Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է 24 տարի զինված ուժերում ծառայած, բազմաթիվ ռազմական գործողությունների միջով անցած զինվորականին Եռաբլուր պանթեոնում տեղ հատկացնել հուղարկավորելու համար։ Զինվորականը Գրիգորի Սահակյանն է, հակաօդային պաշտպանության զորքերի ավագ ենթասպա։ Ավելի վաղ Forrights.am-ը գրել էր Սահակյանի մասիննա զոհվել է Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի ժամանակ և հոկտեմբերից մինչև հիմա նրա մարմինը դիահերձարանում է։ Ընտանիքը մշտական բնակության վայր չունի, պարբերաբար գյուղից գյուղ, տնից տուն է տեղափոխվում, և Գրիգորիին հուղարկավորելու տեղ չկա։

Forrights.am-ը հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարությանը՝ հետաքրքրվելու արդյոք հնարավոր չէ Գրիգորի Սահակյանին հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում։

ՊՆ-ից ստացված գրավոր պատասխանի համաձայն, Եռաբլուր պանթեոնում, ըստ ՊՆ համապատասխան հրամանի, կարող են հուղարկավորվել․

1․ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողները, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը կամավոր հիմունքներով մասնակցած անձինք

2․Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության կամ զինված ուժերի կայացման գործում անմիջական մասնակցություն ունեցած անձինք։

3․Պետության, անվտանգության ապահովան, բանակաշինության գործում մեծ ավանդ ունեցած, նշանակալի ծառայություններ մատուցած անձինք, այդ թվում՝ պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, հանրային ծառայության մեջ գտնված անձինք։

«Քաղաքացի Ա․ Ասրյանի որդին՝ սեպտեմբերի 25-ին բենզինի պայթյունից զոհված Գ․ Սահակյանը, մահվան օրվադրությամբ զինծառայող չի հանդիսացել և հիմք ընդունելով Պաշտպանության նախարարի վերոնշյալ հրամանի պահանջները՝ Ա․ Ասրյանի խնդրանքը մերժվել է», -պատասխանել են մեզ ՊՆ-ից։

«Մշտական ապրելու տեղ չունենք, ո՞ւր տանեմ երեխուս, ո՞ւր տանեմ․․․»,- ՊՆ-ի հերթական մերժման մասին իմանալուց հետո ասում է Գրիգորիի մայրը՝ Անժելա Ասրյանը։ 68-ամյա կինը հույս ուներ, որ խնդիրը մեր կողմից բարձրացնելուց ու մեր հարցումից հետո Պաշտպանության նախարարությունը ընդառաջ կգնա ու երկու տասնամյակից ավելի զինված ուժերում ծառայած որդուն տեղ կհատկացնի Եռաբլուրում;

Սահակյանների բազմանդամ ընտանիքը (14 հոգի) ապրում էր Արարատի մարզի Այգեստան գյուղում։ Սակայն տանտերը պահանջել է ազատել բնակարանը, և նրանք մանկահասակ երեխաների հետ ստիպված են եղել օրերս տեղափոխվել։ Գրիգորիի 5 անչափահաս երեխաներն ու ընտանիքի մյուս անդամները այժմ հաստատվել են Մասիսում։

Տիկին Անժելայի կրտսեր որդին՝ Սասուն Սահակյանը ևս այս պահին Հայաստանում գերեզման չունի։ Նա զոհվել է 44-օրյա պատերազմում, հուղարկավորվել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում, սակայն բռնի տեղահանման հետևանքով մայրը կարողացել է իր հետ բերել միայն Սասունի շիրմաքարը։

Սահակյանների ընտանիքին պատուհասած ողբերգությունը թույլ չի տվել ամանորյա տրամադրություն ունենալ։ Անժելա Ասրյանն ասում է՝ այս օրերին միակ ցանկությունն էր գոնե որդիների նոր տարին շնորհավորել նրանց շիրիմներին, բայց չստացվեց․ «Սև նոր տարի էղավ»։

Նախորդող հրապարակումներ- «Քարսիրտ են»․ մայրը խնդրում է որդիներին հուղարկավորել Եռաբլուրում, մերժում են, նույնիսիկ շիրմաքարն է Արցախից բերել

«Կրակի միջից մարդիկ էին դուրս գալիս, վազում էի՝ տեսնեմ միգուցե եղբայրս ա, բայց չկար»․ Սահակյանների ընտանիքի պատմությունը


Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest