Փոքրիկ սրվակով հողը դրված է Հայոյի լուսանկարների կողքին․ այսպես են կինն ու մտերիմները դիմում Հայաստան Պետրոսյանին։ Այդ սրվակում այն հողն է, որի համար կյանքը չխնայեց Հայաստանը։
«Այս հողը բերել եմ Եղբայրական գերեզմանոցից, ամուսնուս գերեզմանի հողն է։ Վերջին օրը վերցրեցի»,-Forrights.am-ի հետ զրույցում այս խոսքերը Հայաստանի կինը մեծ դժվարությամբ է արտաբերում։
Հայաստանը զոհվեց Արցախում։ Սեպտեմբերի 19-ին պաշտպանում էր Մարտակերտի շրջանում գտնվող Նարշտար կոչվող դիրքերը։ Հայաստանը 33 տարեկան դարձավ 2023 թվականի նոյեմբերին, կինն ասում է՝ այս պայմաններում լավագույն նվերը կլիներ այն, որ ամուսնու դին հնարավոր լիներ Արցախից տեղափոխել Հայաստան։ Նման փորձեր եղել են, բայց ադրբեջանական կողմը ձախողել է։
Հայաստանի կինը՝ 29-ամյա Քրիստինան, ամուսնու շիրիմին վերջին անգամ այցելել է Արցախից բռնի տեղահանվելու օրը սեպտեմբերի 24-ին, իսկ խոսելու հնարավորություն միայն սեպտեմբերի 19-ի է եղել՝ մի քանի րոպեով։
«Վերջին անգամ իր հետ խոսել եմ պատերազմից կես ժամ առաջ, ասացի, որ այստեղ խուճապ կա, հանգստացրեց՝ ասաց մի վախեցեք, ոչ մի բան էլ չկա։ Խոսելուց մի քիչ անցավ լսեցի կրակոցների ձայնը, երեխաներին վերցրեցի, գնացքին նկուղ։ Դրանից հետո էլ չկարողացա հետը խոսել, կապ չկար, ամբողջ գիշեր անհանգիստ էի, զարմանում էի, թե ինչու ինքը չի զանգում»,-Քրիստինան և ընտանիքի մյուս անդամները փորձել են ամբողջ գիշեր Հայաստանից տեղեկություն ստանալ։
Քրիստինայի հայրն է փորձել գնալ զորամասից տեղեկություններ իմանալու Հայաստանի մասին, սակայն, թույլ չեն տվել, ասել են, որ փողոցներում չպայթած արկեր կան, վտանգավոր են։ «Հայրս առավոտյան իմացավ, որ ինքը վիրավոր ամբողջ գիշեր հիվանդանոցում է եղել, բայց մեզ հետ որևէ մեկը կապի դուրս չի եկել։ Սեպտեմբերի 20-ին գնացի հիվանդանոց, անգիտակից վիճակում էր, իրեն, որ պալատում տեսա, ուրախացա, մտածեցի, որ վիճակը թեթև է, այդ վիճակից դուրս կգա, երկու ժամ անց՝ ուշքի չգալով մահացավ։ Պարզվեց, որ այդ երկու ժամն իր կյանքի վերջին պահերն էին»,- ասաց կինը նշելով, որ ամուսինը գլխի շրջանում բեկորային վնասվածքներ էր ստացել։
Կինն ասում է, որ ամուսինը հունիսին էր երկրորդ կյանք ստացել՝ գլխի շրջանում ստացած մեկ այլ վնասվածքից։
Հայաստանը Ստեփանակերտի Ցորի զորամասում էր ծառայում։ 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայում էր Ասկերանի զորամասում, հետո տեղափոխվել էր Ստեփանակերտ։
Ընտանիքի անդամները նրան վերջին անգամ սեպտեմբերի 9-ին են տեսել։ Հայաստանը դիրքերից իջել էր սեպտեմբերի 5-ին, սակայն, համար մեկ են տվել և սեպտեմբերի 9-ին կրկին դիրքեր է բարձրացել։ «Հացի հերթում կանգնած էի այդ օրը, զանգեց ասաց՝ արագ գնա տուն, վեշերս դիր, բարձրանում եմ դիրքեր, համար մեկ է։ Գնաց էլ հետ չեկավ»։
Քրիստինային հանգիստ չի տալիս այն միտքը, որ ամուսինը մնացել է օկուպացված Արցախում։
«Մեզ չէին ասել, որ այնտեղ չպետք է հուղարկավորեինք, երկու քարի արանքում էինք՝ չգիտեինք, հուղարկավորեի՞նք, թե՞՝ոչ։ Ամսի 21-ին ասացին՝ պետք է տանեք, ամսի 22-ին հուղարկավորեցինք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում։ Ամսի 24-ին Արցախից դուրս եկանք՝ իրեն թողնելով այնտեղ»,-անբացատրելի ցավ զգալով նշում է կինը։
Պատմում է, որ ամուսինը ծանր կյանք է ունեցել, առանց ծնողների մեծացել։ Հայաստանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում, եղբայրը զոհվել է ականազերծման աշխատանքներն իրականացնելիս։ «Երեքն էլ զոհվել են նույն վայրում՝ Մարտակերտի շրջանում, երեքն էլ 33 տարեկանում են զոհվել, մայրն էլ հիվանդության պատճառով է մահացել։ Հիմա իրենցից մնացել է միայն մեկ քույր»։
Մարդիկ Հակարիի կամուրջն անցնելուց հետո տարբեր տեղեկություններ են տարածել, Քրիստինեն ասում է այն ապրումները, որ ունեցել են սեպտեմբերի 19-ից հետո՝ դաժանություն էր։ «Վախից ամուսնուս լուսանկարներն ուղարկեցի բարեկամուհուս, որ հեռախոսիցս ջնջեմ, որ Հակարին անցնելուց մի բան չգտնեն, երեխաները կարողանանք անվտանգ անցնել։ Մի կողմից սա, մյուս կողմից այն միտքը, որ իրեն թողնում են այնտեղ, ես գալիս, չգիտեմ․․․»։
Քրիստինան այժմ միայնակ է մեծացնում երեք անչափահաս տղաներին։ 29-ամյա կինն աջակցության կարիք ունի։ Մի կողմից սոցիալական խնդիրներն են, մյուս կողմից հոգեբանական ծանր ապրումները, որոնց միջով անցնում են Քրիստինեի և Հայաստանի որդիները։ «Մեկն ասում է՝ պետք է մեծանամ զինվոր դառնամ, մյուսն ասում է՝ գնալու եմ թուքերին սպանեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։