Ամեն տարեվերջին քրեակատարողական ծառայությունը ի թիվս այլ տվյալների, ամփոփում է համակարգում արձանագրված մահվան դեպքերը՝ որ հիմնարկում քանի մահ է եղել, ով ինչ պատճառով և որտեղ է մահացել։
Մշտապես շեշտվում է, որ յուրաքանչյուր դեպքով նախաձեռնել են վարույթներ։ Կարծես, սրանով ծառայության առաքելությունն ավարտվում է, և ոչ մի եզրակացություն առ այն, թե ինչ պետք է անել, որպեսզի մարդիկ բերդերում չմահանան, չի արվում։
Ահա ինչու իրավիճակը մեծ հաշվով չի փոխվում, իսկ մահվան դեպքերի ընդհանուր քանակը գրեթե նույնն է, մեկ-երկու դեպքի տարբերությամբ։
Այս տարի էլ նախորդից գրեթե չտարբերվող ընդհանուր պատկեր ունենք։ Forrights.am-ի հարցմանն ի պատասխան քրեակատարողական ծառայությունը ներկայացրեց 2023 թվականին ՀՀ կալանավայրերում արձանագրված մահվան դեպքերի վիճակագրությունը։
Ըստ ադմ, 2023 թվականին անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է 16 մահվան դեպք։ Մահացածներից 9 դատապարտյալ են եղել, 7՝ կալանավորված անձ։ Նրանցից 14 մահացել են կենսաբանական մահով, երկուսն ինքնասպան են եղել։ Երկու ինքնասպաններն էլ “Արմավիր” ՔԿՀ-ում են պահվել։
2022 թվականին 18 մահ է արձանագրվել, որոնցից 3 ը՝ ինքնասպանություններ։ Ինքնասպաններից մեկը պահվում էր “Սևան” ՔԿՀ-ում, 2՝ “Նուբարաշենում”։ 14 անձ կենսաբանական մահ է ապրել։ Մահացածներից 8 դատապարտյալներ էին, 10 ՝ կալանավորված անձինք։
Անցյալ տարի մահացած ՔԿՀ -ներու մպահվող անձանցից 8-ը մահացել են բժշկական հաստատությունում, 1 անձ՝ շտապօգնությոն մեքենայի մեջ և 7-ը կալանավայրում։
ՔԿԾ-ն նշում է, որ մահվան յուրաքանչյուր դեպքի առիթով նախաձեռնվել է վարույթ, նախապատրաստվում են նյութեր։ Այս նյութերը, վարույթների արդյունքները երբեք հասանելի չեն դառնում հանրությանը, չեն վերլուծվում։ Չոր թվերի հետեւում չի երևում այն սարսափելի իրավիճակը, որը տիրում է Հայաստանի կալանավայրերում։
“Արմավիր” ՔԿՀ-ում երկու ինքնասպանության դեպք է գրանցվել, երկու դեպքում էլ ինքնասպանը մեկուսի էր պահվել։ Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 21-ին, վաղ առավոտյան ՝ ժամը 07:00-ի սահմաններում։ Դատապարտյալ Վ․ Ղ-ի մարմինը գտել էին իր խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Նա երկար ժամանակ մեկուսի էր պահվել։
Սեպտեմբերի 2-ին էլ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպան եղավ կալանավոր, 31-ամյա Գեւորգ .Գ-ն։ Նա ևս կախվել էր ճաղավանդակից: Ըստ արդարադատության նախարարության հաղորդագրության, Գեւորգը իր դիմումի համաձայն մեկուսի է պահվել կարանտինային խցում:
Պաշտոնական վիճակագրության մեջ մեկ տողով անցնում են կենսաբանական մահով մահացած անձինք։ Թիվն այս անցյալ և նախանցյալ տարի անփոփոխ է եղել՝ 14։ Սա չի նշանակում, որ 14 անձինք մահացել են բնական մահով։ Բնական մահով կալանավայրում ոչ ոք չի մահանում։
Մարդիկ ծանր հիվանդություններ են ձեռք բերում բանտում, որոնք ավելի են խորանում տարիների ընթացքում։ Թե մահացածների որ մասն է մահացել թերի բուժօգնության, կամ վերջինիս բացակայության պատճառով, վիճակագրական տվյալներում չի նշվում։ Նման ուսումնասիրություն էլ ոչ քրեակատարողական ծառայությունում, ոչ էլ դատապարտյալ և կալանավորված անձանց առողջական խնդիրների համար պատասխանատու “Քրեակատարողական բժշկության կենտրոն” ՊՈԱԿ-ում չի արվում։
Մինչդեռ “Լրագրողներ հանուն մարդու իրավունքների” կազմակերպության 2023 թվականին ունեցած շփումները աատազրկվածների հարազատների հետ վկայում են, որ մեծ թվով բողոքներ կան հենց այս կառույցից։
Անցյալ տարվա սեպտեմբերին մահացավ “Արմավիր” ՔԿՀ-ում պահվող 46-ամյա կալանավոր Արմեն Սիմոնյանը։ Ունենալով բազմաթիվ առողջական խնդիրներ, նա չկարողացավ գոյատեւել Հայաստանի կալանավայրերում հիվանդների համար ստեղծված անտանելի պայմաններում, և մահացավ, անգամ սեփական դատավճռին չհասնելով։ Կալանավայրում նա սրտի կաթված տարավ։ Իսկ քույրը՝ Մարգարիտա Վարդանյանը, որին թույլ չտվեցին տեսնել հիվանդ եղբորը, մշտապես վեճ ու կռվի մեջ էր կալանավայրի աշխատողների, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկների, «Արմավիր» ՔԿՀ աշխատողների, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ղեկավարության հետ, որը պնդում էր, որ Արմենը լիարժեք առողջ է։ Նման դեպքերը բազմաթիվ են։
Սյուզան Սիմոնյան