Սովորելու ու նաև աշխատելու նպատակով 2022-ին Հայաստան եկած բանգլադեշցի Էմդի Անիմուլ Հոքը (MD Animul Hoq) չէր կարող պատկերացնել, որ գրեթե մեկ տարի հետո՝ 2023-ի սեպտեմբերին կհայտնվի անազատության մեջ։ Այժմ նրա մտքերն ու ծրագրերը միայն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից դուրս գալու մասին են։
«Արմավիր»-ում ազատազրկման մեջ գտնվող 22-ամյա Էմդին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունից է։ Մասնագիտությամբ ծրագրավորող է։ Երեք տարի այնտեղ սովորելուց հետո որոշել է գալ կրթությունը շարունակել Հայաստանում ու նաև աշխատել որպես ծրագրավորող։ Հայաստան այցը կազմակերպվել է ուսանողական վիզայի շրջանակներում և այստեղ բնակվելու համար ունեցել է կացության իրավունք։ Կարճ ժամանակ անց ԱՄԷ-ից աշխատանքի առաջարկ է ստանում, մեկնում Դուբայ, տեղավորվում աշխատանքի, բայց քանի որ կրթությունը կիսատ էր մնացել, վերադառնում է Հայաստան՝ հեռավար աշխատելու պայմանով և միաժամանակ ունենալով Դուբայում կացության 2-ամյա իրավունք։ Շուտով առաջարկ է լինում մասնակցել Թուրքիայում մասնագիտական սեմինարի, մի քանի դեսպանատաների միջոցով փորձում է հնարավորություն ունենալ մասնակցել դրան, սակայն ստանում է մերժում։ «Շատ դեպրեսիվ վիճակում էի, ինձ համար կարևոր էր այդ միջոցառմանը մասնակցելը, քանի որ ներկայացնելու էի Բանգլադեշը, սակայն ստանում էի մերժումներ», —Forrights.am-ի հետ զրույցում ասում է Էմդին։
Դեպրեսիվ վիճակից դուրս գալու այլ ելք չգտնելով, փորձում է առանց թույլտվության անցնել հայ-թուրքական սահմանը և Արարատի մարզի հատվածում հայտնաբերվում է Հայաստանի սահմանապահների կողմից։ Դեպքը տեղի է ունենում 2023-ի հոկտեմբերի 4-ին, և նա տեղափոխվում է Երևան ԱԱԾ մեկուսարան։ Էմդին մեղադրվում է մի խումբ անձանց կողմից Հայաստանի սահմանը անօրինական հատելու փորձ կատարելու համար։ Նա ընդունում է մեղքը, իրեն համարում մեղավոր ու դատարանի վճռով դատապարտվում է 3,6 տարվա ազատազրկման։
Էմդիի ծնողները մահացել են, և Բանգլադեշում Էմդիին կինն է սպասում։ Հենց նա էլ կապվել է մեր կազմակերպության՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» (www.forrights.am) հետ ու խնդրել բարձրացնել ամուսնուն էքստրադիցիայի ենթարկելու մասին հարցը։ Նա ասում է՝ հայաստանյան իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների են դիմել, սակայն անարդյունք։ Նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներման խնդրագիր են ուղարկել, բայց դարձյալ՝ անպատասխան։
Էմդին ասում է՝ չի դժգոհում բանտային պայմաններից, ունի լավ վարք ու աշխատում է բարձր պահել բանտային հեղինակությունը՝ արտոնություններ ստանալու և գուցե նաև պայմանական վաղակետ ազատ արձակվելու հույսով։
Իրեն կալանավորելու պահին ու դրանից հետո բանգլադեշցի երիտասարդը հանդիպել է լեզվական խնդիրների։ Իր խոսքով, սահմանը հատելիս բռնվելու պահին հայերեն գրությամբ ինչ-որ թուղթ են տվել, հասկացրել են՝ ստորագրիր, կազատվես, սակայն չի պատկերացրել, որ իր ստորագրությամբ գնում է մեկուսարան։ Ավելին, դատավարության ժամանակ, Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Պետրոսյանն է ասել՝ դատավարությունից հետո երբ վճիռը մտնի օրինական ուժի մեջ, կկարողանա վերադառնալ իր երկիր։ Սակայն Էմդին ամիսներ է սպասում, որևէ մեկը հստակ չի պատասխանում՝ ի վերջո կկարողանա՞ վերադառնալ Բանգլադեշ։
«Երբ ես ուզում էի սահմանը անցնել, չէի պատկերացնում, որ նման մեծ խնդրի առաջ կկանգնեմ, չգիտեի, որ նման պատիժ կարող է լինել։ Բայց ինչևէ, ես չեմ ասում՝ մեղավոր չեմ, սա Հայաստանի օրենքն է, պետք է հարգել այդ օրենքը, բայց չէ՞ որ օրենքները պետք է մարդասիրական լինեն, չէ՞ որ դրանք մարդու համար են, ես հո տեռորիստ չեմ․ ընդունել եմ՝ մեղավոր եմ, խնդրում եմ՝ ներեն ինձ և ուղարկեն Բանգլադեշ: Ի՞նչ եմ արել, փորձել եմ անօրինական անցնել պետական սահմանը՝ չիմանալով, որ դրա համար խիստ պատիժ է նախատեսված։ Օրինակ՝ մեր երկրում սահմանն անօրինական անցնելու համար 5 դոլար են վճարում ու ազատվում, ես համեմատել եմ, բոլոր երկրներում պատիժ, եթե կա, ապա մեղմ է։ Անհավատալի ծանր է ինձ համար գիտակցել, որ 3,6 տարի պետք է մնամ անազատության մեջ», -ասում է Բանգլադեշի քաղաքացին։
Բացի Փաշինյանից ներում խնդրելը, նամակ է գրել նաև արդարադատության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի երկկողմանի հարաբերություններ, որը կկարգավորեր դատապարտյալների փոխանցման գործընթացը։ Միաժամանակ նախարարությունից հայտնել են, որ պատրաստ են հարցը քննարկել «փոխադարձության սկզբունքների հիման վրա», երբ դատավճիռը օրինական ուժի մեջ կմտնի։ Մինչդեռ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, դատապարտյալը ստացել է դրա անգլերեն թարգմանությունը, սակայն նրա փոխանցման մասին որևէ տեղեկություն չկա։
Անորոշության մեջ Էմդի Ամինուլը պատրաստվում է օգտագործել հնարավորությունը և ներման խնդրագիր հղել Հայաստանի նախագահին․ «Գոնե 1 տոկոս շանսը չեմ ուզում բաց թողնել, ազատություն եմ ուզում»։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: