ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքը փոխելու վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Ղուկեյանի որոշումը գոհացրել է պաշտպանական կողմին։ «Մեր գնահատմամբ, դատավորը հրապարակային դատավարության շրջանակներում, ճիշտ գնահատեց ներկայացված փաստարկներն ու փաստերը․ Տիրան Խաչատրյանին ակնհայտորեն կալանքի տակ պահելու հիմք չկար», -Forrights.am-իհետ զրույցում ասաց Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ 53-ամյա Տիրան Խաչատրյանը կալանավորվել էր հունվարին։ Նրա նկատմամբ դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ այս հունվարի 11-ին՝ Տիրան Խաչատրյանը իր ընկերների և ծանոթների՝ ընդհանուր 8 անձանց հետ  Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող հացատներից մեկում ընթրիքի ժամանակ վիճաբանության մասնակից է եղել։

Դատախազի հաստատած մեղադրական եզրակացության մեջ կարդում ենք․ «Վիճաբանության ընթացքում, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր եւ արատավոր մտածելակերպի դրսեւորմամբ, հացատան բակում շուրջ 10 րոպե տեւած վիճաբանության ընթացքում նրանք հայհոյանքներ եւ  անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին»։ Ներկաների միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, և Տիրան Խաչատրյանը հեռացել է տարածքից։ Սակայն, ըստ նույն մեղադրանքի,  նա որոշ ժամանակ անց պարզաբանումներ պահանջելու նպատակով վերադարձել է նույն տարածք իր հետ վերցնելով իր անվամբ պարգևատրված՝ փամփուշտներով լիցքավորված CZ 75 SP 01 Tactical տեսակի ատրճանակը։

«Հացատան բակում, նա շուրջ 10 րոպե ծեծկռտուքի մեջ է մտել նույն անձի և նրան միացած ևս 2 անձի հետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վիճաբանության ընթացքում Տիրան Խաչատրյանը գործադրել է իր կրած ատրճանակը՝ մեկ անգամ օդ է կրակել։ Իսկ երբ ներկաները ցանկացել են խափանել նրա գործողությունները եւ ձեռքից վերցնել ատրճանակը, կատարել է եւս մեկ կրակոց, ինչի հետեւանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը՝ ում առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս», -նշվում է մեղադրանքում։

Այս մեղադրանքը, սակայն, Տիրան Խաչատրյանը չի ընդունում։ «Դեռևս դատաքննություն է ընթանալու, մանրամասներ չեմ կարող ներկայացնել, ես ցուցմունքներում էլ ասել եմ, որ տեղի ունեցածում ինձ մեղավոր չեմ ճանաչում և բնությամբ, և բնավորությամբ, և իմ էությամբ էնպիսին չեմ, որ ինձ այդպիսի արարք թույլ տամ»,-այսօր ազատվելուց հետո հայտարարել է Խաչատրյանը։ Դիտարկմանը,թ ե այդուհանդերձ, մարդ է վիրավորվել այդ դեպքի օրը Խաչատրյանն արձագանքել է․ «Այն, ինչ հետագայում լինի, եթե հետևեք ընթացքին, ձեզ համար էլ պարզ կլինի, թե կրակոցն ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, ինչպես է մարդը վիրավորում ստացել։ Բայց այն, որ որևէ մեկին վնասելու, առավել ևս վիրավորելու փորձ չեմ արել, ձգտում չեմ ունեցել, դա միանշանակ կարող եք ընդունել: Ես հնարավորություն ունեցել եմ շատ ավելի վատ բաներ անելու»:

Ավելին, և Խաչատրյանը, և նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը համարում են, որ նախկին բարձրաստիճան սպային կալանավորելու հիմքում քաղաքական ենթատեքստ կա։

Փաստաբանը նույնիսկ այս գնահատականը հիմնավորելու համար մեզ հետ զրույցում ապացույց ներկայացրեց․ «Մենք ներկայացրել ենք համանման փաստական հանգամանքներով մի որոշում, երբ մի քանի հոգի մեքենայի կայանման համար վիճել են, հարևանների անդորրը խանգարել են, սեռական հայհոյանքներ հնչեցրել, և մասնակիցներից մեկը ստիպված հանել, երկու անգամ ատրճանակով օդ է կրակել իր ինքնապաշտպանության համար։ Դատախազությունը Տիրան Խաչատրյանի գործով մեր նույն հիմնավորումներով, Վճռաբեկի նախադեպային որոշումներով այդ քրեական գործով քրեական հետապնդումը դադարեցրել է։ Մենք էլ ասում ենք՝ եթե հնարավոր էր այս դեպքում ևս քրեական հետապնդում դադարեցնել, ինչո՞ւ չեք անում։ Եզրակացությունը մեկն է՝ քրեական հետապնդումը չի դադարեցվում քաղաքական նկատառումներից ելնելով»։

Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործն այժմ քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը վճռական է․

«Մենք գնում ենք արդարացման, այսինքն՝ մենք պայքարում ենք, որպեսզի վերանա այս մեղադրանքը, որովհետև այն անհիմն է։ Հրապարակային դատաքննության ժամանակ դուք կտեսնեք՝ իրենց մեղադրանքից ինչ է մնում։ Վստահ եմ՝ զղջալու են, որ նախաքննության փուլում չեն դադարեցրել քրեական հետապնդումը ու ստիպված են լինելու հրապարակային պատասխանել մեր հարցերին»։

 

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest