2023 թվականի սեպտեբերի 20-ից հետո Հայաստանում ձևավորվեց մի սոցիալական խավ, որը կարճ ժամանակում հայտնվեց հայաստանյան կյանքի լուսանցքում, աղքատության շեմից անդին։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերից բռնի տեղահանվածների մասին է, որոնց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվանում է ՝ «մեր քույրեր ու եղբայրներ»։

Նա բազմաթիվ հրապարակային ելույթներում խոստացել է արժանապատիվ կյանք ապահովել «մեր քույրերի և եղբայրների» համար։

«Մենք ուզում ենք, որ բոլորն առանց բացառության մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում», — ասում էր Նիկոլ Փաշինյանը:  «Մենք գործով ապացուցեցինք, որ նույնպիսի գորովանքով ենք վերաբերում Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրների կարիքներին, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարագայում», — հայտարարում էր նա հոկտեմբերին:

Այս ելույթները նա ունեցել է հոկտեմբերի կեսերին։ Անցել է 3 ամիս, բայց «մեր քույրերի և եղբայրներ» կյանքը դեպի լավը չի փոխվում։ Աղքատության հայաստանյան չափանիշները նրանց հանրույթում այլ են։ Օրինակ, աղքատ համարվող շատ հայաստանյան ընտանիքներ գոնե  մահճակալ, լվացքի մեքենա, գազօջախ, սառնարան ունեն։ Բռնի տեղահանվածների շրջանում լվացքի մեքենան ու սառնարանը ճոխություն են, հարուստ կյանքի ցուցիչ։

Նուրվարդ Սարգսյանը ոչ սառնարան ունի, ոչ մահճակալ, ոչ էլ գազոջախ։ Մասիս կայարանում գտնվող սեփական տանը, որտեղ նա բնակվում է երկու թոռնիկների, հղի աղջկա և փեսայի հետ, փայտի վառարան է դրած։ Հենց դրա վրա էլ եփում-թափում է։

Հատակը բետոնե է։ Վրան մի հին լինոլիումի կտոր է գցել, որ երեխաները չսառչեն։ Բայց նրան ավելի շատ անհանգստացնում են պատերը։ «Պատերը ջուր են, խոնավ», — ասում է։

Նուրվարդը հաշմանդամ է։ Ինձ հետ խոսելիս, անընդհատ կամ լացում է, կամ հազում։  Կրծքագեղձի քաղցկեղ ունի։ Հայտնաբերել են 2020 թվականին, վիրահատվել է 2021-ին, 18 կուրս քիմիաթերապիա է ընդունել։ Բայց ամուսնու՝ Օնիկ Բեկնազարյանի զոհվելուց հետո վիճակը վատացել է։ «Կիստաներս շատացել են։ Մի հատ տաբլետկա է պետությունը տալիս, դա է։ ոտքի վրա եմ, ես չեմ պառկում, բայց արդեն գործ անելը դժվար է», — գանգատվում է Նուրվարդը։
Սեպտեմբերի 19-ին նրա ամուսինը՝ զոհվել է Վաղուհասի դիրքերում։ Նրա մասին խոսելիս, ձայնը դողում ու կտրվում է։ «55 տարեկան եմ, ինքն էլ 62։ Սկզբում Դրմբոնի հանքերում էր աշխատում, հետո Կաշենի հանքը տարան, Մարտակերտի մոտ։ Որ հանքը փակեցին, մտավ ծառայության։ բայց 92, 94 թվին, 96 թվին նա էլի ծառայության մեջ է եղել։ Նա շատ էր սիրում էդ ծառայությունը», — ասում է կինը

Գետավանի հիվանդանոցում բուժքույր էր աշխատում Նուրվարդը։ Սեպտեմբերի 19-ին աշխատանքի էր, երբ սկսվեցին կրակոցները։ Վերհիշում  է այն օրերի սարսափը․ «Որտեղ որ աշխատում էի, աղջկաս զանգեցի, ամուսնուս զանգեցի՝ կապ չկար։ Եկա տուն, միանգամից ասեցին, որ դուրս գանք։ Ոչ մի  բան չհասցրեցինք առնել։ Բենզին չկար, որ դուրս գար ժողովուրդը։ Ամուսնուցս լուր չկար։ Խառը վիճակ էր։ Երեխեքին բերեցինք Ստեփանակերտ, հետո արդեն ինչքան զանգում էի, էլ չկարողացա նրա հետ կապվել։ Հետո ասեցին՝ զոհվել է։ Ասեցին՝ երկու տղաների փորձել է կրակից հանել, չի կարողացել։ ԱՏՍ-ը խփել ա։ Ինքն էլ ա զոհվել, էդ տղաներն էլ”։Նուրվարդի մեծ աղջիկը՝ Լուսինե Բեկնազարյանն է գնացել դիահերձարան, հոր դիակը ճանաչելու։ «Հազիվ կարողացա զանգել ամուսնուս, որ գնանք մորգ։ Էքանն եմ հիշում։ Ոտքը կտրված էր։ Երևում էր, որ ինչ-որ մկանաթելերով դեռ պահվում է, չի պոկվում։ Ոտքը արնաքամ եղած էր։ Երևում էր պարզ, որ կտրված է։ Երեսը ավիացիայի հարվածից վառված էր, սևացած էր», — վերարտադրում է Լուսինեն իր կյանքի ամենաողբալի այդ օրը։

Հ․ Գ ․ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականից սկսած ամեն տարի պետական բյուջեից 120+20 մլրդ դրամ գումար է հատկացրել Արցախին` որպես միջպետական վարկ։ Մինչ այդ հատկացվում էր տարեկան 60 մլրդ դրամ։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների,  2023 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված 156,400,000,000 ՀՀ դրամ գումարը, որը մոտ 300 մլն դոլար է, չի ֆինանսավորվել, նկատի ունենալով այնտեղ ստեղծված վիճակը, նաև այն, որ պետական մարմինները դադարեցրել են գործունեությունը։

Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումը փաստացի դարձել է անհնարին։ Սա նշանակում է, որ 300 մլն դոլարը, որը Փաշինյանի կառավարությունը պետք է տրամադրեր Արցախին, չի տրամադրվել։ Դրա փոխարեն ՀՀ կառավարությունը 100 մլն դոլարի սոցիալական աջակցության ծրագրեր է   իրականացնում, որոնք ավարտվելու են 2024 թվականի  մարտին։ Դրանք կատարվում են մեծ թերություններով և խախտումներով։ Մարդիկ ամիսներով չեն կարողանում տանալ իրենց հասանելիք գումարները։ Դրանց տրամադրման վերջնաժամկետներ չեն սահմանվում։

Սյուզան Սիմոնյան

 

Pin It on Pinterest