Արցախից բռնի տեղահանված 4-ամյա փոքրիկը դեռ հիշում է իր տունը, որը Ճարտարում են թողել.
«Ինքն անընդհատ օրեր է հաշվում` հինգ օր մնաց, որ գնանք Ճարտար, ասում է` գիտե՞ս, ընկեր Վանեսսա, թուրքերն այնտեղ չեն, այսքան օրից գնալու են, մենք հետ ենք գնալու չէ՞։ Այդ տարիքի երեխաներին ավելի շատ հետաքրքրում են խաղերը, խաղալիքները, շփվում են մեկը մյուսի հետ, այս երեխայի մոտ ադապտացիոն շրջանն այդքան հարթ չի դեռ»,-պատմում է Երևանի թիվ 97 մսուր-մանկապարտեզի հոգեբան Վանեսսա Սարգսյանն, ով նույնպես Արցախից տեղահանված անձ է։
Երեխան անընդհատ խոսում է Ճարտարի իրենց տան մասին, պատմում, թե ինչ կենդանիներ ունեին, ասում, որ ուզում է տանը մնալ ու չի ուզում մանկապարտեզ գալ։ Բացի սա, խնդիր կա նաև արցախյան բարբառի մասով, երբ երեխաները կամ դաստիարակը չեն հասկանում երեխային, որը նրան մեկուսացնում է մյուսներից։
«Բալիկներից մեկը ծնողին ասել է` ինձ չեն սիրում մանկապարտեզում, բայց այստեղ խոսքը ոչ թե վատ վերաբերմունքի մասին է, այլ այն, որ չեն հասկանում իր լեզուն։ Մեր՝ Արցախից լինելը շատ է օգնում. իրենց հետ մեր բարբառով խոսելն ապահովության զգացում է տալիս»,-նշում է հոգեբանը։
Երեխայի հետ հավելյալ աշխատանք տարվում է, բայց, քանի որ նա նոր է մանկապարտեզում, փորձում են խմբից շատ հեռու չպահել։ Մանկապարտեզում կա ևս մեկ երեխա, ով 2020թ.-ին` 44-օրյա պատերազմի ժամանակ տեղահանվել է Հադրութից ու մեկնել Ռուսաստան` նորից պատերազմ։ Այժմ երեխան խոսքի և հոգեբանական որոշ խնդիրներ ունի։
Հոկտեմբերից մինչ օրս մանկապարտեզում 12 արցախցի երեխա կա։ Նույն մանկապարտեզի հոգեբան Ինա Պետրոսյանը ևս Արցախից է տեղահանվել։ Երևանում տուն վարձակալելուց հետո 3-ամյա դստերն անմիջապես մանկապարտեզ է տարել, ինքն էլ՝ աշխատանքի ընդունվել։ Պատմում է` մեծ սթրեսից հետո երեխան կարիք ուներ խաղալու, բայց խաղալիքներ չուներ, լավագույն տարբերակը մանկապարտեզն էր, ինքն էլ` որպես հոգեբան սկզբնական շրջանից ականատես է եղել երեխաների վարքային փոփոխություններին։ Նրա խոսքով` փոքրիկներ կան` մինչ այսօր դժվար են խոսում, չեն ուզում շփվել հասակակիցների հետ, խմբում իրենք նստում են, միասին ճաշում, քնում են, բայց դեռևս իրենց համար պարզ չէ, թե որտեղ են, նոր սոցիումի մեջ ով են:
«Անընդհատ վախերի մեջ են։ Մենք անհատապես աշխատում ենք։ Երբ սկսում են խոսել, պարզվում է, որ տպավորված են, նույնիսկ երբ աթոռների բարձր ձայն է գալիս կամ ինչ-որ աղմուկ, երեխաների վարքագիծը միանգամից փոխվում է, իրենք լարվում են, իրենց մեջ դեռ վախը կա։ Արտթերապիայի ժամանակ շատ տղա երեխաներ տանկեր են նկարում, ուզում են զինվոր լինել։ Կոնկրետ իմ աղջիկն էլ ամեն ինչ տեսել է։ Մեր տանը նույնիսկ չենք խոսել, որ թուրքը կրակում է, մենք ասել ենք` մեծ փուչիկներ են, պայթում են, այդ ձայներն է, բայց, միևնույն է, ինքը եզրակացրել է, որ դա թուրքն է եղել, թուրքը վատն է»,-պատմում է Ինան։
Արտթերապիայի ժամանակ երեխաներից մեկը տանկ է նկարել (1-ին նկար), մեկ այլ երեխա՝ իր տունն՝ Արցախում (2-րդ նկար)
Վարքային հատուկ շեղումներ չունեն երեխաները, հոգեբանի խոսքով` ադապտացիայի շրջանը հաղթահարում են արդեն։ Ծնողների հետ աշխատանքներ ևս տանում են, քանի որ ծնողներն այժմ շոկի փուլում են, և կարևոր է երեխա-ծնող համատեղ խորհրդատվությունը։
«Ընտանիքը, ծնողը պետք է երեխայի հետ անկեղծ լինի, շատ կարևոր է, որ չստի, որովհետև երեխաներն անընդհատ նույն հարցը տալիս են, և ծնողներին թվում է, թե հինգ օր անց երեխան կմոռանա, բայց դա իր համար սթրես է։ Կարևոր է ծնողի հանգիստ վիճակը, հուզական կայունությունը, որը երեխային է փոխանցվում», — նշում է Վանեսսա Սարգսյանը։
Ինան ասում է, որ թեև ինքը հոգեբան է, բայց բոլորի նման շոկային փուլում է, որովհետև տեսնելու բան չէր այն, ինչ կատարվեց։ Այսպիսի հոգեվիճակում է նաև Արցախից բռնի տեղահանված Մելինե Հայրապետյանը։ Նա ծնող է, ում 7-ամյա երեխան հաճախում է Երևանի Մուրացանի անվան 18-րդ հիմնական դպրոց։ Հոկտեմբերին՝ 36 ժամ ճանապարհ անցնելուց հետո, բնակություն են հաստատել Երևանում։ Երեխան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է մայրաքաղաքում։ Արցախ վերադառնալուց հետո՝ երբ բլոկադայի մեջ էր ընտանիքը, աղջիկը ցանկություն է հայտնել Երևան վերադառնալ, որտեղ «ամեն ինչ լավ է»։ Այս հանգամանքն է օգնել երեխային համեմատաբար հեշտ ինտեգրվել միջավայր, չնայած նրան, որ թե՛ ծնողի, թե՛ երեխայի մոտ բարդույթներ կան, որոնք մինչ օրս չեն հաղթահարվել։
«Մի օր ծնողների հետ դպրոցի բակում երեխաներին էինք սպասում, ինքնաթիռ անցավ, որի ձայնը շատ բարձր էր։ Ես անհանգստացա, լարվեցի, ծնողները փորձում էին հանգստացնել ինձ, որ ամեն ինչ կարգին է։ Դպրոցից դուրս եկան երեխաները, բոլորը շատ հանգիստ էին, իսկ իմ աղջիկը հարցրեց, թե այդ ի՞նչ ձայն էր։ Գիշերը՝ հրավառությունների ժամին իմ երեխաները սովորաբար քնած են լինում, երբ հրավառություն է լինում դրսում, իրենք պարտադիր արթնանում են, ստուգում, որ ամեն ինչ կարգին է, ու նոր հանգիստ քնում։ Աղջիկս չի թաքցնում հույզերը, արտահայտվում է, որոշ դեպքերում էմոցիոնալ է»,-պատմում է Մելինեն։
ԿԳՄՍ նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան նշում է, որ դպրոցները համագործակցում են ուսումնական հաստատությունը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հետ՝ աշխատանքներում ակտիվորեն ներգրավելով նաև դպրոցական հոգեբաններին։ Ըստ անհրաժեշտության `երեխաներին հոգեբանական աջակցություն փաստացի տրամադրում են ՏՄԱԿ-ները։
ForRights.am-ը զրուցել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանի հետ, ում խոսքով`Կարմիր Խաչի կողմից մշակված «Օգնենք օգնողներին» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են դպրոցների ուսուցիչները, ՏՄԱԿ մասնագետները` զինվելու և ստանալու այնպիսի գործիքներ, որոնցով ուսուցիչը հնարավորություն կունենա ճանաչել երեխայի հոգեբանական վիճակը դասարանում, կարողանա արագ արձագանքել և ճիշտ ուղղորդում ցուցաբերել, եթե երեխան ունի հավելյալ հոգեբանի կարիք։
Եթե կա երեխա, ում հետ առաջնային աշխատանքից հետո պարզ է դարձել, որ նա ունի շարունակական աջակցության կարիք նաև դա է գնահատվում և երեխաները ստանում են այդ շարունակական աջակցությունը։ Հոգեբան Վանեսսա Սարգսյանի խոսքով՝ ՏՄԱԿ այցեր մանկապարտեզում ևս լինում են, իսկ հոգեբանական աջակցության տրամադրման համար նախ գնահատվում է երեխայի վարքագիծը, այնուհետև ծնողի համաձայնությամբ տրամադրվում է հոգեբանական աջակցությունը։
Մնացականյանի խոսքով՝ ՏՄԱ կենտրոնների կողմից մոտ 700-800 երեխա արդեն ստացել է, և մինչև 1000 երեխա շարունակում է ստանալ հոգեբանամանկավարժական աջակցություն։
«Հիմնականում վախի հետ են աշխատանք տարել մասնագետները, մնացած խնդիրները բխել են դրանից՝ լարվածությունը, ինքնամփոփությունը, դպրոց չգնալու ցանկությունը և այլն։ Իհարկե, կան խնդիրներ, որոնց մասին երեխաները չեն էլ արտահայտվում , բայց դրանց արտահայտումը տեղ է գտնում նյարդային համակարգի տարբեր դրսևորումներով, օրինակ երեխան կարող է ունենալ գլխապտույտներ, փսխում, փորացավ և այլն։ Դրա համար ենք կարևորում, որ ուսուցիչները կարողանան նմանատիպ դրսևորումների դեպքում հասկանալ՝ երեխան ինչ վիճակում է, և ճիշտ ուղղորդում ցուցաբերել։ Այժմ բավականին ինտեգրվել են։ Մեր մասնագետները աշխատանք են իրականացրել և՛ երեխաների, և՛ դասարանի հետ»,-նշում է տնօրենը։
ԿԳՄՍ տվյալով՝ ներկայում Արցախի բնակչության բռնի տեղահանման արդյունքում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ընդգրկված է շուրջ 17.000 սովորող /Երևան՝ 5437, Արագածոտն՝ 771, Արարատ՝ 2228, Արմավիր՝ 1417, Գեղարքունիք՝ 801, Լոռի՝ 1027, Կոտայք՝ 3049, Շիրակ՝ 684, Սյունիք՝ 667, Վայոց ձոր՝ 301, Տավուշ՝ 541/։
Առողջապահության նախարարությունից էլ մեր հարցմանն ի պատասխան նշում են, որ նախարարության կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ձևավորվել են մանկաբուժական մոբիլ թիմեր։ Թիմերի կողմից երեխաների բնակության մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման կազմակերպության (ԱԱՊ) ներկայացուցչի հետ համատեղ կազմակերպվել է ԱԱՊ կազմակերպությունում գրանցման գործընթացը, ինչը նախապայման է պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար։
«Մոբիլ թիմերի այցերի ընթացքում իրականացվել է շուրջ 1385 երեխայի խորհրդատվություն, զննում և ուղղորդում։ Երեխաների ընտանիքներին տրամադրվել է խորհրդատվություն սնուցման, բժշկական օգնության դիմելու կարգի ու գործընթացի կազմակերպման վերաբերյալ և այլն», — ասում է ԱՆ Գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանը։
Այնուամենայնիվ, ՄԻՊ Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանի խոսքով՝ ՄԻՊ-ն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, որոնց արդյունքում արձանագրվել են երեխաների և նրանց ընտանիքի անդամների հոգեբանական և առողջական վիճակի, սոցիալական ներառման, կացարանի, սնունդի, տաք հագուստի և հիգիենայի, կրթության իրավունքի իրացման, երեխաների աջակցության կենտրոններում և հաստատություններում աշխատողների հմտությունների կատարելագործման վերաբերյալ խնդիրներ, որոնք հասցեագրվել են իրավասու պետական մարմիններին։
«Նախատեսվում է իրականացնել խորքային ուսումնասիրություն տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում, որի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարկվի»,-նշում են օմբուդսմենի գրասենյակից։
Քնարիկ Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: