44-օրյա պատերազմում որդոնւ կորցրած Յուրա Խաչատրյանը սեպտեմբերի19-ի դեպքերի ժամանակ հրաշքով է ողջ մնացել: Մարտունու Կարմիր շուկա գյուղի բնակիչը պատմում է` թշնամին պարբերաբար ռմբակոծում էր գյուղը` հատուկ թիրախավորելով այն եւ իր տանը թաքնված ավելի քան 100 մարդու:
«20 թվականին տեղափոխվել էինք Երեւան: Հետո մեծերով հետ գնացինք, կանայք երեխաները մնացին, բայց հետո նրանք էլ հետ եկան… Ամսի 19-ին տանն էի, լսեցի ձայներ: Արագ պարզ դարձավ, որ ամեն ինչ լուրջ է: Մեր գյուղում երկու ապաստարան կա` մեկը մեր նկուղ է, մյուսը դպրոցինը: Դպրոցինը այդքան ապահով չէր, ինչքան մերը: Մարդիկ սկսեցին մեր նկուղ գալ, երեւի մոտ 100 հոգի եկան: Գուցե ավելի շատ: Երեկոյան, գիշերը բոլոր մնացել են յմեր տանը: Առավոտյան արթնացել ենք, մի քիչ դադարել էր: Ասացի` հավաքվածներից կանանց ու երեխաներին իմ Զիլ մեքենայով տեղափոխեմ կողի գյուղ, որ ապահով լինեն: Բայց երբ մարդիկ սկսեցին դուրս գալ, որ մեքենան նստեն, մի սնարյադ ընկել է հենց մեր տան կողքին: Բոլորը վազել են հետ ապաստարան»,- պատմում է Խաչատրյանը:
Դրանից տասը րոպե անց ուժեղ պայթյուն է որոտացել. Յուրան իր տան զուգարանում էր․ «Դուրս եկա: Մեկ, երկուս, երեք… էլ ոչ մի բան չեմ հիշում: Էլ ես չգիտեմ, թե որտեղ եմ, ինչ եմ, հողը ծածկել էր… շուրջս եմ նայում, մարդիկ գետնին պառկած… Մի տղա ասաց` գիտես ինչ եղավ, ասացի` չէ, ասաց` հետ նայիր: Հետ եմ նայում` տեսնեմ զուգարանը չկա, սնարյադն ընկել է հենց զուգարանի մեջ… միայն մի հոգի է վիրավորում ստանում: Բախտներս բերել է, որ հենց այդ ռումբը օսկոլոչնի չի եղել, թե չէ այնտեղ ով կար, բոլորս մնալու էինք տեղում, շատ մարդ զոհ կտայինք…Ադրբեջանցիների դիրքերը մեր տնից 200-300 մետր էին, մենք նրանց ափի մեջ էինք»։
Որոշ ժամանակ անց Յուրան կապվել է ԱԻՆ-ի ծառայողների հետ, ասել, որ հարյուրից ավել մարդ կա իր տանը, որ տունը թիրախավորված է եւ շատ վտանգավոր վիճակ է: «Երկու ՈՒԱԶ մեքենա ուղարկեցին, ռմբակոծությունների տակ կանանց ու երեխաներին տեղափոխում են մոտիկ մի գյուղ: ԱՎելի ուշ մենք էլ ենք դուրս գալիս, գնում ենք այդ գյուղ: Հետո մեզ արդեն էլ չեն թողնում հետ գնալ մեր գյուղ, ասում են` վտանգավոր է: Բայց գիշերը մի քանի տղամարդով գնացինք մեր տներից ալյուր, պահածո հանեցինք, տարանք մարդկանց, որ սոված չմնան: Երեք օր մնացինք այդ գյուղում: Երեք օր հետո մեզ ասացին` գնում ենք: 15 րոպեում մենք հեռացանք այդ գյուղից: Մեր գյուղ էլ մտնելու շանս չունեցանք, առանց որեւէ բանի հարեւան գյուղից ճամփա ընկանք»,- հիշում է Կարմիր շուկա գյուղի բնակիչը:
Խաչատրյանը ունի երեք երեխա` տասը թոռ: Այժմ ընանիքը վարձով ապրում է Մասիսում, սակայն որդու շիրիմը մնացել է գյուղի գերեզմանում: Յուրան այս մասին շատ չի խոսում, միայն ասում է` հույսն այն, է որ իր գյուղ է վերադառնալու ու որդու գերեզմանին մոտ է լինելու: Նրա զոհված որդին` 37 տարեկան Խորեն Խաչատրյանը չորս երեխաների հայր էր:
Անի Գևորգյան
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։