30-ամյա Լուսինե Պողոսյանը հրաշքով է փրկվել նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի ողբերգական պայթյունից։ Միայնակ մայրը ընտանիքին Հայաստան տեղափոխելու համար հերթագրվել է, որ բենզին ստանա, սակայն տեսնելով՝ հերթը ստվարանում է, որոշել է չկանգնել և իր ունեցած 8 լիտր բենզինով դուրս գալ տեղահանվող Ստեփանակերտից։

«Մտածեցի իմ ունեցած 8 լիտր բենզինով փորձեմ հասնել Գորիս, այնտեղից արդեն հեշտ կլիներ բենզին գնելը», -ասում է Լուսինեն՝ նշելով, որ ցուցակում 40-րդ համարն էր, բայց չի սպասել իր հերթին, դրա փոխարեն ընտանիքին է պատրաստել տեղահանման։

Երիտասարդ կնոջ խնամքին երեք անչափահաս տղաներն են ու ծնողները, հայրը՝ 2-րդ կարգի հաշմանդամություն ունի։ Երեխաներին արդեն 4 տարի է՝ մեծացնում է միայնակ։ Նրանք մոր հետ միասին ապրել են 2020-ի ծանր պատերազմն ու ժամանակավոր տեղահանումը Հայաստան, իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման հետևանքով ստիպված եղան վերջնականապես հեռանալ Ասկերանի շրջանի հարազատ Իվանյան գյուղից։

«2020-ի պատերազմից հետո մենք առաջին ընտանիքներից էինք, որ վերադարձանք Արցախ։ 20 թվականից հետո կյանքը Արցախում այլ էր, գիտակցում էինք, որ Ադրբեջանը ամեն պահի կարող է դիմել սադրանքի, այդպես էլ եղավ՝ փակեց ճանապարհը, կտրեց գազամատակարարումը, հովհարային անջատումներ էին․․․ բայց պատերազմի պատրաստ չէինք», -ասում է Լուսինե Պողոսյանը։

Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման ժամանակ երեխաների հետ նկուղներում են եղել․ «Երկու օր մնացինք նկուղներում, կիսասոված, սթրեսային վիճակում էին երեխաները, ահավոր տեսարան էր։ Երբ արդեն հրադադար հաստատվեց, մարդկանց մի մասը գնացին ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ օդանավակայան, իսկ մենք ընտանիքով վերադարձանք տուն։ Թաքուն հույս ունեի, որ մի լավ լուր կլինի, ստիպված չենք լինի լքել մեր հայրենիքը։ Բայց այդպես չեղավ։ Հասցրինք հավաքել կարևոր փաստաթղթերն ու ճանապարհ ընկնել դեպի անորոշություն»։

Լուսինեի վեց հոգանոց ընտանիքը նրա փոքր մեքենայով (մակնիշը՝ Nissan March) երկու օր ճանապարհ է անցնում։ Ասում է՝ տեղահանվող մարդիկ շատ էին․ մեքենաների շարժը՝ դանդաղ, ու այնքան խիտ էին հազիվ ընթացող մեքենաների շարքերը, որ հնարավոր էր կանգնել, միմյանց հետ խոսել, որպիսություն հարցնել։ «Այդ ժամանակ մենք իմացանք, որ ճանապարհին մարդ է մահացել, կարծես ասացին՝ սիրտն է վատացել, բոլորը մի ողբերգական դրվագ ունեին, լսում էինք ու սփոփում միմյանց։ Երեխաները ուտելիք, ջուր էին ուզում, մարդիկ միմյանց օգնում էին՝ վերջին ունեցածը իրար բաժանելով։ 40 աստիճան ջերմություն ունեի, երևի սթրեսից էր, բայց ես իմ մեջ ուժ էի փորձում գտնել գնալ առաջ։ Այդ ժամանակ միայն մի բանի մասին էի մտածում՝ ընտանիքիս ապահով հասցնեմ Հայաստան»։

Հայաստանում մեկ օր Լուսինեն ու իր ընտանիքը մեքենայի մեջ են ապրել, գիշերել։ Եվ միայն ծանոթների օգնությամբ կարողացել են բնակարան վարձակալել։ Նրանց երևանյան բնակարանը մեկ սենյակ է, ընտանիքի վեց անդամների համար հարմարություններ չկան։ Ասում է՝ առայժմ շոկից չեն կարողանում դուրս գալ։

«Դեռ շոկի մեջ ենք, մինչև օրս դեռ չեմ ադապտացվել, բայց փորձում եմ համակերպվել», -ասում է երիտասարդ կինը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest