Քննչական կոմիտեն արցախահայության էթնիկ զտումների վերաբերյալ վարույթ է նախաձեռնել, բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում, «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։ ՊԲ-ն տվել է 244 վիրավոր, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 10 անչափահաս։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են»,- ասել է քննչական կոմիտեի նախագահը։

Հարկադիր տեղահանության ժամանակ  ճանապարհին մահացել է շուրջ 70 ղարաբաղցի բնակիչ:

Քննչական կոմիտեն փաստեր ունի նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով 32 քաղաքացու հարկադիր անհետացման վերաբերյալ։ Այս տեղեկությունը ներկայացվել է միջազգային կառույցներին, որոնցից 22-ի համար կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը միջանկյալ միջոցներ կիրառելու մասին, սակայն Ադրբեջանը հերքում է այդ անձանց անհետացման փաստը։

Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով կան դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ։

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կորած, կա 3 չնույնականացված դի։ 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հարցին՝ պարզվե՞լ են պայթյունի հանգամանքները, պատճառները, Քյարամյանը նշել է․

«Այս վարույթը քննում ենք այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից, որովհետև մարդիկ հարյուրներով, հազարներով, առանց մեկը մյուսին հերթ տալու, գնացել, վառելիք են փորձել ձեռք բերել․ սա վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են եղել։

Քյարամյանը նաև նշել է, թե ՊԲ-ն պահեստը հանձնել է Արցախի իշխանություններին, զոհերի թվում կան նաև ոստիկանության սպաներ։ ՔԿ նախագահի խոսքով՝ պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest