27 տարեկան Դիանա Աղասյանին, որն եկել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից ու նոր կյանք է սկսել Հայաստանի Լճաշեն գյուղում, ոչինչ պետք չի։ Կարիքներ ունի, իհարկե, կենցաղային հարցեր, բարդություններ Արցախից բռնի տեղահանված շատ ու շատերի նման։ Բայց չի ուզում խոսել այդ ամենի մասին։ Ոչինչ չի խնդրում։
«Մեզանից շատ վատ ապրողներ կան, նրանց թող օգնեն, իսկ մենք արդեն այստեղ հարմարվել ենք”, — ասում է Դիանան։ Ամուսնու մասին էլ՝ 32-ամյա ավագ լեյտենանտ Կարապետյան Գրիգորիի, որը զոհվել է 23 թվականի սեպտեմբերի 19-ին Սրխավենդի դիրքում, աշխատում է քիչ պատմել։
«Ծնվել է Արցախի Առաջաձոր գյուղում։ 2009֊ 2011թթ Արցախի ՊԲ ժամկետային 2014֊2022թթ պայմանագրային զինծառայող էր։ 2023թ նորից ընդունվել է պայմանագրային զինծառայող։ Մասնակցել է քառօրյա և 44 օրյա պատերազմներին և արժանացել է բազմաթիվ շնորհակալական նամակների,պատվոգրերի և անբասիր 1 աստիճանի և Ծովակալ Իսակով մեդալների։ Զոհվել է սեպտեմբերի 19-ին` Մարտակերտի շրջանի Սրխավենդ բնակավայրի դիրքերում։ Մեր համատեղ կյանքի բոլոր պահերը հիշում եմ։ Երկու երեխա ունենք՝ — էսպես գրեք”, — ասում է։
Երեխաներին ճիշտն է ասել՝ հայրիկը զոհվել է, հայրիկը հերոս է։
Իսկ երբ խնդրում եմ բնութագրել կապուտաչյա, գեղեցկադեմ լեյտենանտ Գրիգորի Կարապետյանին՝ Գիշոյին, ինչպես հարազատներն են ասում, կրկնում է այն, ինչ լսել եմ հազարավոր սևազգեստ կանանցից․ «Շատ լավ ամուսին, հոգատար հայր”։
Ընտանիքը Գիշոյի մասին տեղեկություն չի ունեցել 4 օր։ Սեպտեմբերի 20-ին առավոտյան ասել են, որ գյուղը տարհանում են։ Տեղափոխվեցին Ստեփանակերտ, ամեն ինչ թողելով տանը։ Հույս ունեին, որ հետ են գնալու։ Ամուսնու մեդալներից երկուսը Դիանան գցեց պայուսակի մեջ, միայն այդ երկու մեդալը կարողացավ փրկել, բերել Հայաստան։
«Միայն երեխաներին ենք կարողացել հանել։ Ամուսնուս քրոջ ամուսինն է մեզ հանել։ Մեքենայի մեջ բենզին չկար, պաժառնիի ավտոյից 2 լիտր բենզին լցրեցինք, եկանք, հասանք «զապրավկա”, մեր գյուղի ներքևի մասում։ Չանի նման մեծ բոչկեք էին բենզինով։ Հանեցինք մի հինգ-վեց լիտր, եկանք քաղաք ու այդտեղ ավտոն կանգնեց։ Ստեփանակերտում մնացինք մինչև 25-ը”։ Պատմում են, որ Գրիգորի Կարապետյանին և նրա ընկերոջը, նաև այլ զինվորականների 707 դիրք օգնության են կանչել այնտեղ մարտնչող տղաները։ Բայց երբ նրանք տեղ են հասել, այնտեղ արդեն միայն թուրքեր են եղել։ Մերձամարտը կարճ է տեւել։ Տղաները ընկել են հակառակորդի կրակոցներից։
Դիանան պատմում է, որ Գիշոն որոշել էր դուրս գալ բանակից ու արդեն այլ գործ էր փնտրում, բայց կռիվը սկսվեց ու իրեն կանչեցին։ «Ոչ ոք չգիտեր, որ էս կռիվը սկսվելու է։ Եթե ծախված էր Ղարաբաղը, լավ չէ՞ր, միանգամից տային, քան էսքան մարդու սպանեի՞ն», — հարց է տալիս լեյտենանտի երիտասարդ կինը։
Սա ընտանիքի տառապանքների սկիզբն էր։ Հարազատներից մեկը վիրավորում ստացավ բենզինի պայթյունի օրը։ Մի մանկահասակ երեխա էլ ընտանիքից հանկարծամահ եղավ արդեն Հայաստանում։
6 հոգանոց ընտանիքն ապրում է Լճաշեն գյուղում։ Երևանից ոչ հեռու։ Ոչ ոք չի աշխատում։ «Քամի է, ձյուն, այստեղ էնքան ցուրտ է։ Մի կերպ յոլա ենք գնում», — ասում է Դիանան։ Նա անընդհատ Եռաբլուրի ճանապարհին է։ «Երբ որ պետության աջակցության փողերը նտում են, անմիջապես վերցնում ենք, գնում ենք Եռաբլուր»”։
Գրիգորի Կարապետյանի փաստաթղթերը նա և Գրիգորիի եղբայրը՝ Լեռնիկ Կարապետյանը, արագ հավաքել են և հանձնել են ՊՆ։ “Եղբայրս զինվորական էր։ Նրա ընտանիքը իրավունք ունի զոհվածների հիմնադրամից աջակցություն ստանալ։ Մեզ ասել են, որ կտան, մեզ հասնում է։ Ասել են՝ բոլորի թղթերը պետք է հավաքենք, բոլորը միասին ողարկեն հիմնադրամ, գումարների հարցը քննարկեն”։
Ասում եմ՝ արցախցիները պետք է հետ գնան Արցախ, դուք կգնա՞ք։ Forrights.am-ի հարցին Դիանան պատասխանում է՝ երբեք։ «Հետ գնանք, ի՞նչ անենք, ասեմ՝ եկել եմ, ի՞նչ, ինձ ոչ իրենց եղածն ա պետք, ոչ մեր ապրուստը։ Ի՞նչ դրել ենք, չենք վայելել, թող իրենք վայելեն, ի՞նչ ասեմ։ Նորից զրոյից ստեղծել չեմ ուզում։ Մնացածին որ նայես, մենք լավ ենք։ Ես գոհ եմ։ Լավից, վատից տեղավորվել եմ։ Ոչ մեկից, ոչ մի բան չեմ ուզում։ Գրեք, որ զինվորական է եղել, որ իրա ընտանիքը նորմալ ապրում է։ Լավ չ՞ի»։
Սյուզան Սիմոնյան