«Որ էկանք էս տուն, ամբողջը թափած էր, ապրելու պայման չկար, բայց ստիպված դասավորվեցինք, ուրիշ տեղ չկար»․ Էջմիածնի կենտրոնամերձ հատվածում, մի փոքր, չվերանորոգված տան մեջ է հաստատվել Արցախից բռնի տեղահանված Բալասանյանների բազմանդամ ընտանիքը։
Ննջարան դարձած հյուրասենյակը, որտեղ բնական լուսավորությունն ապահովում է միակ նեղլիկ պատուհանը, ցրտից պաշտպանում է փայտի վառարանը, որի կողքին ջերմանում են նաև Էլինայի որդեգրած շան երկու ձագուկները․ «Փողոցում մրսում էին, բերեցի տուն, մեր մոտ»։
Բալասանյանների ընտանիքի գաղթի ճանապարհն սկսում է Մարտունու Բերդաշեն գյուղից։ Սեպտեմբերի 19-ին լսել են կրակոցների ձայներն, ու սկսել է խուճապը։ Թաքստոցը դպրոցի նկուղն էր, որը կանանց, երեխաների ու ծերերի պատսպարվելու վայրն է եղել։ «Մեր տղամարդիկ դրսում պաշտպանում էին գյուղը, գնացինք ռուսին ասեցինք օգնեն, բայց ասեցին՝ մենք հրաման չունենք, ոչ մի բան չենք կարող անել։ Դե մենք էլ ինչ պետք ա անեինք, ասեցինք՝ էս օրը սենց մնանք պադվալում», -հիշում է ընտանիքի մայրը՝ 42-ամյա Նարինե Մուսայելյանը։ Անորոշությունը ձգվում է մեկ օր, ու հետո սկսում է Բերդաշենի բնակչության տեղահանումը։ Դեպի Ստեփանակերտ ճանապարհը տևում է մի քանի օր։ «Մեր գյուղում մի դեդո, բաբո ունեինք, իրանց տանող չկար, ասեցի՝ եկեք, մեքենայով գնանք, մնում եք, գյուղում, թուրքի մոտ ի՞նչ անեք։ Իրանց բերեցինք Ստեփանակերտ, հանձնեցինք աղջկան։ Մեզ թվում էր, թե կլուծվի հարցը, ու շուտ կվերադառնանք, չէինք մտածում կհասնենք ստեղ՝ Հայաստան», -ասում է Նարինեն։
Գաղթի ճանապարհին բնակչությանը պարտադրել են այրել զինվորական համազգեստը, վկայականները, դեն շպրտել զենքերը և ընդհանրապես, զինված ուժերի հետ կապող որևէ ապացույց չունենալ։ «Ամուսնուս զինվորական շորերը վառեցինք, մարդիկ լուրեր էին տարածում, որ ռուսները թուրքերի հետ մտած անցակետերում ստուգում են։ Տենց էլ եղավ։ Գյուղից մինչև Ստեփանակերտ դանդաղ գալիս էինք, գիշերները քնել ենք ճամփին, ես վախում էի՝ չէի քնում, մտածում էի՝ կգան, մի բան կանեն։ Տենց վախելով եկանք։ Անգամ դանակ չվերցրինք, մեր մեքենային մեջ մինակ խաչ էր կախած», -պատմում է Նարինե Մուսաելյանը։
Նա 5 երեխա ունի՝ երեք աղջիկ, երկու տղա։ Ավագը 23-ամյա Էլինան է։ Արցախի շրջափակման, այնուհետև Արցախից տեղահանման ծանր օրերին երիտասարդ կնոջ միակ լուսավոր կետը իր 2-ամյա դուստրն է՝ շիկահեր, խուճուճներով փոքրիկ Լուսէն, որին մեծացնում է միայնակ։
«Դեռ շրջափակման ժամանակ, երբ ուտելիք չկար, ոչինչ չկար, ամեն ինչ անում էի, որ երեխաս չտխրի, ժամեր շարունակ հացի հերթ էի կանգնում, որ գոնե հաց կարողանա ուտի։ Հիմա էլ, նա է իմ շարժիչ ուժը», -ասում է Էլինան։
Երեխայի հետ Ստեփանակերտից բռնի տեղահանման փորձ նա արել է սեպտեմբերի 25-ին, սակայն ճանապարհին բենզինի պահեստի պայթյունը ու դրանից հետո ստեղծված ողբերգական վիճակը ստիպել են Էլինային իջնել իրեն Հայաստան տեղափոխող մեքենայից, երեխային հանձնել հարազատներին ու որպես կամավոր օգնել հիվանդանոց տեղափոխված այրված, վիրավոր մարդկանց։
«Քույրս՝ Գալինան, մասնագիտությամբ դեղագետ է, միասին հետ գնացինք տուն, վերցրինք մկրատ, բինտ, ճանապարհին փակ դեղատան պատուհանները կոտրեցինք, ու արկղերով դեղամիջոցներ, նյութեր ինչ ընկավ ձեռքներիս տակ, վերցրինք, տարանք հիվանդանոց։ Անբացատրելի էր, այրված մսի հոտը տարածվել էր ամբողջ հիվանդանոցում, մարդիկ, որոնց մեջ կային, կանայք, երեխեք, ամբողջությամբ սև էին, այրված, կիսաայրված, մազերը խանձված, մի բուռ դարձած, կանանց եղունգները պոկված, հագուստները պատռված», -մտաբերում է Էլինան։
Այրվածքների ցավից մարդկանց բղավոցների ուղեկցությամբ Էլինան արցունքները զսպելով անցնում է գործի, այդ պահին, ասում է, մտածում էր միայն մարդկանց օգնելու մասին․ «Արտասվելու ժամանակ չկար, պետք էր սառնասիրտ լինել։ Սկսեցի բնազդով վիրավորների հետ խոսել, ասում էի՝ դիմացեք, միասին ենք դուրս գալու ստեղից։ Մարդիկ գիտեին, որ հիվանդանոցում եմ, անընդհատ զանգում էին, հարցնում՝ իրենց հարազատը արդյոք հիվանդանոցում է։ Երբ մոտենում էի, որ ջրով կամ որևէ նյութով վերքը սրբեի, ներողություն էի խնդրում, որ կցավեցնեմ ու խնդրում էի, որ ցավից հանկարծ ինձ չխփեն։ Շատ վախենալու էին արտաքնապես այդ մարդիկ»։
Այս դրվագները դեռատի կնոջ համար արդեն հիշողություններ են՝ ծանր, չջնջվող։ Նա հիմա մտածում է ուշքի գալու, նորից ոտքի կանգնելու մասին։ Ստեփանակերտից Հայաստան ճանապարհին մոլորված 2 հավերին վերցնում են մեքենայի մեջ։ Ընթացքի ժամանակ այդ հավերի ածած ձուն հարևան մեքենաներից մեկի մոտ եղած գազով եփում են, երեխան ուտում է։ Այժմ այդ հավերի կողքին բարերարների օգնությամբ այլ հավեր են ապրում։
Էջմիածնի իրենց նոր տան բակի ինքնաշեն բնում այժմ Էլինան 47 հավ է պահում, իսկ հավկիթները պարբերաբար վաճառում։ Ստեղծել է «Լուսէ օրգանիք» բրենդը, սոցցանցերում ներկայացնում է՝ ինչպես է պահում կենդանիներին ու երազում է Լոռվա բնության մեջ տուն ունենալու, մեղու պահելու ու հողագործությամբ զբաղվելու մասին։
«Մենք Արցախում ունեինք մեղուներ, սովորել էի մեղվապահությունը ու վերջերս Լոռիում էի, շատ կուզեմ էնտեղ տուն ունենալ, պահել մեղուներ և օրգանական մթերք վաճառել», -երազանքն է պատկերում Էլինան։
Հասմիկ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: