Արցախից բռնի տեղահանված Շուշանիկ Մինասյանն ադրբեջանական հարձակման ժամանակ մնացել է փլատակների տակ, մարմնական վնասվածքներ է ստացել։ Մի կերպ փրկված կինն այդ ժամանակ եղել է աշխատավայրում, գործընկերների օգնությամբ է դուրս եկել փլատակների տակից։ Նա հիմա ընտանիքի հետ բնակվում է սահմանամերձ Կոռնիձոր գյուղում։ Իսկ այստե՞ղ իրենց ապահով զգում են, հետաքրքրվում եմ Շուշանիկից։
«Անվտանգ ոչ մի տեղ հիմա չկա, լինի դա Ամերիկայում, Ռուսաստանում, թե Հայաստանի կենտրոնում, անվտանգություն չկա, մենք սովոր ենք սահմանում ապրել։ Մեր չորս կողմը թշնամին էր, բայց մենք մի բռունցք դարձած մնում էինք այնտեղ, ես չեմ վախեցել սահմանամերձ բնակավայրում ապրելուց»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է նա։
Շուշանիկը բռնի տեղահանվել է անչափահս տղայի և տարեց ծնողների հետ։ Ասում է՝ Ստեփանակերտից երկու օրում են հասնել Սյունիք․ «սոված ճանապարհ ենք եկել, քանի որ 9 ամիս է՝ Արցախում սնունդ չկար»,-ասում է նա և այսքանով սահմանափակում նյութական խնդիրների մասին խոսքը, առավել ողբերգական նա համարում է Արցախի հայաթափումն ու այն, ինչին ականատես է եղել։
«Ճանապարհներին մարդիկ շատ էին, իրար հերթ չէին տալիս, սաղ վախեցած էին, հայրենիքից այնպես էին հեռանում, որ կարծես թե, եթե մի վայրկյան ավել մնայիր քո համար վտանգավոր էր լինելու։ 9 ամիս պայքարեցինք, որ մնանք մեր հողում, բայց ապարդյուն, արդյոք սա հաղթանակ էր։ Մենք սրան պատրաստ չէինք, մենք մեր հրապարակներում հաղթանակներ էինք ուզում տոնել, բայց հիմա այնտեղ թշնամու երգերն է հնչում»,-ասում է նա և նշում՝ իր տունը մեծ ցավով է թողել ու իր կամքին հակառակ եկել այստեղ։
«Չգիտեի՝ Հակարիի կամուրջն անցնելուց փրկվելու եմ, թե՝ ոչ, բայց դուրս գալուց առաջ տները հավաքեցի, մաքրեցի, բանալին կախեցի գազի վինտիլից, տան դուռը համբուրեցի ու եկանք»։
Դստեր խոսքը մայրն է շարունակում։ «Աշխարհքը փուլ եկավ գլխներիս, պադվալի մեջից չէին կարողանում դուրս գալ, որովհետեև առավոտից երեկո կրակում էին ու կրակում։ Ստեփանակերտում ահագին շենքեր են ցրիվ եկել։ Աղջիկս զինծառայող էր, խփել էին այդ շենքին, ինքը հայտնվել էր փլատակների տակ, մի կերպ են դուրս հանել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Նելլա Ասրյանը։
«Մեր Արցախը հանձնել են թուրքերին։ Ո՞ւմ մեղադրեմ, Փաշինյանի՞ն, Արայիկի՞ն, չգիտեմ, բոլորն են մեղավոր, 30 տարի պայքարեցինք, որ այսպես լինի»,-ասում է 65-ամյա կինն ու հիշում, թե ինչպես ստիպված եղավ հայրենիքը լքել ավտոմեքենայի թափքում երկու օր անցկացնելով։
«Մի փոքր ավտոյի կուզով բարձրացանք, ես թոռս, աղջիկս, ամուսինս, հարևանիս տղան՝ իր կնոջ ու երեխաների հետ։ Մի հատ պալատկա էինք գցել կուզովի վրա, որ չթրջվենք, շնչելու տեղ չկար։ Կամուրջն անցանք շունչ քաշեցի, որ ողջ ենք մնացել»,-ասաց նա։
Արդեն երեք ամիս է՝ բռնի Հայաստան տեղափոխվելուց հետո, ընտանիքն ապրում է տիկին Նելլայի քրոջ տանը, Կառնիձորում։ tուն չեն կարողանում վարձակալել, դուստրն աշխատանք է փնտրում, պետության աջակցությունը բավարար չէ ընտանիքին ապրելու համար։
«Սահմանին մոտիկ է, ոնց իրենք են ապրում, այդպես էլ՝ մենք»,-ասում է տիկին Նելլան։
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։