Արցախցիների բնակարանային կարիքների ապահովման նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ կառավարությանը, մեկնարկում է ստորագրահավաք։
ՀՀ կառավարությունը ներկայացրեց բռնի տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրի նախնական տարբերակը։ Վերջին օրերին այն հանրության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Այս ընթացքում արցախյան 32 կազմակերպություն համախմբվել է և ձևավորել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը։ Այն առաջին հերթին միտված է զբաղվել Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով։
«Ստորագրահավաք ենք մեկնարկում, հղումը կուղարկենք նաև ԶԼՄ–ներին։ Մենք կոչ ենք անում բոլոր աջակիցներին, անկախ նրանից` արցախցի են, թե ոչ, ստորագրել այս փաստաթուղթը»,– նշել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ–ի նախագահ Արտակ Բեգլարյանը։
«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը, ներկայացնելով բաց նամակը, ասել է, որ իրենք ուսումնասիրել են ողջ ծրագիրը ու հանդես են գալիս որոշ առաջարկներով․
«Առաջարկում ենք ծրագիրն իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով, ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի`ակտիվ ներգրավելով միջազգային և սփյուռքի ֆինանսական ռեսուրսներ։ Առաջարկում ենք նաև բնակելի և անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն ՀՀ դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։ Նշված գումարը հատկացնել բոլորին` անվերադարձելիության սկզբունքով` հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը»։
Բաց նամակում նաև ասվում է, որ պետք է հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է Հայաստանի օրենսդրությանն ու միջազգային իրավունքի սկզբունքներին, առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40 000 + 10 000 դրամի ծրագիրը` մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: