Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, «Ազատության» հետ զրույցում պնդել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։
Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:
«Արդեն իսկ այդ հրամանագրով մենք կարող ենք համարել, որ պարոն Շահրամանյանը չեղարկել է իր սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024 -ից հետո շարունակելու են իրենց գործունեությունը»,- ասել է նա:
– Արդյոք սա նշանակում է, որ Արցախը լուծարելու մասին սեպտեմբերի 28-ի իր հրամանագիրը չեղարկելու վերաբերյալ նոր հրամանագիր Սամվել Շահրամանյանն այլևս չի ստորագրի։ Չսպասե՞լ նոր հրամանագիր։
– Ո՛չ, սպասելու կարիք չկա։ Քանի որ Արցախը լուծարելու որոշումը եղել է ոչ իրավաչափ և դրանից հետո ընդունվել է հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024-ից հետո լինելու է։
– Իրավական խնդիրներ չե՞ն լինելու, դուք այս հարցը քննարկե՞լ եք իրավաբանների հետ։
– Իհարկե այդ ամենը քննարկվել է։ Մենք կարող ենք համարել, որ այլևս սեպտեմբերի 28-ի հրամանագիրը գոյություն չունի։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: