Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղը 2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ամենաշատ զոհն է տվել՝ 12 մարդ։ Այս գյուղում պատերազմը չէր էլ ավարտվել․ հենց այստեղ դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ադրբեջանցիները պարբերաբար կրակում էին՝ խոչընդոտելով մարդկանց աշխատել իրենց հողատարածքի վրա։
«Անսպասելի չէր, գիտեինք, որ մի պահի ադրբեջանցիները կհարձակվեն։ Մեզ համար պատերազմը չէր ավարտվել», -Forrights.am-ին ասում է Սարուշենի գյուղապետ Կարեն Գասպարյանը։
37-ամյա արցախցին ծնվել մեծացել է Սարուշենում։ Վերջին չորս տարին հարազատ գյուղի ղեկավարն էր։ Պատմում է՝ թեպետ շրջափակման մեջ, բայց իրենց գյուղ ապահովված էր ցորենով, ալյուրով․ «Պահեստավորած մթերք ունեինք, ութ տոննա ցորեն էինք տարել, աղացել, բերել, բաժանել ժողովրդին։ Չեն հասցրել ուտել։ Մի 50 տոննա ցորեն թողել ենք գյուղում, հեռացել։ Մարդիկ իրենց փողերը ոսկիները ամեն ինչ թողել են, խուճապ էր ընկել, երեխեքը, նույնիսկ մեծերը լացում էին․պատերազմն հասել էր գյուղի տակ»։
Սեպտեմբերի 19-ի առավոտյան զանգել, ասել են՝ «համար մեկ է», ինչը նշանակում է, կռիվ է, պետք է պաշտպանվել։ Կարենը պատմում է՝ գյուղի տղամարդիկ, կազմելով աշխարհազոր, ուղղվել են դիրքեր՝ գյուղը պաշտպանելու, իսկ ինքը կազմակերպել է բնակչության տեղահանությունը։ «Մարտական դիրքից մեկից մեզ փոխանցեցին, որ կուտակումներ կան, ես ու ընկերս՝ Արմեն Առուստամյանը, զենք վերցրին, գնացինք դիրքեր, տեսանք իսկապես ադրբեջանցիների մեծաքանակ կուտակումներ կան, ու չորս ձորերով մոտենում են գյուղին։ Կրակում էինք նրանց ուղղությամբ, փորձում էինք կանխել շարժը։ Բայց ժամը մեկի կողմերը սկսեցին հրետանային կրակ բացել գյուղի ուղղությամբ։ Երբ արդեն շատ էին մոտեցել գյուղին, Արմենին ասեցի՝ դուք պահեք դիրքերը, ես գնամ ժողովրդին ասեմ՝ դուրս գան գյուղից», -դեպքերը վերարտադրում է Կարեն Գասպարյանը։
Գյուղում արդեն խուճապ է եղել, և նա կարողացել է 200-ից ավելի բնակչության տեղահանում կազմակերպել։ Մարդիկ անտառների միջով շուրջ 7 կմ ճանապարհ են կտրել անցել՝ հասնելով Մարտունու շրջանի Մսմնա գյուղ։ Ժողովրդի տեղահանումը կազմակերպելուց հետո մեքենայով վերադարձել է դիրքեր, որտեղ արդեն վիրավորներ, զոհեր կային․ «Երեք վիրավոր վերցրի, որ տանեմ հասցնեմ Ստեփանակերտ, բայց արդեն ճանապարհը վերցրել էին։ Կրակեցին մեքենայի վրա, էդ պահին ես էլ վիրավորվեցի։ Բայց մեկ է ուրիշ ճանապարհով կարողացա վիրավորներին հասցնել հոսպիտալ։ Ճանապարհին վիրավորներից մեկը՝ Վրեժ Գասպարյանը մահանում է»։
Հոսպիտալից հետո Կարենը գնում է Մսմնա գյուղ, որտեղ Սարուշենի բնակչությունն էր կենտրոնացել․ «Առաջին օրը անձրև էր եկել, ցեխերի ու ջրերի միջով մարդիկ գնացել հասել են Մսմնա գյուղ, ով ինչ ուներ հագին, էդպես էլ դուրս է եկել տնից՝ դամաշնիկով, խալաթներով։ Որոշեցի բնակչությանը տեղափոխեմ Ստեփանակերտ, մի մեքենա էր, ինչքան մարդ տեղավորվեց, տարա։ Ստեփանակերտից արդեն մի ավտոբուս ու մի «Ֆորդ տրանզիտ» վերցրինք մեր մի գյուղացու հետ ու հետ եկանք Մսմնա գյուղ։ Ժողովրդին վերջապես տեղափոխեցինք Ստեփանակերտ»։
Այստեղ արդեն բնակչության մի մասը մնացել է օդանավակայանում, մյուս մասն էլ՝ քաղաքի նկուղներում։
Գյուղի վրա հարձակման, բնակչության տեղահանման ողջ ընթացքում Կարեն Գասպարյանն ասում է, ռուս խաղաղապահ զորակազմից որևէ ներկայացուցիչ չի եղել։ «Մեզ ոչ մի ձև չեն օգնել, ոչ մեկին չենք տեսել տարածքում, ոչ մեկին», -նշում է նա։
Գյուղի 80 տոկոսը, ըստ ղեկավարի, մասնակցել է Սարուշենի պաշտպանությանը և հենց դրա շնորհիվ, ադրբեջանցիները չեն կարողացել գյուղ մտնել։ «Մեր տղաների իրականացրած պաշտպանության ժամանակ գյուղի բնակչությունը կարողացավ մեր ու մանուկ դուրս գալ գյուղից, և ադրբեջանցիները գյուղ մտել են միայն հրադադարից հետո, երբ արդեն հայտարարվել էր կրակի դադարեցման մասին։ Բայց միևնույն է, երբ դուրս էինք գալիս գյուղից, բոլորս մտածում էինք, որ կվերադառնանք, չէինք կարծում, թե մշտապես ենք հեռանում։ Ո՞վ կիմանար՝ սենց կլինի», -ասում է Կարեն Գասպարյանը։
Կարենն այժմ իր ու երկու քույրերի ընտանիքի հետ ապրում է Պտղնիում, բարեսիրտ մի մարդու առանձանտանը, առանց վարձակալության։ Ասում է՝ զանգում, պարբերաբար այցելում է Հայաստանի տարբեր ծայրերում հաստատված սարուշենցիներին։ Երազում է՝ Հայաստանում որևէ մի բնակավայր վերաբնակեցնել սարուշենցիներով, ապրել հարազատ մարդկանց շրջապատում։
«Մի մասը գտել է աշխատանք, մյուս մասը՝ ոչ, ունենք դժվարություններ, բայց շատ ուզում ենք բոլորս միասին գնանք մի գյուղում ապրենք, շենացնենք», -ասում է Սարուշենի գյուղապետը։
Հասմիկ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: