Գլխավոր դատախազությունը տեղեկացրել են, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Դեռևս նախաքննության վաղ փուլում Յ.Գ.-ի կողմից պետությանը պատճառված վնասը վերականգնվել է:
Գործի դատական քննության փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, Յ.Գ.-ի պաշտպանի կողմից միջնորդություն էր ներկայացվել արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ:
Յ.Գ.-ն, միանալով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, հայտարարել է, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքի հետ:
Քրեական գործով արագացված վարույթի ընթացքում պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Յ.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականին ընդունված օրենքի հիմքով դադարեցնելու վերաբերյալ:
Դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և ոչ արդարացնող հիմքով, այն է՝ համաներմամբ, դադարեցրել է Յ.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը):
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Մասնավորապես՝ 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յ.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յ.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով՝ Յ.Գ.-ին շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յ.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով՝ Յ.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:
Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յ.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:
Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յ.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև յուրաքանչյուր ամիս, իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը՝ դրանցում ներառելով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յ.Գ.-ի տվյալները:
Արդյունքում՝ վերը նշված ժամանակահատվածում, Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (Յ.Գ.-ն ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները):
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: