«Ոչ ոքի մտքով չէր անցնում` 35 տարի Ղարաբաղը պահես ու մեկ էլ թողնես: Ասում է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երկու անգամ վիրավորում ստացած Էդվարդ Դավթյանը: 65-ամյա տղամարդը անցած տարվա սեպտեմբերի 19-ից հետո տեղահանվել է Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից եւ այժմ ընտանիքի հետ ապրում է Մասիս համայնքի Սայաթ- Նովա գյուղում:

Տան փոքրիկները սիրում են ասմունքել Արցախի, զոհված տղաների, ժինգյալով հացի մասին, ժպտալով են խոսում, սակայն նրանց մայրը` Նոնան ասում է` երեխաները դեռեւս հոգեբանի աջակցության կարիքն ունեն. «Սկզբում նրանք հոգեբանական ճնշվածության պատճառով այստեղի դպրոց ու մանկապարտեզ դժվար էին գնում, բայց քիչ քիչ հեշտացավ: Նրանց մեջի կարոտն ու ապրումները այդքան հեշտ չեն հաղթահարվի… ամսի 19-ին երեխաները պայթյունների, կրակոցների տակով էին հասել տուն, ամբողջ օրը այդ ձայներն էին, հետո էլ Ստեփանակերտում… դադար չկար: Կարմիր Խաչից հոգաբաններ են գալիս, մենք գրանցվել ենք, որ ուզում ենք երեխաների հետ հոգեբաններ աշխատեն: Այս տան մեջ էլ են վախենում: Մանավանդ մեծս, մի սենյակից մյուս սենյակ մենակով չի գնում, վախենում է»:

Արցախի կորուստը ամենածանր տանողները հաղթանակ տեսած տղամարդիկ են, ասում է Էդվարդն ու ավելացնում, որ ի թիվս մարդկային եւ բազմաթիվ այլ կորուստների հետեւանքով առաջացած ապրումների, չեն կարողանում հաշտվել նաեւ իրենց` տասնամյայներ տեւած կյանքի կորուստը:

«Առաջին պատերազմի ժամանակ մեր գյուղում 86 զենք բռնող կար, բայց զենք չկար: Զենքը հերթով էինք աշխատացնում: Հետո ականանետ բերեցին, ավտոմատներ կային սարքած, բայց լավ չէին աշխատում, ականանետն էլ ինքն իրեն տրաքում  էր, 91 թ-ի սեպտեմբերի 24-ին մենք մեր ուժերով թուրքի գյուղը` Գերավանդ գյուղը ազատագրելուց զոհ տվեցինք: Ականանետը սնարյադը գցեց, մերոնցից մեկին վիրվորեց… Առաջին զոհը իմ բարեկամն էր, գյուղը 11 զոհ տվեց: Ես շարժման ակունքներում էի, այդ ժամանակ 4-րդ կուրսի ուսանող էի… բոլոր տղերքը ոնց որ մի ձեւ լինեյին, մի ձեւ դաստիարակված ու բոլորը հանուն հայրենիքի գնում էին: Մեր գյուղը մեծ ներդրում ունի Շարժման մեջ… Հետո Ապրիլյան պատերազմն եղավ: Երկու տղաներս մասնակցում էին: 44-օրյային էլ կամավոր էին, մեծ տղաս Երեւանից եկել էր: Հոսպիտալում փրկարար էր աշխատում, վիրավորներին, դիակներն էր հանում: Կինս էլ չլքեց հայրենիքը: Ասում էի` անվտանգ տեղ գնա, ասում էր` չէ, չեմ կարող քեզ ու երկու տղերքիս թողնեմ, գնամ: Զինվորների հագուստն էր լվանում»,- պատմում է Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցը:

Էդվարդի խոսքով, իր երեք անչափահաս թոռները դեռեւս չեն հաղթահարել պատերազմի թողած ապրումները եւ հայտնի չէ, թե երբ դա հնարավոր կլինի. «Ամսի 19-ին ցերեկը էրեխեքը դպրոցից վազերով եկան:  Կրակում էին: Ժողովորդը վստահ չէր ինչ անի, մնա- չմնա: Գնացինք օդանավակայան, ռուսների պաշտպանության տակ: Շատ չմնացինք,  կնոջս հետ եկանք Աստղաշեն գյուղ, հարսս` երեք երեխաների հետ եկան Ստեփանկերտ: Ամսի 20-ին թուրքերը մտնում են Կրկժանի թաղամաս, կրակում են, բոլորս իմանում ենք…կապը կորում է, զանգում եմ հարսիս, չեմ միանում…չգիտենք, թե էրեխեքը ոնց են, ամեն ինչ լավ է, թե … չէր ստացվում կապվել… մեքենա սկսեցի փնտրել, որ գնամ նրանց գտնեմ: Մի տղայի տեսա մեքենայով, ասացի` սալյարկա կա, լցնեմ, գրանք էրեխեքին գտնենք: Ճանապարհին էինք, երբ էլի զանգեցի, հարսս վերջապես պատասխանեց, ասեց` օդանավակայանում ենք: Այդպես իրար գտանք, հետ գնացինք Աստղաշեն, մինչեւ որդուս դիրքերից թողեցին, բոլորս իրար հետ մի փոքր Ֆորդով հարսիս մամային, պապային, եղբորն էլ վերցրինք ու եկանք այս գյուղը…Այստեղի գյուղապետի հայյրը մեր կողմերում է զոհվել առաջին պատերազմի ժամանակ, նրա պատությունը ես լավ գիտեմ»:

Էդվարդն ասում է հնարավոր չէ առանց արցունքների հիշել այն ամենը, ինչ այս ընթացքում կորցրին մարդիկ.  «Կինս 40 տարվա ուսուցիչ է, հիմա հացի փռում է աշխատում: Տղաս Արցախում բանակում կապի պետ էր, բայց այստեղ էլ չուզեց, ասեց էլ չեմ կարող: Շատ տղաներ կան, որ այդքան տարի ծառայել են, բայց հիմա չեն կարող բանակ գնալ, ասում են` էլ չենք կարող»:

Անի Գևորգյան

 

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest