Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ:
Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության և Եվրոպայի Խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր ղեկավարած հաստատության և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին, կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը:
Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր, ընգծվել է այդ ոլորտում իրականացվող ծրագրի կարևորությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: