36-ամյա Դավիթ Ալահվերդյանը, որը Արցախի գյուղատնտեսության նախարարի խորհրդականն էր ու ագրարային համալսարանի դասախոս, այժմ Բաքվի բանտում է․ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են «ահաբեկչության, ապօրինի զինված խմբավորում ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու» համար։ Այսինքն՝ առաջադրված է գրեթե նույն մեղադրանքը, ինչ ադրբեջանական բանտում գտնվող արցախցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նա Ադրբեջանում պահվող ու պաշտոնապես հաստատված 23 գերիներից մեկն է։
Դավիթը Սզնեք գյուղից էր, բայց փոքրիկ ընտանիքի հետ վարձակալությամբ ապրում էր Ստեփանակերտում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ երկրի մեծ մասը գրավված էր, յուրաքանչյուր գյուղ սեփական բնակիչներից աշխարհազորայինների խումբ է ստեղծում, որը ամիսը մեկ անգամ 7-10 օրով գյուղի մերձակա դիրքերն էր պաշտպանում, ծառայության հարցում աջակցում ժամկետային զինծառայողներին։ Սեպտեմբերի 19-ին ադրբեջանցիների զինված հարձակումը Արցախի գյուղական բնակավայրերի վրա համընկնում է Դավիթի հերթապահության հետ։
«Սեպտեմբերի 19-ին առավոտյան ժամը 11-ի կողմերը տագնապ տվեցին, որ թուրքերը շատ են մոտեցել, անտառներում են, ձորերում, ուշադիր եղեք։ Դրանից 1-2 ժամ հետո հարձակումն եղել է։ Մեր տղաներին հրաման եղավ, որ դիրքերից իջնեն, անմիջապես մտնեն գյուղ, գյուղի խրամատներն էլ հենց մեր տանը մոտ են։ Դիրքերը հսկող բոլոր տղաները անփորձանք, առանց կորուստի եկել են գյուղ», -Forrights.am-ին պատմում է Դավիթի հայրը՝ 64-ամյա Նելսոն Ալահվերդյանը։
Հայրն ու մայրը՝ Դարիկո Ալահվերդյանը, վերջին անգամ Դավիթին տեսել են հենց գյուղի խրամատում։ «Տեսանք իրան, ասավ՝ մամուն վերցրու դուրս եկ։ Ես էլ երկրորդ կարգի հաշմանդամ, ոտքի հետ խնդիր ունեմ, ասավ՝ դու մինչև գնաս, մենք հետևիցդ գալու ենք», -որդու խոսքերն է վերարտադրում Նելսոն Ալահվերդյանը։
Այդպես սկսում է Ալահվերդյանների տարհանումը․ տարեց ամուսինները հարևանների հետ միասին ոտքով մի կերպ հեռանում են գյուղից։ Ասում է՝ ադրբեջանցիները շրջապատել են գյուղը, փակել բոլոր ճանապարհները, և մարդիկ ստիպված են եղել տեղահանվել անտառային հատվածներով։ «Մեքենաներով հնարավոր չէր դուրս գալ, իմ մենքենան թողել եմ գյուղում։ Ամբողջ բնակչությունը ոտքով ա դուրս եկել, անտառներով մի կերպ հասել ենք հարևան գյուղ՝ Խաչմաչ։ Հասել ենք համեմատաբար ապահով գյուղ էն հույսով, որ հետ ենք վերադառնալու նորից մեր գյուղ։ Դե ինչ իմանայինք, որ էն մնացած գյուղերն էլ արդեն սկսել էին տարհանել։ Ճանապարհները փակ, Ստեփանակերտ պիտի գնայինք, բայց ճանապարհ չկար։ Լսել էինք, որ հարևան Սարուշենում թուրքերը մեքենաներ էին գնդակոծել, մարդկանց կոտորել։ Էդ մարդիկ չէին իմացել, որ ճանապարհները փակ ա, մեքենայով փորձել են տեղափոխվել, թուրքերը կանգնեցրել են մեքենան ու սպանել իրանց», -ասում է Դավիթի հայրը։
Սզնեքից վեց անձ է մնացել ադրբեջանական պաշարման մեջ ու չկարողանալով դուրս գալ, հայտնվել են գերության մեջ։ Նրանցից մեծահասակ մի կնոջ ու հաշմանդամություն ունեցող տարեց տղամարդուն ադրբեջանցի զինյալները բաց են թողել։ Սզնեքից շուրջ 80-ամյա մի տղամարդու Խաչմաչ գյուղի մոտ գտել են մահացած, իսկ երկու անձ էլ բռնի տարհանման ճանապարհին անհետ կորել են․ նրանցից մեկը Սզնեքի գյուղապետի հայրն է։
Ընտանիքը Դավիթին փնտրել ու չի գտել մահացածների, անհետ կորածների ցուցակում։ Եվ միայն հոկտեմբերի 7-ին անծանոթ համարից զանգ են ստանում ռուսերեն արտասանած հարցով՝ կուզե՞ք խոսել Դավիթի հետ։ Դրական պատասխանից հետո հեռախոսով լսել են Դավիթի ձայնը։ «Ասեց՝ ես լավ եմ, իմ մասին շատ մի մտածեք, ինձ հետ սաղ լավ ա։ Հարցրեց՝ երեխեքը ո՞նց են։ Սենց մի երկու բառ ենք խոսել, ու վերջ»,-հիշում է Դավիթի կինը՝ Թագուհի Ասրյանը։
32-ամյա Թագուհին ավարտել է Արցախի Ագրարային համալսարանը։ Չի աշխատել և պահել է իր երեք երեխաներին՝ աղջիկը 11 տարեկան է, իսկ երկու տղաները՝ մեկը 13, մյուսը՝ 8։ Երեխաները գիտեն՝ հայրը գերության մեջ է, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով պարբերաբար գրություններ են ուղարկում, ստանում։ Դրանց բովանդակությունը գրեթե միշտ նույնն է․«Գրում ա նույն բաները՝ ամեն ինչ լավ ա»։ Բայց Դավիթի հայրը հո հասկանում է․ «Ասում ա տեղս լավ ա, բայց բանտում ո՞նց լավ կլինի»։
Թագուհին ասում է՝ իրենց աղջիկն է մեծ սթրես ապրում, որ հայրը գերության մեջ է։ Բայց փորձում են Դավիթից ուղակվող կարճ տեսանյութերով լրացնել հայրիկի բացակայությունը, Հայաստանից այնտեղ քաջություն ու հույս փոխանցել հորը․ «Վիդեո ենք անում ուղարկում, հայրը նայում ա ընդեղ։ Ասում են՝ պապա ուժեղ մնա, սաղ լավ ա լինելու, հույս են տալիս, էլի»։
Ալահվերդյանները Արցախից տարհանվելուց հետո տեղափոխվել ու այժմ ապրում են Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում։ Նելսոն Ալահվերդյանի ընկերն է ասել՝ եկեք, տուն տեղ կտանք։ Տունը, որի համար ընտանիքը վճարում է ամսական 60 հազար դրամ, նախկին մթերային խանութի տարածքն է․երկու այսպես կոչված սենյակները միմյանցից բաժանել են պահարանով։ Մի փոքր հատվածում մոր և երեխաների սենյակն է, իսկ մյուսում՝ տարեց ամուսիններն են։ Ապրում են պետության օժանդակությամբ, ասում են՝ շնորհակալ են բոլորից, ովքեր օգնել են իրենց կարիքի մեջ․ մեկը ծածկոց է տվել, մյուսը՝ աման-չաման, հագուստ, երրորդը՝ մահճակալ ու առաջին անհրաժեշտության այլ իրեր։
Ընտանիքում աշխատելու մասին դեռ չեն մտածում, թեպետ Գագարինում աշխատատեղ էլ չկա։ Դավիթի մայրը՝ Դարիկո Ալահվերդյանը երկար տարիների բուժքույր է, աշխատել է Ասկերանի տարածաշրջանում։ Ապրում են անորոշության մեջ, մինչև որդին կվերադառնա։ Այս պահին մոր մտքերը միայն որդու վերադարձի մասին են․ «Էնքան եմ սպասում, որ երազումս Ալիևին եմ տեսել, աղաչել եմ, ասել՝ բաց թող որդուս, ասել ա՝ ժամանակը չի»։
Հոր համար կարևոր է, որ որդին կենդանի է։ Նա ավելի լիահույս է՝ «Բաց են թողնելու էլի, պահում են, ի՞նչ անեն»։
Հասմիկ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութի հեղինակ Ռուզաննա Քոչարյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: