Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ, փոխանցում է նախարարությունը՝ նշելով, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գյուղում լարված իրավիճակ է։
Նշելով, որ կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել՝ վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ կրակոցների ձայները Ներքին Հանդում լսելի են եղել գիշերը 3-ից մինչև 6։30-ն։
Ավելի ուշ Բաքուն հաղորդեց, թե փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը նշեց, որ «Հատուցում» գործողության արդյունքում Ներքին Հանդի բնակավայրի մոտ գտնվող Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքը, «որտեղից երեկ կրակ էր բացվել ադրբեջանցի զինվորի վրա, ամբողջությամբ ոչնչացվել է»։
Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:
Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունն արձագանքեց՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: