20-ամյա զինծառայող Սամվել Հարությունյանը սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման զոհերից մեկն է՝ Մարտակերտում, Մատաղիսի դիրքերի պահպանության ժամանակ։ Մեկուկես տարվա զինծառայող էր։

«Հարձակման օրը Հոռաթաղում աշխատում էի, կապ չկար, մեկ էլ լսում եմ՝ բոմբ։ Կրակում էին։ Հազիվ հասնում եմ տուն ու ասում են՝ խոխան զոհվել ա։ Քրոջս խոխան էլ էր հետը, երկուսով զոհվել են», -ասում է Սամվելի մայրը՝ Զարիկ Հարությունյանը։

57-ամյա Զարիկն ասում է՝ երբեք չէին մտածել, որ «էդ ձևի կռիվ» կլինի ու Արցախի վրա հարձակում կսկսվի։ Խուճապի մեջ, ասում է, Հոռաթաղից Մարտակերտ տասնյակ կիլոմետրերը վազելով է կտրել-անցել։

Վերջին անգամ Սամվելի հետ երբ հեռախոսով խոսել է, որդին ասել է՝ «մամա, թուրքի հետ երես-երեսի ենք»։

Սամվելը նրա կրտսեր որդին է, ասում է՝ շատ կապված էին մայր ու որդի։ Ամուսնալուծությունից հետո իր կողքին մնացած որդուն ու դստերը՝ Սամվելին ու Անգինին մայրը դժվարությամբ է մեծացրել։

«Մորքուրիս տղեն գոռացել, գոչել ա՝ փրկեք, չեմ կարողանում, եղբայրս էլ վազել ա, որ փրկի մորքուրիս տղուն։ Էդ ժամանակ են զոհվել երկուսն էլ» ,-ասում է Սամվելի քույրը՝ 22-ամյա Անգինը։

Մարտակերտից փախուստը, Զարիկի խոսքով, սարսափով էր ու ծանր։ Ասում է՝ մարդիկ, ովքեր մեքենա են ունեցել, կարողացել են հեշտությամբ դուրս գալ, իսկ նրանք, ովքեր ոտքով պետք է հեռանային, երկնքից թափվող արկերի կրակահերթից պաշտպանվելու համար մտել են տնից տուն, պատսպարվել նկուղներում։

«Վարչակազմի շենքը պադվալ ուներ, մտել ենք ընդեղ, կային մարդիկ, որ հենց ըտեղ էլ զոհվել են։ Օրինակ, մի տատիկ կար, 10  տարեկան երեխու հետ մնացել էր տան մեջ, ըտեղ էլ զոհվեցին։ Ահավոր էր շատ։ Դրմբոնում էլ էր ահավոր, թուրքերը ավտոներն էի ստուգում, մարդիկ կային, որ դակումենտները թողել էին ավտոների մեջ ու փախել։ Վախից», -մղձավանջն է վերհիշում Զարիկը։

Մարտակերտից բռնի տեղահանման ճանապարհին թուրքեր հանդիպել են իրենց․ «Թուրքեր շատ հանդիպեցին, բայց բան չարեցին մեզ։ Մեր ղեկավարն ասել էր՝ որ թուրքը խոսի, ոչ մի բան չխոսիք։ Եթե խոսեինք, հարձակվելու էին։ Ասել էր՝ վայեննի շորեր չլինեն, զենքեր չլինեն, որ թուրքը չտենա։ Տենց էլ էղավ, ոչ մի բան չխոսեցինք։ Էդ ծանր ճանապարհը վախը ստներումս անցանք։ Մեր մարտակերտցի մի աղջիկ էլ ճանապարհին երեխա ունեցավ»։

Որդու՝ Սամվելի մարմինը տեղափոխել են Ստեփանակերտի դիահերձարան, որտեղից էլ՝ Երևան։ «Ստեփանակերտի դիահերձարանում մեզ հարցրին՝ թողնում եք ստե՞ղ, թե տեղափոխում եք Հայաստան։ Ասեցինք՝ կտեղափոխենք Հայաստան։ Դիահերձարանում շատերն էին ուզում տեղափոխել Հայաստան, հասկանում էինք՝ ճիշտը էդ էր», -պատմում է Անգինը։

Հայաստանում արդեն մի քանի դիահերձարաններում փնտրտուքից, այնուհետև ԴՆԹ անալիզների հանձնումից հետո հոկտեմբերի 5-ին Սամվելի մարմինը փոխանցում են հարազատներին։ Զարիկը որդուն հուղարկավորել է Եռաբլուր պանթեոնում։

Բռնի տեղահանման հետևանքով Անգինը Հայաստան տեղափոխվել է 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող ամուսնու, մանկահասակ երկու երեխաների, 82-ամյա սկեսուրի, ամուսնու եղբոր ու մոր՝ Զարիկի հետ։ Եղբոր կորստի ծանր ցավը սրտում, երիտասարդ կինը սոցիալական տարբեր հարցեր է փորձում լուծել՝ տեղահանման սկզբնական օրերին ապրում էին Էջմիածնում, այժմ ստիպված են եղել տեղափոխվել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղ, քանի որ հենց այստեղ են կարողացել վարձով տուն գտնել։

Արցախում ստիպված են եղել թողնել շատ հարազատների շիրիմներ․ «Լիքը գերեզմաններ ենք թողել Մարտակերտում»։

Գեղադիրում տունը, որտեղ ապրում է բազմանդամ ընտանիքը, մեծ չի, սենյակները նեղ են, լուսավոր։ Վարձակալության գումարը 120 հազար դրամ է։ Սկզբնական շրջանում փորձում են խնայողություն անել, ջեռուցման համակարգը քիչ-քիչ են միացնում, մինչև կարողանան աշխատանք գտնել, գումար վաստակել։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից եղբոր մահվան համար միանվագ գումարը դեռ չեն ստացել։

«Չենք կարում համակերպվել․ մի կողմից զոհված եղբայրս, մյուս կողմից էս պայմանները ․․․ եսիմ», -ասում է Անգինը։

Մինչ կփորձեն հարմարվել նոր պայմաններին ու մարտահրավերներին, Զարիկը որդու կորստի ցավը մեղմում է նրա ժպտացող լուսանկարի առաջ արտասվելով։ Հայաստանից հեռանալու մասին էլ լսել չի ուզում․ «Խոխես ստեղ ա, ո՞ւր գնամ»։

Հասմիկ Համբարձումյան

Լուսանկարները՝ Անգինի անձնական արխիվից

Մանրամասները՝ տեսանյութում 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest