«Էս տուն որ եկանք, ոչ մի բան չկար․ կամաց-կամաց տեղավորվեցինք»․ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից բռնի տեղահանված Առաքելյանները ժամանակավոր հաստատվել են Արալեզ գյուղում։ Տան տիկինը՝ 42-ամյա Լիանան, պատմում է՝ առայժմ դժվար են հարմարվում․ փայտե վառարանով էլ կարողանում են տաքացնել մեկ սենյակը․ «Փայտն էլ հազիվ ենք ճարում հարևաններից», ասում է նա։

Առաքելյանների ընտանիքը Վանք գյուղը լքել է դատարկաձեռն՝ ապաստարանից դուրս գալուց անմիջապես հետո։ Լիանան այդ ընթացքում մորից՝ 62-ամյա Էլմիրայից տեղեկություն չի ունեցել, մինչև հասել է Ստեփանակերտ․ «Պապայենք անտառում էին կռվի ժամանակ, հետո գյուղ չեն կարողացել գնալ, որ հարազատներին հանեին։ Ստեփանակերտում ծանոթներից մեկը նկար ցույց տվեց ու ասեց մամաս ա՝ գլուխը կտրել են»։ Հիշում է՝ երկու օր սգի մեջ է եղել, կարծելով, որ ադրբեջանցիները մտնելով Խնկավան  գյուղ՝ խոշտանգելով սպանել են մորը։ Միայն մի քանի օր անց է իմացել, որ տիկին Էլմիրային գերության մեջ են պահել, պարբերաբար ծեծել են, զենքի կոթով կոտրել ուսը, սոված պահել․ «Մամային կարմիր խաչով են բերել Հայաստան, մի ամիս համարյա չէի տեսել, որովհետև մեքենա չունեինք, որ գնայի մոտը։ Մի օր ինձ անակնկալ արեց՝ իր ոտքով եկավ էս տուն, ես էլ իրեն ասեցի՝ էլ քո համար չեմ լացելու, երկու օր սուգ եմ կապել»։

Հյուրասենյակում երեք մահճակալի վրա հարմար տեղավորվել են տան կանայք՝ Լիանայի ամուսնու մայրը, ինքը և երկու աղջիկները՝ 20-ամյա Լիլիթը և 19-ամյա Էլենան։ Կորյունը՝ Լիանայի ամուսինը, առողջական խնդիրներ ունի, սակայն աշխատանք է գտել գյուղում․ «Մեր գյուղում՝ Վանքում,  ամեն ինչ էլ ունեինք։ Աշխատում ու ստեղծում էինք։ Լիլիթս որ ընդունվեց բժշկական համալսարան՝ Կորյունը մեր դպրոցում սկսեց աշխատել։ Աշխատավարձի քարտը ուղարկեցինք Երևան, որ Լիլիթս մտածեր սովորելու մասին», պատմում է Էլիանորան՝ Կորյունի մայրը։

69-ամյա տիկին Էլիանորան ընդհատումներով ու երկար լռությամբ է հիշում սեպտեմբերի 19-ը, երբ Վանք գյուղի առօրյան ընդհատվեց կրակոցներով։ Պատմում է, որ մի ամբողջ օր ստիպված են եղել մնալ ապաստարանում՝ անորոշության ու մթության մեջ, իսկ հաջորդ օրն էլ իմացել են գյուղը լքելու մասին․ «Մեզ եկան ու ասեցին, որ մի շիշ ջուր վերցնենք հետներս ու մեր անձնագրերը։ Ասեցին, որ արդեն ադրբեջանցիները գյուղ են հասնում, հանարավոր է անտառներով փախչենք՝ մենք էլ ոչինչ չվերցինք ու զինվորական ՈՒԱԶ մեքենայով լքեցինք գյուղը։ Մեքենայում 30-ից ավել մարդ կար, բաց տանիքով՝ անձրևների տակ, եկանք Հայաստան»։ Պատմելու ընթացքում Լիանան միջամտում է, պատմում, որ գյուղում մեկօրյա կռվից հետո շատ զոհեր են եղել, սակայն շատերի ճակատագրերը անհայտ է․  «Մեզ ոչ հայրենիք մնաց, ոչ էլ հող, բա մեր երեխեքի խեղճ մամաներն ի՞նչ անեն հիմա, որ չգիտեն՝ իրենց զինվորը ողջ է, թե մեռած»։

Առաքելյանների ընտանիքում դեռ թարմ են գաղթի ճանապարհի մանրամասները։ Վանք գյուղից դուրս գալու ճանապարհը հեշտ չէր։ Տիկին Էլիանորան հիշում է՝ կրակոցների ուղեկցությամբ անցել են ճանապարհը ու մի կերպ հասել Ստեփանակերտ, որտեղ նրանց սպասում էր անորոշությունը․  «Մեզ ասել էին, որ տղամարդկանց չեն թողնելու գան Հայաստան, եթե զինվորական լինեն կամ գրքույկ հայտնաբերին մեզ մոտ։ Մեզ հետ մեքենայում մի տղայիս ընտանիքն էր։ Մյուս տղաս՝ Կարենը, դեռ դիրքերից չէր իջել, որ դուրս եկանք գյուղից։ Ես չգիտեի՝ իրենց հետ ինչ կլինի։ Ընտանիքիցս տեղեկություն չունեի մի քանի օր», պատմում է Էլիանորան։

 

Տան կարոտն առնելով լուսանկարից․ Մի լուսանկարի պատմություն 

Առաքելյանների ընտանիքը Վանք գյուղում թողել է երկու տուն, իսկ 44-օրյա պատերազմից հետո Քարվաճառում մնացել է ընտանիքի հողատարածքը և անասնագոմը, որը երկար տարիներ եկամտի աղբյուր էր ընտանիքի համար։ Տան մասին խոսելիս կանանց ձայնը դողում է, ամենայն մանրամասնությամբ հիշում են, թե որ անկյունում ինչ կար։ Ափսոսում են, որ վերջին անգամ չեն կարողացել հավուր պատշաճի հրաժեշտ տալ իրենց տանը․  «Մեր շորերն անգամ չհասցրինք վերցնել, ի՞նչ իմանայինք, որ էլ չենք գնալու մեր տուն», ասում է Էլիանորան։ Իրենց տնից մնացել է միայն մեկ լուսանկար, որն արել է հարևաններից մեկը, երբ սեփական մեքենայով դուրս է եկել գյուղից․  «Սա հեռվից է նկարել։ Մենք արդեն Հայաստանում էինք, երբ մեր հարևանը Էլենայիս էր ուղարկել մեր տան նկարը։ Գրել էր, թե վերջին անգամ տեսեք ձեր տունը։ Ուրիշները վիդեոներ են արել իրենց տնից ու դուռը փակել․ Մենք դա էլ չհասցրինք», արցունքների միջից հազիվ լսելի է Էլիանորայի ձայնը։

Իրենց տան միակ լուսանկարը կրտսեր թոռան՝ Էլենայի մոտ է։ 19-այմա աղջիկն հաճախ է նայում լուսանկարին, մոտեցնում ու արցունքներով հիշում, թե ինչպես է ամեն անգամ Ստեփանակերտից եկել գյուղ՝ տան կարոտն առնելու։ Երբ վերջին անգամ եկել է, մայրը՝ Լիանան, ձմեռվա պատրաստություն է տեսել՝ պատրաստելով համադամ կոմպոտներ․  «Ցավոք, միայն լուսանկարները մեզ մնացին», ասում է Էլենան։

Էլենան արդեն 19 տարեկան է, սակայն հասցրել է տեսնել՝ ինչ է պատերազմը։ Փոքր աղջկա մասին խոսելիս Լիանան ասում է, թե տարիքից մեծ է երևում, որովհետև հասցրել է սեփական մաշկի վրա զգալ պատերազմի ողջ ծանրությունը։ Մայրը հիշում է՝ Ստեփանակերտ հասնելու ճանապարհը ամենաբարդն էր, քանի որ երկու աղջիկների հետ էլ չի կարողացել կապվել՝ Լիլիթը Երևանում էր, իսկ Էլենան՝ Ստեփանակերտում։

«Էլենը մինչև հիմա չի պատմում՝ ինչ է տեսել հիվանդանոցում աշխատելիս», նայելով փոքր քրոջը ասում է Լիլիթը։ Էլենայի մանկության երազանքը բժշկուհի դառնալն էր, սակայն երբեք չէր կարող պատկերացնել, որ ստիպված կլինի վաղ տարիքում հանձն առնել շատ  պարտավորություններ։ Հիշում է՝ սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի հերթապահությունից եկել է ու քնել, սակայն կանխազգացել է՝ ինչ-որ բան տեղի է ունենալու: Հաջորդ օրը հիվանդանոց գնալով հասկացել է՝ պատերազմ է․  «Վիրավորներին բերում էին շատ արագ․ ինչ-որ պահից չէինք հասցնում բոլորին տեղավորել։ Մի տղա կար՝ շատ սիրուն էր, ծնոտը համարյա կորցրել էր։ Ես իր մոտ էի անընդհատ։ Մի օր լուսանկար տեսա ու նմանեցրի տղային։ Հիմա բոլորի դեմքերը հիշում եմ», պատմում է Էլենան։

Էլենայի համար միայն մեկ դժվարություն կար․ անընդհատ մտածում էր վիրավորների ու զոհվածների մասին՝ ո՞ւր տարան, ո՞վ եկավ իրենց հետևից, ի՞նչ եղավ իրենցից յուրաքանչյուրի հետ։ Էլենան ընտանիքի հետ կարողացել է կապվել սեպտեմբերի 22-ից. մինչև այդ չի լքել հիվանդանոցը․  «Օրվա վերջում էի միայն նկատում, որ ամբողջ հագուստս արյան մեջ կորած է, բայց աշխատում էինք, որովհետև այլ տարբերակ չունեինք։ Հիվանդանոցում մի կին կար մեր գյուղից՝ ծանր վիրավորում ուներ, ուզում էի մոտենալ ու հարցնել՝ ո՞ւր են մերոնք, ի՞նչ գիտի իրենց մասին, բայց խոսել չէր կարողանում», ամենադժվար օրվա մասին հիշում է 19-ամյա Էլենան։ Նա ընտանիքի հետ կարողանում է կապվել սեպտեմբերի 22-ին և հանդիպում է օրեր անց։ Երեք օր անց Էլենան իր ընտանիքի հետ լքում է Ստեփանակերտը։

Ավագ քույրը՝ Լիլիթը, Երևանում էր։ Հիշում է՝ բժշկական համալսարանում հարցման էր, սակայն ուժ չի ունեցել պատրաստվելու, որովհետև ոչ՛ մորական, ոչ էլ հորական կողմի հարազատների հետ չի կարողացել կապվել։ Մեկ անգամ խոսել է քրոջ հետ ու կապն ընդհատվել է։ Զանգը զանգի ետևից, սակայն ապարդյուն․ Լիլիթը օրեր շարունակ չի կարողացել խոսել մոր հետ, իսկ հետո էլ իմացել է, որ մորական տատիկը՝ 62-ամյա Էլմիրան, մնացել է Խնկավանում՝ առանց որևէ օգնության․  «Անընդհատ զանգում էի բոլոր բարեկամներիս, բայց ոչ մամայենցից լուր ունեի, ոչ էլ տատիկից։ Խոսել էի պապիկի հետ ու գիտեի, որ անտառում են, իսկ տատիկը մնացել է գյուղում», պատմում է Լիլիթը։

Լիլիթին Կարմիր Խաչից հայտնել էին, որ ոչինչ անել չեն կարող, եթե գիտի, որ ադրբեջանցիները գյուղ են մտել, ուրեմն կամ տատիկն արդեն զոհվել է կամ գերեվարվել․  «Սեպտեմբերի 19-ին Գետավանից տատիկին գերի են վերցնում։ Տան բակում էր, երբ ադրբեջանցիները բռնի ուժով նստեցնում են մեքենան ու տանում Քարվաճառ։ Տատիկն այնտեղ մնում է 6 օր և ենթարկվում տանջանքների՝ առանց հաց ու ջրի։ Կարմիր Խաչով հետո բերում են Հայաստան՝ Ճամբարակ։ Մենք գիտեինք, որ տատիկը զոհվել է։ Համացանցում մի տեսանյութ ենք տեսնում, որտեղ տատիկը պատմում է գերեվարության մասին։ Զանգում եմ մամային ու ասում, որ տատաիկը ողջ է։ Նույն օրն էլ քեռին տատիկի մոտ գնում», պատմում է Լիլիթը։ Այժմ տիկին Էլմիրան ապրում է որդու ընտանիքի հետ Սառնաղբյուր գյուղում և անցնում է վերականգնողական կուրսեր՝ լիովին ապաքինվելու համար։

Անցած օրերի մասին կանայք խոսում են փոքր ինչ ուրախությամբ․ սփոփում է միայն այն հանգամանքը, որ կարողացել են միմյանց գտնել ու բարեհաջող հասնել Հայաստան։ Իրենց նոր բնականարում դեռ կենցաղային պայմանները բավարար չեն, բայց հույսը չեն կորցնում՝ նորից տուն ստեղծելու․  «Ամենավատն անցավ։ Այժմ ցավն ու կարոտն է մնացել, բայց հույսներս չենք կորցնում», արցունքների միջից ասում է տիկին Էլիոնորան։ Զանգում է հեռախոսը․ Վանք գյուղի իրենց հարևանն է․  «Փառք Աստծո, հարազատ մարդիկ մեզ մնացին», ասում է նա։

Շուշանիկ Փափազյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest