Սեղանի վրա այսօր կա այսպես կոչված խաղաղության պայմանագիր, իմ տեղեկություններով բավական առաջ է գնացել և  մոտ է ստորագրման: Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Այդ փաստաթղթում նախկինում կար մի կետ, եթե չեմ սխալվում 9-րդ կետը, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի իրավունքների, անկախության հարցերի մասին, այդ կետն այսօր հանված է այդ պայմանագրից, գոյություն չունի, ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա և եթե այս բովանդակութամբ է ստորագրվում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջը: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջերս ասաց, որ հայերը պետք է մոռանան Արցախի մասին: Ես կարծում եմ, որ դա անհնար պահանջ է, հայ ժողովուրդը երբեք չի կարող մեռանա Արցախի մասին: Արցախի մոռացում նշանակում է մոռանալ մեր անցյալը, մեր պատմությունը մեր ողջ մշակութային ժառանգությունը: Արցախը մենք չենք կարող մոռանալ, որովհետեւ Արցախը հայկական հող է: Արցախը երբեք անկախ ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարիներին Արցախը եղել է փաստացի քաղաքական միավոր: Պահանջել,որ հայ  ժողովուրդը մոռանա Արցախը, դա ուղղակի անհնար է»,- ասել է նա:

Նրա խոսքով, խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան, և այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը․ «Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը նրանք ստորագրում են ոչ թե Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, այլ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ, հայ ժողովուրդը չի կարող մոռանա Արցախը»։ Նախկին պաշտոնյան ընդգծում է՝  Արցախի ժողովրդի վերադարձն իրենց տներ պետք է մաս կազմի այս պայմանագրին, եթե իրոք այն խաղաղության պայմանագիր է:

Այդուհանդերձ, նրա ներկայացմամբ, այսօր իշխանությունները ունեն այդ վերջին հնարավորությունը՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մեջ:

«Դա հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի նվազագույն իրավունքն է և դրա տերն ու տիրականը պետք է լինի ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարությունը պարտավոր է այսօր այդ հարցին տեր կանգնել եւ միակ պայմանը այս կետի ներառումն է, 9-րդ կետը պետք է վերադարձնել պայմանագրի մեջ, որ Արցախի ժողովուրդը միջազգային երաշխիքներով պետք է վերադառնա: Այ դա իսկապես կարող է ինչ-որ առումով խաղաղություն բերել մեր երկու ժողովուրդներին»:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest