, խաթարված է լինելու մարդկանց արժանապատվությունն ուհոգեկան անդորրը:
Այսինքն` տեղի է ունենալու այն, ինչ առկա է Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում` անվտանգության ընդգծված ռազմավարական խնդիրներով: Էլ չեմ խոսում համայնքների հարևանությամբ պարբերական դարձած ադրբեջանական կրանոցների ու ականների պայթյունների մասին: 2020թ. նոյեմբերից սկսած` բոլոր հնարավոր եղանակներով անընդհատ ասել եմ, որ անվտանգությունը չի կարելի առանձնացնել մարդուց, որ մարդու իրավունքները պետք է դրվեն Հայաստանի դիվանագիտության, բոլոր միջազգային հարթակներում քննարկումների հիմքում:
Սա կօգներ ամրապնդել Հայաստանի միջազգային պաշտպանությունը, այդ թվում` պետական սահմանները պաշտպանելով: Ներկայում տեղի ունեցողն արդյունք է կոպիտ սխալներով քաղաքականության, որը միայն ուժեղացրել է ու շարունակում է ուժեղացնել Ադրբեջանին և թուլացրել Հայաստանի դիրքերը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: