Օրերս  ՀԱԿ նախկին անդամ Տիգրան Առաքելյանի գործով  առաջին դատական նիստն էր։ Քննարկվում էր խափանման միջոց կալանքը։ Դատախազները դեմ էին, որ այն  փոխվի։ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ Առաքելյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով։

Տիգրան Առաքելյանն արեն հինգ ամիս է, ինչ կալանքի տակ է։ Տեսակցությունները նրա հետ արգելված են։ Տիգրան Առաքելյանի առողջական, հոգեբանական վիճակի մասին նրա կինը ոչինչ չգիտի։ «Տիգրանին միայն փաստաբանն է տեսնում», — ասում է նա։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, նա մեղադրվում է այն բանի համար, որ մասնակցել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ, արտերկրում գտնվող բլոգեր Վարդան Ղուկասյանի՝ Դոգի կողմից ստեղծված խմբի կազմում գույքի շորթում կատարելու դիտավորությամբ, մի շարք անձանցից շորթում է կատարել նրանց մասին արատավորող, տեղեկություններ հրապարկելու սպառնալիքի տակ։  Այս դրվագը վերաբերում է 2015 թվականին։ «Բացի այդ, նա հանցավոր կազմակերպության կազմում, տեղեկություններ և միջոցներ է տրամադրել ՙՙԴՈԳ՚՚ մականվամբ Վարդան Ղուկասյանին և դատավորի օրինական ծառայողական գործունեության հետ կապված վերջինիս վերաբերյալ արատավորող, նրա իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ է հրապարակել համացանցի «telegram» հավելվածում» / ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 10-րդ կետերով (Շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ խոշոր չափով) եւ 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (Դատավորի, դատախազի․․․ վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելը/:

Վարդան Ղուկասյանը և Տիգրան Առաքելյանը ուղիղ եթերի միջոցով հերքել են մեղադրանքը։

Փաստաբան Հովիկ Արսենյանը, որը պաշտպանում է Առաքելյանի շահերը, վստահեցնում է՝ նրա մեղադրանքի հիմքերը թույլ են, բայց դատախազությունը չի ցանկանում ոչ մի կերպ հրաժարվել կալանքից։

«Ես միջնորդեցի, որ եւ տնային կալանք կիրառեն, և միաժամանակ գրավ։Պատկերացնում եք՝ երկուսը միասին։ Բայց դրան էլ չգնաց Դավիթ Բալայանը։ Դատախազությունը պնդում էր, որ մեծ ռիսկ կա, որ Տիգրան Առաքելյանը կարող է կատարել  նոր հանցագործություն։  Այս գործում այնպիսի հանգամանքներ կան, որ ես նույնիսկ նախորդ իշխանությունների ժամանակ նման բաներ չեն նկատել։ Նկատելի է, որ ցուցում լինի, որ այն անձինք, ովքեր առնչություն ունեն Դոգի հետ, պետք է պատժվեն։ Այստեղ իրավաբանությունը ուժ չունի», — ասաց Հովիկ Արսենյանը։

Մեր տեղեկություններով՝ ՔԿ-ն կասկածում է, որ Տիգրան Առաքելյանը, որն ընկերական հարաբերություններ ունի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ամուսնու հետ եւ անձամբ ճանաչում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, նրանց միջոցով տեղեկություններ է հայթայթում եւ փոխանցում Դոգին։

Այս գործին զուգահեռ քննվում է Առաքելյանին խոշտանգելու վերաբերյալ վարույթը։  Խոշտանգումների մասին նա բարձրաձայնել էր հունիսի 22-ին, ֆեյսբուքյան «լայվի»  միջոցով, պտնդելով, որ 11 ժամ էլեկտրաշոկով կտտանքների է ենթարկվել Երեւանի քննչական վարչության պետ Ազատ Գեւորգյանի եւ անձամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից, նրանք ջուր են լցրել իր վրա,  այրել են մարմինը,  հարվածներ են հասցրել այնպես, որ կապտուկներ չառաջանան, դատաբժշկի ուղեգիր չեն տվել, պարտակել են արյունոտ շորերը, հայհոյել ու սպառնացել են, որ ընտանիքով իրեն կվերացնեն։

Խոշտանգման վերաբերյալ որեւէ պաշտոնական հերքում չի եղել։ Ըստ Հովիկ Արսենյանի, խոշտանգումները գործը, որը քննում է ԱԱԾ-ն, խորը քնած է դարակներում, իսկ քննչական մարմինների միջև հանցավոր համաձայնություն կա։

«Ըստ Տիգրան Առաքելյանի ցուցմունքների, քննիչները առգրավել են նրա հագուստը, որով ինքը եղել է խոշտանգումների ժամանակ և ՁՊՎ են ուղարկել այլ, փոխված հագուստով։ Ես ԱԱԾ քննիչից պահանջեցի, որ տրամադրեն բակում տեղադրված  տեսագրող սարքի տեսագրությունները, որոնք առգրավվել են քննիչի կողմից հենց առաջին խուզարկության ժամանակ։ Նայում եմ, որ այս գործի մեջ դա նրանց պետք էլ չէր, բայց տարել են։ Ես պահանջում եմ, որ  մեզ տրամադրեն այդ տեսաերիզը, որից կերևա, որ խուզարկության ժամանակ, որ իրեն տարել են, այլ հագուստով է եղել։ Դա ապացույց է։ ինձ պատասխանեցին, որ դեռ չենք զզնել դա։ Երբ որ զննենք, կուղարկենք։ Ինչու՞պետք է զննեն նկարահանումը։ Այնպես են անելու, որ խոտանեն այդ տեսագրությունը ու մեզ այդպես էլ չեն ներկայացնելու։ Այսպիսի վիճակ է»։

Ինչ փուլում է վարույթը, առերեսումներ արե՞լ են։ «Ոչ։ Առերեսումներ են եղել ինչ-որ երկրորդական քննիչների հետ, բայց ոչ խոշտանգողների։ Հինգ գործ կա հարուցած խոշտանգումներով, այս նույն մարդկանց կողմից, բայց կողպեքը քցել են վրան, դրել մի կողմ», — ասում է Հովիկ Արսենյանը։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest