«Գերիների հետ կապված էլի լուծումներ կան, եւ ադրբեջանական կողմը, եթե նկատեցիք, մի 10 օր առաջ առաջարկով էր դիմել, որ իրենք էլ մեծ քանակով անհետ կորածներ ունեն՝ 3890 մարդու մասին են խոսում։ Եվ առաջարկել էին, որպեսզի Արցախյան առաջին պատերազմին մասնակցած հրամանատարական կազմը մասնակցի, եւ գտնենք տարբերակ նրանց հուղարկավորության տեղերի մասին, տանք ադրբեջանական կողմին։ Բնականաբար, այդ տարածքները, որտեղ մարտական գործողություններ են եղել, գտնվում են իրենց տնօրինման տակ, բայց իրենք ուզում են նաեւ, որպեսզի աջակցություն ստանան Արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից։ Բայց դա էլ հենց հնարավորություն է տալիս, որ պետք է ավելի լայն նայել գերիների եւ անհետ կորածների հարցին։ Մենք էլ ունենք գերիներ, անհետ կորածներ, հիմա էլ գերիներ կան, ես կարծում եմ՝ պետք է խոսենք այդ խնդրի մասին։ Հետոն պետք է ծառայի նմանատիպ խնդիրների լուծման համար»։ Այդ մասին օրերս հայտարարել է ԱԺ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական ​​հանձնաժողովը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում հայ դաշտային հրամանատարներին և այլ լիազորված անձանց ներգրավել 90-ականներին անհետացած ադրբեջանցիների թաղման վայրերի որոնողական աշխատանքներին»։ Իսկ Հայաստանի ԱԱԾ-ն էլ իր հերթին հայտարարել էր Երևանի պատրաստակամության մասին՝ համագործակցել Բաքվի հետ՝ անհայտ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու հարցում։

Փետրվարի սկզբին հայկական կողմը Բաքվին էր հանձնել ականապատ դաշտերի 8 ֆորմուլյար։ Դրանք վերաբերում էին Արցախի օկուպացված տարածքներին եւ հիմնականում բաղկացած էին Քարվաճառի Մռավի լեռնաշղթան շրջապատող տարածքներով: «Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է Լեռնային Ղարաբաղի նախկին զինծառայողների հետ հարցումների աշխատանքները, ինչի արդյունքում հայտնաբերվել է 8 նոր ձևաչափ»,- հայտնել էին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Փաստորեն, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ կապ է պահպանում Ղարաբաղի նախկին զինվորականների հետ, ովքեր տեղեկություններ ունեն։ Այժմ Բաքուն որպես «վստահության ժեստ» առաջարկում է «ներգրավել նրանց գերեզմանների որոնման մեջ»։ Այսինքն՝ Բաքուն պահանջում է այդ զինվորականներին հանձնել իրենց։

Արցախցի զինվորականների եւ նրանց պատասխանատվության հարցը՝ «խաղաղության պայմանագրի» մաս է, եւ այն ինչ-որ ձեւով պետք է «լուծվի»։ Անդրանիկ Քոչարյանի խոսքերից կարելի է հետեւություն անել, որ ՀՀ իշխանությունները դեմ չեն այն լուծել՝ Բաքվին օգնության ուղարկելով «ամենատեղյակ» արցախցի զինվորականներին, որպեսզի կարողանանք վերադարձնել «մեր գերիներին»։

Նույն տրամաբանությամբ հայտարարություն է արել նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա ասել է, որ եթե Ադրբեջանը հետ կանչի Հայաստանի դեմ հայցերը Միջազգային դատարանում, Հայաստանը կարող է նույնն անել։ Այսինքն՝ ՀՀ-ն կարող է հրաժարվել Արցախում հայերի հանդեպ ագրեսիայի, վանդալիզմի, ռազմական հանցագործությունների, բռնի տեղահանման հետ կապված մեղադրանքներից եւ պահանջներից։ Միայն թե Բաքուն Հայաստանից «հատուցում» չպահանջի։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությունը «վտանգավոր ու անտրամաբանական» էր որակել: Նա մասնավորապես, նշել էր. «Առանց մանրամասն ներկայացնելու, թե որքան անհիմն են ադրբեջանական հայցերը Հայաստանի հանդեպ՝ միայն ասեմ, որ մեր հավաքական ու անհատական իրավունքներից հրաժարվելու հերթական հանձնվողական գործողությունը բերելու է նորանոր ողբերգություններ: Ոչ մի իրեն հարգող ժողովուրդ ու պետություն չի կարող հրաժարվել իր բնական իրավունքներից ու ճշմարտությունից, ընդ որում՝ հանուն ոչնչի և հանուն մի ցեղասպան բռնապետի բավարարման»:

Հանուն անհասկանալի նպատակների Արցախի հարցը ամեն գնով ջնջելու իշխող ուժի ձգտումն անցնում է բոլոր բանական եւ բարոյական սահմանները։

Նաիրա Հայրումյան

 

Pin It on Pinterest