Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից տեղահանված Միրզաբեկյանների ընտանիքը դժվարությամբ է խոսում վերջին պատերազմի մասին: Ութ երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի ավագ որդին` Վահագը զոհվել է սեպտեմբերի 19-ին, սակայն նրան հայտնաբերել են մեկ ամիս անց միայն` Վանաձորի դիահերձարանում:
Վահագ Միրզաբեկանը պայմանագրային զինծառայող էր: Սեպտեմբերի 19-ին նա տանն էր: Հոր` Ռոբերտի խոսքով, որդին դիրքերից իջել էր սեպտեմբերի 7-ին.
«Մյուս անգամ սմենի պետք է սեպտեմբերի 22-ին գնար: Ամսի 15-ին հրամանատարը համար 1 տվեց, կանչեց: Ասեցի` մի գնա: Պապա, ոնց չգնամ: Ասեցի` ասա, թե տանը չեմ: Ասեց` չէ, չեմ անի: Ասեցի` խալխերը ոնց են անում: Գնաց: Հետո ամսի 18-ի լույս 19-ի գիշերը նորից հրամանատարը համար 1 է տալիս: Ես էլ եմ ծառայող եղել, աշխարհազոր եմ եղել: Ուզեցա հագնվեմ, գնամ` չթողեցին տանը: Ժամը 13:10 սկսվեց: Ես տանն էի, զանգեցի, ասացի` Վահագ, կրակոցները ձեզ մոտ են? Ասեց` հա, պապա, կռիվը սկսվել է արդեն: Ասեցի` ուշադիր կաց… Ժամը 14:20 ինքը զանգեց: Այդ ժամանակ մեր գյուղի կողքերում խփում էին արդեն: Հարցրեց` գյուղի վրա էլ են խփում, ասացի` չէ, պոստերում է: 15-20 րոպեից կապը կորավ»:
Նույն գիշերը գյուղի բնակիչները տարհանվել են նախ հարեւան բնակավայր, ապա Ստեփանակերտի օդանավակայան: Ընտանիքը իր տանից միայն երկու ծածկոց է հասցրել վերցնել:
Ռոբերտ Միրզաբեկյանը չի հասկանում` ինչպես էր հնարավոր նման լարված ու վտանգավոր իրավիճակում զինծառայողներին առանց հրամանատար եւ սպա թողնել. «Ասում են լեգենդար հրամանատար է Քյոխը: Եթե հաղորդագրություն է ստանում հարձակման, երեք օրվա ընթացքում երկու անգամ համար 1 է տալիս, բայց ոչ պոստերն է համալրում, ոչ սպա է ուղարկում դիրքերը: Պատերազմը սկսվում է ու այդպիսի վիճակ»:
Զոհված զինծառայողի հայրը պատմում է, որ երբ զանգել է Քյոխին, նա ասել է, որ Վահագի մասին լուր չկա, սակայն հաստատ կարող է ասել, որ պայմանագրային զինծառայողներից ոչ մի զոհ չկա, որ Վահագը հավանաբար կամ անտառներում է, կամ, վատագույն դեպքում, գերի է ընկել: «Հարցրի` ճանաչում ես իմ տղային, ասաց` ոնց չեմ ճանաչում, իմ լավագույն դիպուկահարն է»:
Մեկ ամիս շարունակ հայրը փնտրել է որդուն եւ հիվանդանոցներում եւ դիահերձարաններում, անընդհատ զանգել է հրամանատարին, ծառայակիցներին, սակայն ոչ մի լուր չի եղել: Վերջապես մեկ ամիս անց նա լուսանկարներ է ստացել Վանաձորի դիահերձարանից, որոնցում ճանաչել է որդուն:
«Դեմքը անճանաչելի էր, բայց ես մարմնով ու մոտի իրրերով ճանաչում եմ տղայիս…Ասում են` հենց խրամատում է զոհվել»:
Վահագի մայրը ասում է` Արցախի շրջափակման ամիսները իրենց համար ծանր չէին, քանի որ իրենք իրենց համար ամեն ինչ ունեին, ավելին` փորձում էին ուրիշներին էլ օգնել.
«Սեփական տուն ունեինք, սեփական հող ունեինք…Ամեն ինչ ունեցել ենք բոստանում` կարտոֆիլը, լոբին, մենք մեզնով ապրել ենք, դեռ շատերին էլ օգնել ենք: Քաղաք էլ ենք ուղարկել, երկու ամուսնացած աղջիկներիս, տեգորս աղջկան, ով քաղաքում վարձով է մնալիս եղել: Նրանց էլ ենք օգնել: Ամուսնուս ընկերոջն էլ, ով քաղաքում է մնալիս եղել, մորքուրի տղային ենք օգնել, այստեղ Կապանից մի տղա մեր մոտ ծառայելիս է եղել, ասել ենք` արի մեր տանը մնա: Տղայիս ընկերն է եղել: Շատերին ենք օգնել… բայց Աստված պահել չի մեր խոխին…ոչ ոք օգնության չի գնացել նրան, թողել են պոստում»։
Անի Գևորգյան
Մանրամասները ՝տեսանյութում
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։