Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում ողբերգական հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան դեպքից մեկ տարի է անցել, սակայն տուժողները դեռ անպատասխան հարցեր ունեն։ Հրդեհից հետո հարուցված վարույթի շրջանակներում իրականացված նախաքննությունից դժգոհ էին թե տուժողները, թե ամբաստանյալները։ Այս գործը դատաքննության փուլում է, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ մի քանի նիստ կայացել է, սակայն միևնույն է, թե տուժողները, թե նրանց պաշտպանությունն իրականացնող փաստաբան Նորայր Նորիկյանը իրենց հուզող հարցերի պատասխանները չեն ստանում։

«Այս մեկ տարվա ընթացքում մեզ հուզող բոլոր հարցերին ոչ միայն պատասխաններ չտրվեցին, այլ դրանք շատացան։ Այդպես էլ չիմացանք՝ ինչ է տեղի ունեցել», -այսօր հայտարարել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում 2023-ի հունվարի 19-ին խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 15 զինծառայող մահացել էր, 4-ը տարբեր այրվածքներով հոսպիտալացվել էին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի օրը կառավարության նիստում հայտարարել էր, թե հրդեհը բռնկվել է սպայի կողմից ավտոբենզինով վառարանը վառելու հետևանքով:

«Բնականաբար, երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել են ոչ միայն վառարանը, նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, էլի նախնական տվյալներով՝ այդ 5 լիտրանոցով բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»,- ներկայացրել էր վարչապետը։

Այս վարույթի շրջանակներում կա 5 ամբաստանյալ՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը, ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, որի մասին էլ հենց խոսել էր Փաշինյանը, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ. Մ.-ն և ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն:

Ըստ մեղադրական եզրակացության, ինժեներական ծառայության պետ Եղիշե Հակոբյանը կացարանում գտնվող զինծառայողների պաշտպանությունը չի ապահովել, ինչի հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են։ Իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը, Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և հենց ինչքը՝ Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փաստաբան Նորիկյանի գնահատմամբ, 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով քրեական վարույթը իրավապահները ծածկադմփոց են արել և «ճշմարտությունը բացահայտելուն ուղղված որևէ իրական քայլ չի իրականացվել»։

Օրինակ, իրավապահները, Նորիկյանի խոսքով, չեն քննել ու չեն պարզել՝ արդյոք Եղիշե Հակոբյանը կապ է ունեցել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։ «Տարօրինակ է, որ այս գործով որևէ քննություն չի իրականացվել պարզելու Եղիշե Հակոբյանի ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջև հնարավոր կապը այն դեպքում, երբ նման գործերով քննում են ու կամ հերքում, կամ հաստատում նման կապը», -նշում է փաստաբանը։ Ավելին, վարույթն իրականացնող մարմինը այդպես էլ չի դիտարկել հնարավոր այլ վարկածներ, և ընդամենը կենտրոնացել ու զարգացրել է կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածը՝ բենզինից հրդեհ առաջանալու մասին։

Ուշագրավ է, որ ըստ Նորիկյանի, նույն զորամասում նախորդ տարվա ողբերգական հրդեհից մեկ ամիս առաջ դարձյալ հրդեհ է բռնկվել, և մի ամբողջ ստորաբաժանում հրաշքով է փրկվել։ «Եթե դուք իրականացնեիք ձեր պարտավորություններից բխող աշխատանքներ, գուցե այս ողբերգությունը տեղի չունենար։ Այս ամենը անտերության հետևանք է։ Դա կրկնակի վատ է խոսում ձեր դեմ, եթե ձեր վարկածն եք դնում շրջանառության մեջ՝ պաշտոնեական անփութություն։ Ինչքան ձեր տեղում չեք եղել, որ թույլ եք տվել նույն զորամասում հրդեհից հետո հրդեհ լինի․ փնթի կառավարումը էլ ինչպե՞ս է լինում, Նիկո՛լ», -ասում է Նորիկյանը։

Փաստաբանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ է անում․ «Այդ զորամասը դիզվառելիքի յուրօրինակ շուկա է եղել, կրկնում եմ՝ պարզեք՝ որ սպաներն են ներգրավված դրա մեջ և դա վերադասության կարգով ուր է հասնում»։

Նախաքննական մարմնի անգործության պայմաններում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներն իրենց սեփական հետաքննությունն են իրականացրել, քանի որ չեն հավատում նախաքննական վարկածին։ Նրանք առաջիններից էին, որ եղել են դեպքի վայրում, իրականացրել քննչական գործողություններ, ուսումնասիրել կացարանում մահճակալների դիրքերը, ինչպես նաև տարածքից գտել իրեղեն ապացույցներ, օրինակ՝ տղաների հեռախոսները, որոնք անտեսել էր նախաքննական մարմինը

Զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը երկու հնարավոր վարկած ունի, որոնք քննչական կոմիտեն ու զինդատախազությունը անտեսել են։ «Կամ թուրքը մտել, տեռոր է արել, կամ էլ իրանց միջից բարձրաստիճան սպաները ինչ-որ թաքուն գործարք են կատարել, որի համար մեր տղաները խոչընդոտ են եղել, ամեն ինչ արել են, որ վերացնեն։ Եղիշե Հակոբյանն ու մյուսներն էլ կացարանում չեն եղել, եկել են, տեսել են, որ երեխեքը մահացած են ու հրահանգ են ստացել վառել։ Հիմա էդ ենք քննում՝ ոնց են գնացել մի քանի կմ հեռու բենզակալոնկայից բենզին վերցրել», -Forrights.am-ին մահացած զինծառայողների հարազատների վարկածն է փոխանցում Արտյոմ Գրիգորյանը։

Նրա խոսքով, վարչապետն ասում է, թե հրդեհը եղել է բենզինից, բայց այդ վարկածը հենց դատարանում հերքել է ականատես շարքայիններից Լևոն Խառատյանը․ «Հենց ինքը դատարանում հերքեց էդ վարկածը՝ ասելով, որ բենզին ինքը չի տեսել այնտեղ, Եղիշի մոտ։ Էնտեղ բենզին չի եղել»։

Զոհված զինծառայողների հարազատների համար տարօրինակ է՝ ինչպես են Լևոնը, Ժիրայրը, Եղիշեն, Գարուշը կարողացել փրկվել, ինչպես է Գարուշը կարողացել դուրս գալ նեղ ու փոքր կացարանից, իսկ օրինակ՝ Արամ Մանուկյանը, որը պապու ներկայացմամբ, ավելի հաղթանդամ էր, կացարանից փախչելու փորձ չի արել նույնիսկ։

Գարուշ Սարգսյանը այն զինծառայողն է, որը հենց նույն օրը իր հարցազրույցում պատմել էր, որ հրդեհի ժամանակ ննջարանի պատուհանի ճաղերի արանքից դուրս է եկել, փրկվել։ Նա այս գործով տուժող է։ Օրերս է ավարտել զինվորական ծառայությունը, վերադարձել տուն։ Մայրը՝ Էմմա Սարգսյանն ասում է՝ հրդեհից հետո շուրջ 4 ամիս որդին տարբեր բուժկենտրոններում բուժում է ստացել, թեպետ այժմ էլ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի․ ծանր է տանում իր ընկերների մահվան փաստը։

«Մեզ համար էլ շատ կարևոր ու շատ հետաքրքիր է իմանալ՝ ով է այդ հրդեհի հեղինակը, ինչ պատճառով է այդ դեպքը եղել։ Ապրող երեխեքը ուղղակի մեղք են։ Իմ տղան հոգեկան խանգարում ա ստանում էդ դեպքից։ Ծնողները չեն հասկանում, որ ինքը մեծ ցավ ա ապրում իր ախպերներին կորցնելու համար։ Հասկանո՞ւմ եք»,-Forrights.am-ին ասում է Գարուշի մայրը։

Նրա խոսքով, որդին ոտքերի ծանր այրվածքներ է ստացել, բուժվել է, որից հետո վերադարձել է զինծառայության։ «Չորս ամիս բուժվելուց հետո առողջ ճանաչեցին, ուղարկեցին ծառայությունը շարունակելու, բայց ինքը հոգեկան եսիմինչ վիճակների մեջ ա։ Ծառայել եկել ա, ես չեմ ուզում՝ իմ երեխեն նորից էդ ամեն ինչի միջով անցնի, որովհետև ինքը շատ տառապեց՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես», -ասում է Էմմա Սարգսյանը։

 

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest