«Լավ չի լինելու, լավ մնացեք, երեխաներին լավ կնայեք, այստեղ վիճակը շատ վատ է»,-սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակումից ժամեր առաջ թշնամու զորքերի կուտակումը տեսնելուց հետո Գևորգ Ավանեսյանը զանգահարել է տուն և ընտանիքի անդամներին հրաժեշտ տվել։
Որդու վերջին խոսքերը Forrights.am-ի հետ զրույցում վերհիշում է մայրը՝ Նելլա Ավանեսյանը։ 44 ամյա Գևորգը պայմանագրային ծառայության էր անցել 44-օրյա պատերազմին մասնակցելուց հետո։ Հադրութից էր։ Մինչ այդ զբաղվում էր հողագործությամբ, 2020 թվականի պատերազմից հետո, երբ Հադրութն անցել էր թշնամուն, Գևորգն ընտանիքի հետ տեղափոխվել էր Ստեփանակերտ։ Ծառայում էր Ցորի զորամասում։ Պատերազմի օրը եղել է Շուշիից քիչ հեռավորության վրա գտնվող դիրքերում։
«Իմ տղան տրակտորիստ էր, կոմբայնավար, ամեն գործ էլ անում էր, որ Հադրութը վերցրեցին եկանք Ստեփանակերտ։ Ապրիլյան պատերազմին մասնակցել է, 44-օրյա պատերազմին մասնակցել է։ Երեք տարի է՝ ծառայում էր, այս կռվում բախտը չբերեց, չփրկվեց»,-ասում է 63-ամյա մայրը։
Գևորգին ընտանիքի անդամները վերջին անգամ տեսել են սեպտեմբերի 15-ին։ «Գնաց պոստի, զոհվեց, էլ չտեսարանք իրեն։ Կռիվը, որ սկսվեց էլ չկարողացանք հետը խոսել, իրեն էլ ման էինք գալիս, չէինք գտնում»,- մոր խոսքով՝ երկար բանակցել են, որպեսզի թշնամին թույլ տա անցել իրեն վերահսկողոթւյան տակ անցած Գևորգի դիրք, որպեսզի մարմինը կարողնան դուրս բերել։ Ստեփանակերտում ստեղծված իրավիճակն էլ ավելի է բարդացրել Գևորգին փնտրելու աշխատանքերը։
«Շատ վատ կրակոցներ էին, շատ վատ, լույս չկար, մեքենա չկար, գազ չկար։ Մեզ ասացին, որ վիրավոր է, բենզին չկար, որ գնայինք հիվանդանոցներ։ Հարսս գնաց հիվանդանոցներով ման եկավ, չկար, մորգերը ման եկանք, հետո պարզվեց, որ կռվի դաշտից չեն բերել։ Երկու օր ման ենք եկել»,-պատմեց մայրը․ «Իմ տունը հիմա Եռաբլուրն է, շուտ-շուտ գնում եմ Եռաբլուր»,-ասում է մայրը։
Որդուն փնտրելու նպատակով զորմաս է գնացել հայրը՝ 67-ամյա Գենիկ Ավանեսյանը։ Այնտեղ տարեց արցախցուն ուղիղ ասել են՝ որդիդ չկա։ «Գնացի հրամանատարի մոտ, ասաց՝ Ձեր տղան էլ չկա, եկա թոռանս ասացի՝ պապադ էլ չկա»,-ասում է Գենիկ Ավանեսյանը։ Նա դժվարությամբ է արտաբերում այն բառերը, որ որդին էլ չկա։
«Առաջին սնայրադը իրեն է խփել, կողքն է ընկել»,-զորմասում այս տեղեկությունն են միայն փոխանցել որդուն փնտրող հորը։
Գևորգ Ավանեսյանը երեք երեխա ունի՝ երկուսն անչափահաս, կինն առողջական խնդիրներ ունի, նա ընդհնարապես չի կարողանում խոսքեր գտնել ամուսնու կորստյան վշտի մասին խոսելու համար։ Ընտանիքը սոցիալական ծանր կացության մեջ է։ Երևանում մի փոքրիկ սենյակ են վարձել, որի համար 220 հազար դրամ են վճարում, սակայն այն չի բավարարում վեց հոգանոց ընտանիքի համար։ Ընտանիքն օգնության կարիք ունի, սակայն, Գևորգի կորստյան վշտի կողքին մյուս խնդիրներն անտեսում են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։