Փոխգնդապետ Արա Մխիթարյանը, որին Եղեգնաձորում 2019 թվականի սեպտեմբերին դաժան ծեծի էին ենթարկել, 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացավ, այդպես էլ գիտակցության չգալով։
Փոխգնդապետի մահվան գործով միակ դատապարտյալը՝ Հարություն Գրիգորյանը, օրերս պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման երկու տարի առաջ՝ 2022 թվականի հունվարին, դիտավորության ծեծի և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով /ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ, 118-րդ հոդված/։
«ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ դատապարտյալը կարող է 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է ոչ պակաս, քան մեկ երրորդը: Հարություն Գրիգորյանը դատապարտվել էր ազատազրկման 5 տարի ժամկետով, հետևաբար՝ մեր օրենսդրությունը հնարավորություն էր տալիս վերջինիս պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավական հնարավորությունից օգտվել, ազատազրկված լինելով դեռևս 1 տարի 8 ամիս: Տվյալ դեպքում Հարութը անազատության մեջ է գտնվել ավելի քան 4 տարի”, — բացատրում է Հարությունի պաշտպան Լևոն Սահակյանը։
Ստացվում է, փոխգնդապետին ծեծելով սպանել են, սակայն նրա մահվան համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։
Հիշեցնենք՝ Հարություն Գրիգորյանը Վայոց Ձորի նախկին մարզպետի, այժմ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնականն ու հեռավոր ազգականն է։
Գործն ի սկզբանե մեծ աղմուկ առաջացրեց։ Մարզային իշխանիկի թայֆան ռեստորանային միջադեպից հետո ծեծի էր ենթարկել զինվորականների, որոնցից մեկը մահվան ու կյանքի արանքում էր։ Նրա ընկերները՝ զինծառայողներ Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լեւոն Հարությունյանը, վկայություններ էին տվել, որ մարզպետը դեպքի վայրում է եղել և չի կանգնեցրել կռիվը։ Թեւ նա դեպքից հետո հ րաժարական տվեց, ի սկզբանե ակնհայտ էր, որ ոչ քննչական, ոչ դատական մարմինները ՔՊ-ական վերնախավին չեն նեղացնելու։
Այս գործով քննչական մարմինները ոչ թե նախաքննություն էին իրականացնում, այլ մեղադրյալներին գործից հանելու օպերացիա: Օգտագործվեց դեռեւս նախկինների օրոք մշակված ու 100 տոկոսով աշխատող սխեմա՝ հանրային ճնշման ներքո մի քանի մեղադրյալ են ներգրավում, հետո գործից մաս են անջատում, ապա մեղադրյալներից մեկին տանում են դատարան, իսկ մյուսի մասով գործը կարճում են՝ վերացնելով նաեւ մեղադրյալի կարգավիճակը:
Սկզբում մեղադրանք առաջադրվեց Հարություն Գրիգորյանին՝ դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
Մի քանի ամիս անց՝ խմբի կազմում փոխգնդապետի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար մեղադրանք առաջադրեցին եւ կալանավորեցին Հարությունի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին։ Մեկ ամսից արդեն քննիչները որոշեցին, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որի՝ դեպքի վայրում լինելու վերաբերյալ ԶԼՄ-ներում բազմաթիվ տվյալներ կան, 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել: 2020 թվականի մարտին արդեն Զավեն Գրիգորյանին 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեցին: Թվում էր, գոնե Հարություն Գրիգորյանին կդատապարտեն, բայց նա էլ, փաստորեն, լիարժեք պատիժ չկրեց։
Արա Մխիթարյանի հարազատների համար Հարությունի վաղաժամկետ ազատման մասին դիմումը անակնկալ էր, բայց այն, որ դիմումը բավարարվելու է, արդեն սպասելի է եղել։ “Հենց իմացանք, որ դիմում է տվել, արդեն պարզ էր, որ նրան ազատելու են։ Մենք հենց սկզբից էլ հասկացել ենք, որ մեր կռիվը Նիկոլի դեմ է, Նիկոլը Տրդատին է պահում, Տրդատը Հարութին”, — ասում է Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյան։
Նա պատրաստվում է բողոքարկել Հարություն Գրիգորյանին ազատելու վերաբերյալ դատարանի որոշումը, սակայն այս պահին չունի փաստաբան։ Այս գործով Մխիթարյանների շահերը ներկայացնող փաստաբան Արտակ Գալստյանը կալանավայրում է, և նրանք ստիպված են նոր փաստաբան գտնել։
«Եղբորս սպանել են, սա սպանություն էր, ու ոչ ոք պատասխան չտվեց”, — ասում է Կարեն Մխիթարանը։ Նա մինչև օրս չի հավատում դատախազության գրվածքներին, թե իր եղբորը ծեծելով սպանել է մեկ անձ՝ Հարությունը։
«Իմ եղբայրը ջանով-ջանդակով էր, նրան հէչ մեկը չէր կարող գետնին պարկեցնել։ լավ, պատկերացնենք, եղբորս ինքը հարմարացրեց մի կերպ հարվածել, բա էն մյուս երկու փոխգնդապետները, որոնց ծեծե՞լ է։ Սա անհավանական է, հեքիաթ է, երեք փոխգնդապետի մենբակով ծեծել է։ դառավ հնդկական կինոյի Ջանգոն”, — ասում է Կարեն Մխիթարյանը Forrights.am-ի հարցերին պատասխանելով։
Փոխգնդապետի հարազատները, լսելով, որ իրենց որդուն մահվան հասցրածներից միակը, ով դատապարտվել էր, ազատ է արձակվել, ստրեսային վիճակում են։ Փոխգդդապետի մայրը այդ օրվանից վատառողջ է։
Մխիթարյանները մինչև վերջ հույս են տածել, որ Արա Մխիթարյանը կարթնանա կոմայից, կվերադառնա կյանքի։ Նրան պարբերաբար հիվանդանոցից տուն էին տանում, հետո, երբ վիճակը վատանում էր, կրկին հետ էին տանում կլինիկա։
Մայիսին, երբ Արայի վիճակը հերթական անգամ վատթարացել էր և նրան տեղափոխել էին Մուրացանի կենտրոնական հոսպիտալ, Մխիթարյանները դեռ հույս ունեին, որ վիճակը կկայունանա և տուն, Գյումրի կտանեն Արային։ Նրանք դեռ օրինակներ էին բերում, ասելով, որ Արան կարող է ապրել, որ իրենց հայտնի են դեպքեր, երբ 10-12 տարվա կոմայից մարդիկ արթնանում են։ Բայց փոփոխություն չեղավ։ Փոխգնդապետը մահացավ Կենտրոնական ռազամական հոսպիտալում, 2023 թվականի հուլիսի 27-ին։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: