Զոհված զինծառայող Արցախի նախկին Պաշտպանության բանակի ավագ սերժանտ Արամ Թամրազյանի կինը՝ Նազիկ Նալբանդյանը, նրա 4 երեխաները, հայրը, մայրը, եղբոր ընտանիքը երեք երեխաներով՝ ընդհանուր 11 հոգի, ապրում են Չարենցավանի նախկին պոլիկլինիկայի երկրորդ հարկում։ Առաջին հարկում մասնավոր կլինիկա է տեղավորված, բժիշկները հիվանդներ են ընդունում, և Նազիկի երեխաները հաճախ այնտեղ ոտքից, կամ ձեռքից զրկված, հենակներով ու հաշմանդամի սայլակով մարդիկ են տեսնում։ Բայց ընտանիքը գոհ է, որ գոնե այս կացարանն ունի։
Այստեղ Արցախից տեղահանված ընտանիքին տեղավորել են մասնավոր անձինք, շենքի տերերը, որոնց ընտանիքը շատ շնորհակալ է։ Նրան առաջարկել են 6 ամսով զբաղեցնել շենքի երկրորդ հարկը, որը դատարկ է։ 2 ամսից՝ մարտին, նրանց տված ժամկետը լրանում է։ Թե որտեղ է ապրելու իր բազմազավակ ընտանիքը, Նազիկը չգիտի։
«10 տարեկան, 8 տարեկան, 5 տարեկան և երեք՝ տարեկան են երեխաներս։ Ամբողջ ընտանիքով՝ 11 հոգի։ Հիմա արդեն վարձով տուն եմ ման գալիս, զանգում եմ ստեղ, էնտեղ, ոչ ոք չի համաձայնվում մեր մեծ ընտանիքն ընդունի։ Ասում են՝ շատ եք։ Ես ոնց հասկանում եմ, եթե շատ ենք, պետք է մնանք դրսերում։ Ես չեմ հասկանում՝ երեխայի շատը ո՞րն է։ Ինձ միայն մի տուն է պետք։ Բայց հենց լսում են, որ 7 երեխա կա ընտանիքում, մեզ մերժում են, ասում են՝ շատ եք։ Կամ գրված է՝ վարձով տուն են տալիս, բայց առանց երեխա։ Ես չեմ հասկանում, երեխան խանգարո՞ւմ ա։ Հակառակը, պետք է ուրախ լինենք, որ էսքան երեխա։ Հո մենք գազան չենք, որ տանք, ջարդենք տունը, հետ տանք իրենց։ Ոնց ստանանք, էդ տեսքով հետ ենք տալու․», — գանգատվում է կինը։
4 երեխաների համար նա անգամ նպաստ չի ստանում։ Վերջին նպաստը ստացել է 2023 թվականի սեպտեմբեր ամսին՝ 47 հազար 400 դրամ, որը մեծ բան է Նազիկ Նալբանդյանի համար։ Միասնական սոցիալական ծառայությունում նրան ասել են, որ իրավունք չունի երեխաների համար նպաստ ստանա։ «Բա ես ո՞ւմ ասեմ, որ ինձ նպաստ տան։ Ես 4 ամիս նպաստ չեմ ստացել, սեպտեմբեր ամսից։ Սկի ոչ մեկից ոչինչ չեմ ուզում խնդրեմ, բայց ի՞նչ մեղավոր եմ, որ պատերազմ եղավ, որ ամեն ինչ ը այսպես դասավորվեց․»։
11 հոգուց ընտանիքում աշխատում է միայն մեկը՝ Նազիկի եղբոր կինը, որը խոհարարի օգնական է տեղավորվել ռեստորաններից մեկում։ Մյուսներն ապրում են պետության ողորմած գումարներով, որոնք դանդաղ են տեղ հասնում։
Նալբանդյանները շահումյանցիներից են։ Առաջին անգամ տեղահանվեել են 1994 թվականին, երբ Շահումյանը հանձնվեց Ադրբեջանին։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերի 25 ապրել են Քարվաճառի Ակնաբերդ գյուղում։ «Մեծ տներ էին, հողամաս էլ ունեինք, անասուն էլ, շատ լավ էլ ապրում էինք, հիմա ընկանք դաշտերը, չգիտենք, ինչ կլինի․․․․»։
Նազիկը Ակնաբերդից Ստեփանակերտ են տեղափոխվել համոզված լինելով, որ իրեն և երեխաներին պարզապես ավելի ապահով տեղ են տանում, որ շուտով տուն են գալու։ Իր հետ միայն երեխաների համար մի երկու շոր է վերցրել։
Ջոկի հրամանատար Արամ Թամրազյանը Հաթերքի զորամասի մարտական դիրքոմ էր, երբ սկսվեց կռիվը։ Սեպտեմբերի 15-ին լրացել էր ծառայության երկու շաբաթը, բայց “համար մեկ” տագնապ “տվեցին”, և նա չիջավ դիրքերից։
«Լայնամաշտաբ, ահավոր կռիվ էր։ Տանից դուրս էինք գալիս, տեսնում էինք, որ 4 կողմից ռմբակոծում են։ Երկու օր՝ սեպտեմբերի 19-ի ժամը մեկից մինչև սեպտեմբերի 20-ի կեսօրը անընդհատ ռմբակոծել են։ Երեխեքը վախեցած, տնից հայաթ, հայաթից տուն էին անում, ու ոչ մի տեղ ապահով չէր, ամեն վարկյան կարող էին խփել։ Կարկուտը ոնց ա գալիս, պատկերացրեք, այ տենց կրակում էին․» ,- ասում է Նազիկը։
Արամի մահվան բոթը ստացել է նույն օրը՝ սեպտեմբերի 20-ին։ Արամը 4 ընկերների հետ զոհվել է անօդաչու սարքի հարվածից։ Նրա մարմինը նույն օրն են իջեցրել դիրքից։ Նազիկին ասել են, որ ոտքերից է վնասված, որ շատ վերքեր կան մարմնին։ Նա այդպես էլ չի համարձակվել նայել ամուսնու դիակին։ «Թող նա իմ հիշողության մեջ մնար այնպիսին, ինչպիսին միշտ եղել է․․․ մինչև հիմա էլ չեմ պատկերացնում, որ նա մեզ հետ չի, էնքան փորձառու էր, ուշադիր, զգույշ․», — ասում է Նազիկը Forrights.am-ին։
Վստահեցնում է՝ միայն Եռաբլուրում է գտնում իր հանգստությունը, երբ շաբաթը մեկ-երկու անգամ գնում է Արամին տեսության։ Նազիկը 34 տարեկան է, ամուսնու հետ ապրել է 11 տարի։ Փոքր երեխային ասել է՝ պապան գործի է գնացել։ Մեծերն ամեն ինչ հասկանում են, ոչինչ չեն հարցնում։
Սյուզան Սիմոնյան