Արցախից բռնի տեղահնված Մարտան երեք անչափահաս երեխաների հետ հայտնվել է անելանելի իրավիճակում։ Արցախյան վերջին պատերազմի հիշողություններից՝ թշնամու ռմաբկոծությունների ներքո ապաստարանից-ապաստարան փախչելը, եկել են փոխարինելու երեխաների հետ տնից տուն տեղափոխվելուն։ Բնակարանի վարձավճարները բարրձ են, իսկ միայնակ մայրն աշխատանք չունի։
«2020 թվականին մենք այդ ամենի միջով անցել էինք, սեպտեմբերի 19-ին, որ սկսվեց, չէիք հավատում, որ կրկնվում է, ահավոր էր։ Դպրոցում էի, բոլորով սկսեցինք դես ու դեն փախնել։ Մտանք նկուղ, սպասում էինք, որ ամեն ինչ վերջանալու է, բայց չավարտվեց։ Երեխաներիցս մեկը տուն էր հասել, գնացի բերեցի ինձ մոտ»,-Forrights.am -ի հետ զրույցում ասում է Մարտա Սահակյանը։
Ամուսինն՝ Աշոտ Հարությունյանը, զոհվել է 2020 թվականի պատերազմի ընթացքքում։ «Ամուսինս դիրքերում զինվորների համար կացարան էր կառուցում, որ պատերազմը սկսվեց իրենց իջեցրեցին, ինքը եկավ տուն ու որպես կամավոր գնաց պատերազմ։ Այդ օրվանից էլ իրեն չեմ տեսել։ Վիճակը գնալով վատանում էր, ինքը զանգեց ու ասաց, որ այլ տեղ տեղափոխվենք։ Հոկտեմբերի 31-ին ամուսինս զոհվեց, Մարտունի 2-ում էր՝ Կամարի դիրքերում, առաջին գծում էր, շատ դաժան կռիվ է եղել։ Ընկերներն ասում են՝ բոլորը փախան, մի քանի հոգով մնացին, ամուսինս սպասել է, որ օգնության պետք է հասնեին, բայց օգնություն չհասան, ինքը նվիրված մնած իր դիրքում։ ԱԹՍ-ն հարված է իրենից դիրքերին, զոհվել է»,-ասում է նա։
Պատերազմները երիտասարդ կնոջ կյանքում դժվարությունների շղթա են ստեղծել, որոնք վերջ չունեն։ Նախ ամուսնու փնտրտուքները, հետո շրջափակման պայմաններում երեք երեխաներին կերակրելու խնդիր, բռնի տեղահանություն, իսկ այժմ անօթևանություն։
«Մինչև նոյեմբերի 20-ը ոչ մի նորություն չունեինք ամուսնուցս, դիրքերն անցել էր թշնամու վերահսկողության տակ, հետո ասացին՝ գտել են, անճանաչելի էր։ Տեգրս էր գնացել ու եղբորը հանել էր։ Ճարտարում է հուղարկավորված, ես ինձ մեղավոր եմ զգում, մենք բոլորս եկել ենք, բայց իրեն թողեցինք այնտեղ»,-ասում է Մարտան ու նշում՝ ամենադաժանն ամուսնու դին իրեն հանձնելու օրն էր։
«Դեկտեմբերի 12-ին՝ աղջկաս ծննդյան օրը, բերեցին ամուսնուս մասունքերը, այնտեղ էլ հուղարկավորեցինք»։
Չնայած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարություններին Մարտան երեք երեխաների հետ վերադարձել էր Ճարտար, դասավանդում էր դպրոցում, ապրում թշնամու ամենօրյա սպառնալիքի ներքո։ Քաղաքը լքեցին մեծ դժվարությամբ․ ասում է՝ ճանապարհներին զինված ադրբեջանցիներ էին, վախի մթնոլորտ էին ստեղծում։
«Ամուսնուս հայրն էր մեքենան վարում, ինքն էլ տեսողության հետ կապված խնդիրներ ուներ, ես վախենում էի, մտածում էի երեխաների մասին՝ ողջ կհասնե՞ն, թե՞՝ չէ։ Ադրբեջանցիք կանգնացնում էին, իրենց կերպարը շատ վախենալու էր, ես ու երեխաներս վերջն էինք նստած»։
Կոռնիձոր, Գորիս, Վայք, Հրազդան, Երևան․ Մարտան երեք անչափահաս երեխաների հետ շրջել է այս բոլոր բնակավայրերով։ Այժմ Երևանում է բնակվում՝ վարձակալված ավտոտնակում, որը կահավորված է որպես բնակարան։ Թեև պատերը ներկված են, կա որոշակի գույք, բայց ավտոտնակում բավականին ցուրտ է, ջեռուցումն օգուտ չի տալիս։
«Ահավոր թանկ է։ Մտածում եմ՝ երեխաներին տեղանքին սովորեցնեմ, սկսեմ աշխատել, որովհետև առանց աշխատանք հնարավոր չէ։ Պետության 50-ներն եմ ստանում, չգիտեմ՝ որքա՞ն կշարունակվի, Արցախում նպաստ էի ստանում, բայց ստեղ չկա, սոցապում ասում են՝ ծրագիր չկա։ Տունը, որ մի քիչ էժան լինի, կոմունալները շատ-շատ է, այս հարցերը, որ լուծվեն, մնացածը հեշտ կլինի, ես կաշխատեմ, կպահեմ երեխաներիս»։
Տան վարձավճարը 200 հազար դրամ է, կոմունալիների համար մոտավորապես 50-60 հազար դրամ են վճարում, կառավարության աջակցությունը բավարարում է միայն այս ծախսերի համար։ Անչափահաս երեխաների մայրը սոցիալական աջակցության կարիք ունի։
Նարեկ Կիրակաոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։