Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանն՝ ինչպես յուրաքանչյուր եվրոպական երկիր, իրավունք ունի դիմել Եվրամիությանն անդամակցելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են որոշել, թե ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանն, ապա յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին միանալու համար», — նշել է Ստանոն՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար:
Նա հիշեցրել է, որ այն դեպքում, երբ այս կամ այն երկիրը Եվրոպական միությանն անդամակցելու համար հայտ է ներկայացնում, դա դիտարկվում է կազմակերպության անդամ երկրների կողմից, ինչից հետո վերջիններս համապատասխան որոշում են կայացնում՝ հիմնվելով «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների վրա»։
Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ—ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը մարտի 13— ն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: