«Շատ էր լինում, որ զանգահարում էին ինձ ու հարցնում՝ այս զինվորից, այն զինծառայողից տեղեկություններ ունե՞ս։ Վախտ է եղել, որ չեմ ուզեցել ասեմ, որ զոհվել են, ասել եմ տեղեկություն չունեմ»,-Forrights.am-ի հետ զրույցում Արցախի տարբեր դիրքերում բուժակ աշխատած Սերգեյը հիշողություններն այս պատմությամբ է սկսում։

Սերգեյ Սահակյանը 27 տարեկան է, պայմանագրային զինծառայող է եղել, թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ սեպտեմբերի 19-ին դիրքերում է եղել․ տեղից տեղ է տեղափոխվել վիրավորների կյանքը փրկելու համար։ Ասում է՝ մի քանի րոպեն էլ կարող էր վիրավորի համար ճակատագրական լիներ։

«Շատ են եղել դեպքեր, որ եթե մի քանի րոպե ուշացնեինք, վիրավորը կմահանար։ Եղել է, որ կապ ենք տվել, ազատ ավտո չի եղել, որ վիրավորին տեղափոխի, մենք ենք մի անգամից հիվանդանոց տեղափոխել։ Եթե երեք րոպե ուշացնեինք, հնարավոր չէր լինի կյանքը փրկել։ Հիվանդանոց տեղափոխելու հնարավորությունը շատ քիչ էր, բայց այդ քիչ հնարավորությունն էլ օգտագործում էինք, որ կյանքեր փրկեինք։ Այդ դիրքում որտեղ ես էի միայն վիրավորներ էին, զոհեր չունեինք, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ շատ էին զոհերը, սարսափելի վիճակ էր»,-ասում է Մարտունի 2-ում և 3-ում ծառայած Սերգեյը։

Նա սեպտեմբերի 19-ին Մարտունիում է եղել՝ հերթապահելիս գնդի բուժկետում։ «Պետը զանգեց, ասաց՝ շուտ արի, գնում ենք դիրքեր, իրավիճակը լուրջ է։ Միանգամից բարձրացանք դիրքեր։ Հենց հասանք դիրքեր սկսեցին արկերով կրակել դիրքի վրա։ Այդ պահից սկսած չէի կարողանում կապ հաստատել մերոնց հետ»,-կրակոցներ կային, բայց զինակիցներին առաջին օգնություն ցուցաբերելը խիստ անհրաժեշտություն էր։

«Որ կանչում էին, չէինք նայում, որ կրակում են, սնայրադ է գալիս, մի անգամից քշում, գնում էինք։ Դեպք է եղել, որ արյունահոսում էր է, պետք էր շուտ կանգնացնել։ Եթե կապ էր լինում, կապ էինք տալիս, որ գնդի բժիշկները գային, դիմավորեին, եթե չէ մենք էինք տեղափոխում։  Մեքենայի ուղղությամբ էլ էին կրակում, բայց վնաս չէին կարողանում հասցնել։ Կանգնած տեղը սնայրադը գցեցին, դիմապակին ջարդուփշուր եղավ, բայց մեքենան աշխատում էր, այդպես քշում էինք, վիրավորներին օգնություն էինք տրամադրում։ Սեպտեմբերի 20-ին, որ ասացին պատերազմը կանգնեցնում են, կապ տվեցին, ասացին, որ ուրիշ դիրք գնամ, քանի որ զոհեր ու վիրավորներ ունենք, սկոռին չի հասցնում, գնա օգնի։ Երբ հասա այդ տեղամաս, չթողեցին բարձրանամ, քանի որ բաց տեղերը շատ էին, իսկ այդ ուղղությամբ ինտենսիվ կրակում էին»,-պատմում է Սերգեյը։

44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի 2-ում է ծառայել։ «Ես Երևանում դասընթացների էի, 27-ի առավոտյան արթնացանք, ասացին, որ Ղարաբաղում իրավիճակը լուրջ է, պատերազմ է սկսվել։ Արցախցի մի տղա կար հետս, մի անգամից նստեցինք իր մեքենան ու եկանք Արցախ»։

Սերգեյն այժմ կնոջ հետ բնակվում է Սևանում՝ վարձով։ Երիտասարդ ընտանիքն աջակցության կարիք ունի, փորձում է աշխատանք գտնել, բայց չի հաջողվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest