Երկու անչափահաս երեխաների հայր, 26-ամյա Արշակ Միրզաբեկյանը անցած տարվա սեպտեմբերի 19-ից որոնվում է որպես անհետ կորած: Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչը ադրբեջաական ռազմական գործողությունների ժամանակ գտնվել է դիրքերում, իսկ երկու ժամ անց նրա հարազատներին ասել են, թե Արշակը վիրավոր է ո ւտեղափոխվել է Ստեփանակերտ: Ավելի ուշ պարզվել է, որ նրան վիրավոր վիճակում թողել են դիրքերի մոտ ու հեռացել:

Արշակի Եղբայրը` Կարենն ասում է. «Եթե իմանայինք, որ թողել են մարտի դաշտում, կգնայինք, կփրկեինք:  Բայց մեզ խաբեցին, թե Ստեփանակերտ են տեղափոխել, ու մենք գնացինք Ստեփանակերտ… Եղբնայրս աշխարհազոր էր: Կռվի սկսելու օրը 11:30 զանգել, մեծ եղբորս հետ խոսացել է, ասել է, որ ամեն ինչ նորմալ է, մեկ ժամից կռիվը սկսել է… Եթե ասեին` կարող է մենք գնայինք, հանեինք, ոչ թե սպասեինք, որ նրանք մի բան անեն: Ասում են, դիրքերից ինչ-որ չափով իջացրել են ու թողել: Հետո ասում են` տանկերն են մտել, ինչ-որ բաներ են եղել: Հետո էլ ասում էին` զոհվել է, դրա համար թողել են այդտեղ, թաքցրել են, որ թուրքը չտանի, եկել հասել են իրենց տները, երեխաներին առել են, գնացել են Ստեփանակերտ: Մինչեւ հիմա բոլորի հետ խոսում ենք, հետաքրքրվում ենք, ամեն մեկը տարբեր բան ա ասում, խոսակցությունները շատ տարբեր են»:

Միրզաբեկյանների ընտանիքն այժմ ապրում է Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում, սակայն դեռ ի վիճակի չէ մտածել ապագայի ու իրենց նոր խնդիրների մասին:

«Հիմա մեր միակ գործը եղբորս փնտրելն է: Մեր ընտանիքը գյուղից ամենավերջիններից մեկն է դուրս եկել: Լսել էինք, որ եղբայրս վիրավոր է, սպասում էինք, որ մի լուր լինի նրանից… Ստեփանակերտում երբ նրան էինք փնտրում, մեզ ասացին, որ բոլորը` թե զոհվածները, թե վիրավորները, թե բոլոր մարդիկ արդեն տարվում են Հայաստան, հասնելու են ձեզ, չթողեցին էլ մնանք, ասեցին` գնացեք: Եկանք Տեղ գյուղ, հետո Գորիս, գրանցվեցինք, եկանք մի տուն ճարեցինք ու մնացինք»:

Հիշելով հարազատ գյուղից հեռանալն ու Հայաստան մեկնելը, Կարենն ասում. «Երկու գիշեր ճամփեքին ենք եղել: Բոլորս տարբեր ավտոներում ենք եղել: Պապան իր մեքենայով 12 հոգի մարդ է բերել, մեր երեք հարսները, նրանց երեխաները, ես ուրիշ ավտոյով էի, եղբայրս ուրիշ: Երկու գիշեր մեկիս մյուսի մասին տեղեկություն չենք ունեցել»:

Կարենը պատմում է, որ Արցախի շրջափակման ամիսների պակաս բան չեն ունեցել, ավելին` շատերին օգնել են, քանի որ սեփական հողամաս ու մթերք են ունեցել. «Ամեն ինչ էլ ունեինք, որ գյուղացի էինք, մեզ ավելի հեշտ էր, ծանր չէր: Գյուղով հավաքվել ենք մեր բոստաններից մի մեքենա էինք բարձել, տարել Ստեփանակերտում բաժանել էինք երեխաներին: Ամեն ինչ էլ կար, քաղցրը մենակ չկար երեխաները համար, մնացած ամեն ինչ կար… Բայց մեր տնից հեռացանք ու ոչինչ չկարողացանք վերցնել»:

Անհետ կորած Արշակ Միրզաբեկյանի եղբայրն ասում է` ամեն օր կապի մեջ է Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որոնք  իրեն ասել են` այժմ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում առաջիկա օրերին այցելելու ու ստուգելու համար այն վայրերը, որտեղ, ըստ վերջին տեղեկությունների, եղել է Արշակը: Կարենը լիահույս է, որ այսքան ամիս հետո եղբոր մասին գուցե լավ լուր լինի:

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest