«Հերթափոխս հանձնեցի, իջա Մարտակերտ, որ քնեմ, տեսա վերևի սարերի վրա խփում են։ Երեխաներին տարա պատի տակ, մաման եկավ, իրենց իջեցրեցի նկուղ, ես ֆորմես հագա, գնացի, համարյա հասել էին Մարտակերտի մեջ»,-Forrights.am-ի հետ զրույցում սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը հիշելով պատմում է Արցախի ՊԲ նախկին զինծառայող Հարութ Բաղունցը։

Հարութի խոսքով՝ մեկ կիլոմետր էր մնացել, որ թշնամին մտներ Մարտակերտ քաղաք։ «Զենքս, ռազվետկիս ֆորմեն ստացել եմ, հելել եմ պոստեր, հինգ րոպե անցած սկսեցին կրակելը, հետ չեն նահանջում։ Ես ասացի՝ կներեք, բայց ես սուս չեմ կենում, զենքս վերցրեցի․․․կամանդիրը, թե սուս մնա, սուս մնա, ասացի չէ՝ կամադիր, ու սկսեցի բոյ տալ։ Ասում էր՝ թող մի քիչ մոտենան, նոր, ասացի՝ իմ քաղաքն է, չեմ թողնելու մոտենան»,-ասում է Մարտակերտի համար մարտերի մասնակցած զինծառայողն ու նշում՝ 44-օրյա պատերազմից սկսած բազմաթիվ ընկերներ է կարցրել։

«Էնքան ախպերներ եմ կորցրել, իմ մուռս պետք է հանեի։ Պոստ են տրաքացրել, որտեղ յոթ հոգի է եղել, առաջի լինյան պոլնի տրաքացրել են»,-ասում է Հարութն ու հիշում հրամանատարի խոսքերը․ «ասաց՝ ախպեր, հալալ լինի քեզ, որ դուխով կռվում ես»։

23-ամյա Հարութն արցախյան մարտերին մասնակցում է 2016 թվականից։ Վերջինը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին էր, որն իր խոսքով տևեց մեկ ու կես օր։ Հարութն ասում է՝ Արցախն այդ օրը ծանր վիճակում էր, օգնություն չկար ոչ մի տեղից։ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները, որ պետք է հսկեին հրադադարի ռեժիմի պահպանումը, նայում էին, թե ինչպես է ադրբեջանական կողմը ներխուժում Արցախ։

«Թշնամու զորքերը, որ մոտենում էին, ասում էիք կրակեք, չէին կրակում, մոտիկ չեն եկել, իրենց համար կանգնած էին, դրոշը դրել ու կանգնել էին, ասում էինք կրակեք, չէին կրակում, ասում էին հրաման չունենք։ Իրենք էլ էին զոհեր տալիս, ինչու չէին օգնում, խի՞ չեն կրակել։ Վիրավորներին էլ չէին օգնում, ես ոտքից վիրավոր էի 2020 թվականին, իմ վիրավոր ոտքով վեց վիրավորի հանել եմ։ Մինչև վերջին վայրկյանը մնացել եմ պոստում»,-ասում է Հարութը և նշում, որ ծանր մարտերից հետո հրաման են ստացել՝ զենքերը հանձնել։

«Տարել ենք զենքերը հանձնել, ասել էին՝ ոչ մի զինվորական շորով մարդ չմոտենա»,-ասում է նա։

23-ամյա Հարութն այժմ բնակվում է Տավուշի մարտի Բարեկամավան գյուղում։ Իր խնամքին են մայրը, վեց աանչափահաս եղբայրներն ու քույերը, կինը, որը շուտով լույս աշխարհ է բերելու առաջնեին։ Երիտասարդը սոցիալական ծանր պայամններում է ապրում, իր հետ չի կարողացել բերել ոչ մի իր։

«Բոլորն իմ հալալ քրտինքով եմ վաստակել, տանջվել եմ, օրը մի քանի հազար դրամ աշխատել եմ, որ կարողանամ իմ ընտանիքը պահել։ Հիմա վառելափայտի խնդիր ունենք»,-ասում է նա ու նշում, որ աշխատատեղեր չկա։ Այժմ ցանկանում է փաստաթղթերը վերականգնել, որ նորից զինվորական ծառայության անցնի։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Pin It on Pinterest