Ազատությունը գրում է․
Կառավարությունը շարունակում է արտաքին և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ գործադիրի ղեկավարի՝ Երևանի համար շարունակում է առաջնային մնալ խաղաղության օրակարգը և երեք սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանների սահմանազատում և սահմանագծում իրականացնելու քաղաքականությունը։
Փաշինյանը կրկին շեշտեց երեք սկզբունքները՝ «Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման քաղաքական հիմք է և նոր սահման ստեղծելու օրակարգ չկա, տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»։
Հայաստանի վարչապետն այսօր հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
Ավելի վաղ՝ անցած շաբաթ օրը, Բաքուն պահանջել էր անհապաղ ազատել և Ադրբեջանին վերադարձնել դրանք։ «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել», — հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
Անդրադառնալով այս հարցին Փաշինյանը հայտարարեց․ — «Առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք, և էնտեղ, որտեղ, օրինակ, մեր կոմունիկացիաները մեր սահմաններից դուրս են, էդ հատվածներում մեր կոմունիկացիաները վերակառուցենք, որպեսզի Հայաստանի բոլոր կոմունիկացիաները անցնեն Հայաստանի դե յուրե տարածքով»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: