Ազատությունը գրում է․
Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։
Չորս դիրքապահի կյանք խլած Ներքին Հանդի դեպքերից հետո թեման բարձրացրած վարչապետ Փաշինյանը չէր հստակեցրել՝ արդյոք 4 գյուղերի վերադարձ պահանջող Ադրբեջանը հրաժարվում է հետ քաշվել 31 հայկական գյուղերից։ «Ազատություն»-ը հարցը փոխվարչապետի գրասենյակին էր ուղղել, նաև փորձել ճշտել՝ որոնք են այդ 4 գյուղերը։
«Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ», — հաղորդում են փոխվարչապետի գրասենյակից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: