Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ․ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ արդյո՞ք միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, հայտնել է., որ «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։ Եվ դա տրամաբանական է, որովհետև երկու կողմերը ստորագրում են պայմանագիր՝ ի՞նչի՞ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության համար դա մի գործոն է, որը կարևոր է նաև մեր ասելիքը և օրակարգը առաջ մղելու համար»։ Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին օրերս նշել էր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները խիստ մտահոգիչ են, որևէ պայմաններում անընդունելի, և ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։
Նման պահանջ բխում է հետևյալ հիմնավորումներից՝
- Դատական հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող քաղաքական փաստաթղթերով,
- Դատական ատյանների կողմից կայացված որոշումները, ի տարբերություն քաղաքական փաստաթղթերի, ունեն գործադրման մեխանիզմ, ինչը իրական հնարավորություն է տալու հասնել խախտված իրավունքների վերականգնման,
- Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է բացառապես Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ է տալու խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար,
- Խաղաղությունը չի կարող լինել կայուն ու երկարատև, եթե չի նախատեսվում արդարությունը վերականգնելու որևէ փորձ, որի նպատակն է ոչ միայն վերականգնել խախտված իրավունքը, այլ նաև կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները,
- ՄԻԵԴ-ում մինչպետական գանգատներից հրաժարվելը զոհերին զրկելու է արդյունավետ պաշտպանության միջոցից, քանի որ բաց են թողնվել անհատական բողոք ներկայացնելու ժամկետները, քանի որ զոհերը չեն իրացրել իրենց այդ իրավունքը միջպետական գանգատի միջոցով պաշտպանված լինելու ակնկալիքով,
- Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է հստակ պարտավորություն՝ իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։
Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ ՄԻԵԴ-ում վերաբերում են բացառապես հարյուր հազարավոր անձանց մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց բոլորի մեջ կարմիր թելով անցնում է ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հովանավորվող քաղաքականություն։ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, և հայերի դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները քաջալերվում են պետության ամենաբարձր մակարդակով՝ երաշխավորելով հանցագործների անպատժելիությունը։ Ադրբեջանում հայատյաց քաղաքականության հիմնավորումները և ապացույցները բազմաթիվ են՝ հաստատված ինչպես ՄԻԵԴ վճիռներով, այնպես կամ Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների մարմինների և մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների կողմից։
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել։ Այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների և սեփականության ոչնչացումը՝ Ադրբեջանում հայկական հետքի վերացման միտումով։ Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը լրացվել է «Արևմտյան Ադրբեջանի» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ և առաջմղմամբ, ինչն ուղիղ և անթաքույց սպառնալիք է Հայաստանի Հանրապետութան տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։
Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված դատական գանգատները որևէ կերպ չեն կարող որակվել որպես տարածքային պահանջներ որևէ երկրի նկատմամբ։ Դրանք բացառապես մարդու իրավունքների պաշտպանությանն են ուղղված, իսկ դրանց ներկայացումը ներկայիս համատեքստում ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն։ Մարդու իրավունքների զանգվածային և համակարգային խախտումները չեն կարող համարվել պետության ներքին գործը, և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով իրավական մեխանիզմների կիրառումը որևէ կերպ չի կարող որակվել որպես պետության տարածքային ամբողջության նկատմամբ ոտնձգություն կամ ներքին գործերին միջամտություն։
Պետություններն ունեն պաշտպանության պարտավորություն, և Հայաստանի Հանրապետությունը ունի առաջնային պարտավորություն պաշտպանելու իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային և համակարգային խախտումներից։ Ներկայացված բոլոր գանգատները Հայաստանի այս պարտավորության կատարումն են և դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով ոչ միայն ակնհայտ հետընթաց է, այլև հրաժարում իր ստանձնած հանձնառություններից և պարտավորություններից։ Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների անպատժելիության, ինչը նաև իր միջազգային պարտավորությունների ուղղակի խախտում է հանդիսանում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ սահմանված պարտավորությունների խախտում և դրանց կատարումից հրաժարում։
Ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների և բռնի անհետացման, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքնության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և այլ հիմնարար իրավունքների խախտումների, որոնցից հրաժարվելու պայմաններում անձինք, ում իրավունքների պաշպտանության համար այդ հայցերը ներկայացվել են, զրկվելու են իրավունքների պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից հենց Հայաստանի Հանրապետության պատճառով, քանի որ այս դատական ատյանները միակ արդյունավետ միջոցն են Ադրբեջանի դեմ։ ՄԻԵԴ մի շարք վճիռներով արդեն իսկ արձանագրել է, որ հայ ազգի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը չունի իր խախտված իրավունքների պաշտպանության որևէ միջոցի հասանելիություն Ադրբեջանում։
Որևէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանը որևէ գործողություն չի կատարել և չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մարդու իրավունքների խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, հավաստելու և երաշխավորելու ապագայում նման խախտումներն ու հանցագործությունները բացառելու ուղղությամբ։ Ավելին, խաղաղության պայմանագրի գործընթացում հրապարակայնորեն քննարկվող սկզբունքներում ևս ակնարկ չկա որևէ մեխանիզմի կամ երաշխիքի, որ Ադրբեջանը ստանձնում է պատասխանատվություն այդ խախտումների համար և քաղաքականությունը փոխելու հանձնառություն, ինչը կարևորվել էր նաև ՀՀ կատարած այցից հետո Ճշմարտության, արդարության հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողը։
Ավելին, դա ուղերձ է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, որ ապագայում ցանկացած իրավունքների խախտման դեպքում չակնկալել Հայաստանի Հանրապետության կողմից պաշտպանությունը և քայլերի ձեռնարկումը Ադրբեջանի դեմ՝ դրանով տալով նաև հստակ ուղերձ Ադրբեջանին։ Միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների համար տոտալ անպատժելիության և նոր խախտումների և հանցագործությունների։
Միջպետական գանգատներից հրաժարումը խաթարելու է իրավապաշտպան գործունեությունը միջազգային ատյաններում, քանի որ Կառավարության այս գործելակերպն ընկալվելու է որպես իրավունքից կամ պահանջից հրաժարում՝ խթանելով ադրբեջանական նարատիվների հաստատումը։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են․
- Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում,
- շարունակել անհրաժեշտ ռեսուրսոներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Խաղաղության երկխոսություն
Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Արցախի Թեքեյան մշակութային միություն ՀԿ
“Ստեփանակերտ” մեդիա-ակումբ
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հասարակական խորհուրդ
Կաճառ գիտական կենտրոն ՀԿ
Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
“Աջակցություն արցախահայությանը” ՀԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: