Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այս գիշեր որոշել է բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և երկու մասով կալանավորել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին:

Վերջինը, հիշեցնենք, 2020 թվականի 44-օրյա պատերազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ազգային հերոսի կոչման է արժանացել:

Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը պատրաստվում է բողոքարկել կալանավորելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը. «Սեղմ ժամկետներում վերաքննիչ բողոք կներկայացնենք»:

Տիրան Խաչատրյանի նկատմամբ դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով»:

Այս հոդվածով պատիժը սահմանվում է ազատազրկում` չորսից ութ տարի ժամկետով:

Դեռևս հունվարի 12-ին լրատվամիջոցները տեղեկացրել էին Կոտայքի մարզի Արամուս գյուղի ռեստորաններից մեկում կրակոցներով ուղեկցված միջադեպի մասին, որին մասնակից է եղել գեներալ Տիրան Խաչատրյանը: Ըստ այդ հրապարակումների, Տիրան Խաչատրյանը վիճաբանության ընթացքում կրակոցներ է արձակել, որի հետևանքով եղել է վիրավոր անձ: Նույն լուրերի համաձայն, Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել դեպքի վայրից:

«Մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր,  գեներալ Խաչատրյանը փախել կամ թաքնվել է քննությունից, չի համապատասխանում իրականությանը, հերյուրանք է և նպատակ ունի բացասաբար ազդելու գեներալ Խաչատրյանի հեղինակության վրա։ Ձերբակալման պահին գեներալ Խաչատրյանը գտնվել է ինձ հետ․ մենք միասին պատրաստվում էինք դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին։ Տեղեկությունը, ըստ որի` Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում իրականացրել է խուլիգանություն, նույնպես հերյուրանք է։ Գործի նախաքննությանը չվնասելու նպատակով այս փուլում զերծ կմնանք գործի մանրամասների վերաբերյալ հրապարակային հայտարարություններից, սակայն վստահեցնում ենք, որ գործի քննությունը ցույց կտա, որ որևէ խուլիգանական արարք Տիրան Խաչատրյանը թույլ չի տվել», -հայտարարել էր փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես եկավ հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով, որ Արամուս գյուղից մի անձ աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: «Նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր: Հարցաքննվել են անձինք։ Ձեռքի շրջանում վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հանդես է եկել գործող իշխանությունների ու նրանց վարած քաղաքականության դեմ: Նա այն գեներալներից մեկն էր, որը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հաշվի առնելով նրա քաղաքական կեցվածքը փաստաբան Վարազդատ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնում է:

«Այս պահին բուն դեպքի մասով քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, բայց խիստ մտահոգված եմ խափանման միջոցի ընտրության հարցով, որովհետև այս պարագայում կալանքը բացարձակ համաչափ չէր, և կալանքի հիմքերը իսպառ բացակայում էին», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է փաստաբանը:

Նրա ներկայացմամբ, նախաքննական մարմինը իր միջնորդության մեջ նշել է, որ Տիրան Խաչատրյանը օգտագործելով իր հեղինակությունը կարող է խոչընդոտել նախաքննությանը կամ խուսափել դրանից: Սակայն, ըստ փաստաբանի, որևէ հիմնավորում ներկայացված չէ այդ կանխատեսումների համար: Ավելին, նրա խոսքով, վարույթն իրականացնող մարմնի հետ իրենք «ակտիվ համագործակցում են»: «Տիրան Խաչատրյանը չի հրաժարվել, չի խուսափել ոչ մի հարցաքննությունից, ոչ մի քննչական գործողությունից, ոչ մի նմուշառումից: Որևէ մեկի նկատմամբ որևէ ազդեցություն չի գործադրել», -նշում է փաստաբանը:

Խաչատրյանի պաշտպանությունը կալանքի միջնորդության քննության ժամանակ ներկայացրել է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններ, սակայն դրանք մերժվել են:

«Մենք հասկանում ենք, որ նախաքննություն է, որոշակի սահմանափակումներ պետք է լինեն, բայց պետությունը նախատեսել է գործիքակազմ, որ նման դեպքերում փոխարինում են ծայրահեղ խափանման միջոցին՝ կալանքին: Այլընտրանքային խափանման միջոցը իր պարագայում չի կիրառվում, բայց այլ հավասար պայմաններում կիրառվում է, ինչպե՞ս հասկանալ: Կանխատեսական բնույթի մտավախությունները չեն կարող դառնալ անձին ազատությունից զրկելու պատճառ: Կանխատեսումների հիմքում պետք է ռեալ փաստական հանգամանքներ լինեն: Չես կարող ասել՝ ես ունեմ մտավախություն ու չհիմնավորես մտավախությունդ որևէ փաստական հիմքով: Գիտե՞ք որն է եղել հիմնավորումը, նրա հեղինակությունը, այսինքն՝ նախաքննությանը խոչընդոտելու հիմքում դնում են անձի հեղինակությունը: Տպավոորություն է, որ հեղինակություն ունենալը վատ բան է, իսկ ես մտածում է՝ դա խոսում է անձի պարկեշտության մասին», -ներկայացնում է փաստաբանը:

Նկատենք, որ այս միջադեպով բացի Խաչատրյանից, ևս 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ: Նրանցից երկուսի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել, իսկ երրորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest